Ո՞ւմ շուրջը պետք է համախմբվի ժողովուրդը
«Մենք ունենք անվերահսկելի, ինքնասիրահարված, վայելող մի իշխանություն, որի համար ժողովրդավարությունը, մարդու իրավունքների հանդեպ հարգանքը, օրինականությունը կեղծ կատեգորիաներ են»: Այսպիսի դիտարկում անելուց հետո, բնականաբար, Վազգեն Մանուկյանը բացասական պատասխան պետք է տար սեփական հարցին, թե կարո՞ղ է այդպիսի իշխանությունը սահմանադրական բարեփոխումներ իրականացնել, փոխել պետության անցնելիք ճանապարհն ու նոր ճանապարհով գնալ. «Բարեփոխումը նախատեսվում է կամ ճանապարհը փոխելու, կամ իշխանությունը պահելու համարՙ մեզ մոտ անում են երկրորդը»: Ըստ Մանուկյանի, էական չէՙ Ռոբերտ Քոչարյանը կլինի, Լիսկան, Հովիկ Աբրահամյանը, Սերժ Սարգսյանը թե Անդրանիկ Մանուկյանը, մեկ էՙ կառավարման միեւնույն ձեւն է, միեւնույն իշխանությունը, որ չունի ապագա եւ ժամանակին չհամապատասխանող իշխանություն է»:
Նախագիծը լա՞վն է, թե՞ վատը
«Ես չեմ կարող պնդել, թե բոլոր փոփոխությունները վատն են, կան ե՛ւ այնպիսիք, ե՛ւ այնպիսիք, սակայն նախագիծը հիմնավորապես չի փոխում մեր երկրի ճանապարհը, այլ միայն երբեմն բարդացնում է իշխանությունների խնդիրները, երբեմն հեշտացնում: Ասել, թե այսինչ կետն այնինչ կետից լավն է, դա կլինի մեծ հաշվով իշխանության ծրագրած մեծ խաղի եւ խաբեության մասնակիցը դառնալ»:
Գնա՞լ հանրաքվեի
ԱԺՄ-ն քննարկել է եւ հանգել այն եզրակացության, որ «ոչ» ասելը ճիշտ չէ, դա կնշանակի կարծիք հայտնել այդ փաստաթղթի վերաբերյալ: Բացի այդՙ շատ դժվար կլինի վերահսկելը, թե գնացած մարդկանցից ո՞վ է ասել «ոչ»ՙ բոլոր տեսակի ընտրություններում իշխանությունների թուղթ փոխելու հմտությունը հաշվի առնելով: Իսկ հանրաքվեի բոյկոտն ավելի հեշտ է վերահսկել. այն թիվը, որ իշխանություններն են ասում, այդքան մարդ էլ չի գնա, համոզված է Մանուկյանը: Նա առաջարկում է ակտիվ բոյկոտելՙ «ակտիվ»-ը, այսինքնՙ տեխնոլոգիաները հետո մանրամասնել խոստանալով: Բայց եթե «Արդարություն» դաշինքն այլ որոշում կայացնիՙ ԱԺՄ-ն կընտրի այդ որոշումը, քանի որ դաշինքում միասնությունը նրանց համար արժեք է:
«Հանրաքվեն կեղծելու դեպքում ապստամբություն պետք է բարձրացնելՙ բավական եղավ կեղծիքներով երկիր առաջ տանել», ասում է Մանուկյանը: Ժողովուրդը պետք է ստեղծի միասնական ճակատՙ լայն միավորների ընդգրկմամբ եւ երկրում ձեւավորի մի այնպիսի իրավիճակ, որ այլեւս անհնար դառնա նախկին գործելակերպը: Այդպիսով Մանուկյանը «ոչ»-ի դեպքում տեսնում է կամ իշխանափոխություն, կամ այնպիսի իրավիճակ, որի դեմ իշխանությունը դառնա անզոր, եւ ազատ ընտրությունները դառնան իշխանափոխության պատճառ:
Իսկ թե ո՞ւմ, ո՞ր առաջնորդների շուրջը պետք է միավորվի ժողովուրդըՙ Մանուկյանը դա առաջնային չի համարում, պայքարը կառաջադրի առաջնորդներ:
ԱԺ վերադառնա՞լ, թե՞ չվերադառնալ
Ըստ Մանուկյանի, բոյկոտը սպառել է իրեն եւ դաշինքում նա պնդելու է, որ ճիշտն ԱԺ վերադառնալն էՙ անկախ նրանից, կարողանո՞ւմ են որոշումների վրա ազդել, թե՞ ոչ:
Խորհուրդներ ՀՅԴ-ին եւ «Օրինաց երկրին»
Մանուկյանը կոչ արեց ՀՅԴ-ին եւ «Օրինաց երկրին»ՙ մանդատները վայր դնել եւ դուրս գալ կոալիցիայից. «Դաշնակցությունը մտածում է, որ իրականացվող քաղաքականությունն ազգայի՞ն է, թե՞ «Օրինաց երկիրն» է կարծումՙ Հայաստանն օրինաց է: Ինչքան շուտ դուրս գան եւ միանան ժողովրդինՙ իրենց համար ավելի լավ, միասին փորձելով փոխել այս պետությունը, կառավարման ձեւը»:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ