Արձագանքելով Վազգեն Մանուկյանի այն խոսքին, թե թող ՀՅԴ-ն եւ «Օրինաց երկիրը» վայր դնեն մանդատները, ՀՅԴ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանն ասաց. «Այն քաղաքական ուժը, որ ժամանակին ներկայացնում էր Վազգեն Մանուկյանը, ես նկատի ունեմ ԱԺՄ-ն, որը, ցավոք սրտի, դրանից հետո պառակտվեց, երկար ժամանակ եղել է մեր դաշնակիցը, եւ մենք ամեն ինչ արել ենք, որ այդ ուժի լիդերը դառնա այս երկրի նախագահ: Ինչ-ինչ պատճառներով դա չի հաջողվել: Դա չի նշանակում, որ քաղաքական պայքարում բարեփոխումները հնարավոր են միայն մեկ պարտնյորի հետ: Մենք ընտրում ենք մեր ճանապարհը, որի մասին բազմիցս բացատրություններ տվել ենք, այդ ճանապարհին մեզ հետ կգնան հանրապետականը, թե՞ Վազգեն Մանուկյանըՙ դա կախված է նրանց որոշումից: Մենք մեր ճանապարհով գնում ենքՙ տեսնելով, որ այս պայմաններում ա՛յս պարտնյորների հետ պետք է փորձել երկիրը բարեփոխել: Եվ ես ձեզ ասեմ, որ եթե սահմանադրության բարեփոխումների գործընթացին նայենք, դա փակուղային ճանապարհ չէ, այդ ճանապարհի վրա հաջողություններ եւ նվաճումներ հնարավոր են: Այնքան չէ գուցե, որքան կուզեինք, բայց ավելի լավ է, քան դոփել տեղում»:
Մ. Խ.