Վստահեցնում է «Մշակույթի աջակցման եւ ռազմավարության հայկական կենտրոնը»
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Մեր երկրի համար սահմանադրական փոփոխությունների վտանգավորությունը, «Մշակույթի աջակցման եւ ռազմավարության հայկական կենտրոնի» համանախագահների կարծիքով, առկա է փաստաթղթի համարյա բոլոր դրույթներում: Օգոստոսի 26-ին վտանգի կանխարգելման նպատակով կենտրոնի համանախագահներ Արմեն Հովհաննիսյանը, Սիմոն Կամսարականը եւ Արմեն Աթայանը գրավոր դիմել են Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին ազգային անվտանգության խորհրդի արտահերթ, ընդլայնված նիստ հրավիրելու առաջարկով: Նիստում արդյունավետ քննարկման նպատակով պատրաստակամություն են հայտնել նախապես մասնակիցներին 150 էջ համապատասխան ուսումնասիրություն ներկայացնելու: Ի պատասխան ստացել են ընդամենը խուսագրություն (օտպիսկա): Կենտրոնի համանախագահների երեկ «Ազդակ» ակումբում հրավիրած ասուլիսի նպատակը արդեն այդ իրողությունից բխող գնահատական-հայտարարությունը ներկայացնելն էր: Դրանում մասնավորապես ասված է. «ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի արտահերթ նիստ չհրավիրելը գնահատում ենք որպես ՀՀ գործադիրի եւ օրենսդիրի, ինչպես եւ կոալիցիայի կուսակցությունների հանցագործ համաձայնության գործունեություն ընդդեմ մեր երկրի եւ ժողովրդի, ընդդեմ Հայաստանի անկախության հռչակագրիՙ հայոց պատմությանն ու պետականությանը: ՀՀ Ազգային Ժողովի կողմից սահմանադրության փոփոխությունների սույն նախագիծը հանրաքվեի դնելու որոշումը համարում ենք ծանրագույն հանցագործություն, այն էՙ ազգային-պետական դավաճանություն»:
Ասուլիսի բանախոսների գնահատականով, այդքան գովերգված իշխանության երեք թեւերի հավասարակշռումը փոփոխությունների նախագծում իրականացված է զուտ կոռուպցիոն շահի բաժանման հարցում թերացում չունենալու համար, այլապես միջիշխանական անհամաձայնությունը անխուսափելի կլիներ: Այս նախագծում, բանախոսների գնահատականով, իսպառ բացակայում է կրթամշակութային ոլորտը, իսկ «ՀՀ-ում եկեղեցին անջատ է պետությունից» դրույթը չեզոքացնում է բարոյահոգեբանական ոլորտը: Մինչդեռ պետության խնդիրն է հասարակության կյանքի բնականոն ընթացքն ապահովել բոլոր ոլորտներում:
Մշակույթի աջակցման եւ ռազմավարության կենտրոնի համանախագահներն ընդգծեցին երկրի ապագան չվտանգելու, այն էՙ սահմանադրության փոփոխությունների նախագծի ընդունման դեպքում անխուսափելի վտանգը հանրությանը ներկայացնելու հարցում լրատվամիջոցների ճիշտ աշխատանքի կարեւորությունը: Դա, Արմեն Հովհաննիսյանի կարծիքով, ամենաազդեցիկ գործոնն է այսօր. «Ռնգեղջրախտով հիվանդ մարդիկ, ում կաշին այնքան հաստ է, որ ոչնչով չի խոցվում, կարող է ազդվեն զանգվածային լրատվամիջոցների միասնական ու անաչառ աշխատանքից»: «Եթերում եւ տպագիր մամուլի էջերում ներկայացվում է մշակույթի այն գործիչների կարծիքը, ովքեր անտեղյակ լինելով հանդերձ ընդհանրական արտահայտություններով գովերգում են նախագիծը: Մինչդեռ քիչ չեն նրանք, ովքեր ուսումնասիրել եւ ռեալ գնահատական ունեն, բայց ըստ էության չեզոքացվում են»: Եթե իշխանությունները պնդում են, թե սահմանադրության փոփոխությունները փորձություն են Հայաստանի համար, ընդդիմությունը դրանք գնահատում է գործող իշխանության սեփական իշխանավարումը հնարավորինս երկարաձգելու փորձ, ապա «Մշակույթի աջակցման եւ ռազմավարության հայկական կենտրոնի» ներկայացուցիչները հավատացնում են, որ դրանք սպառնում են երկրի եւ ժողովրդի ապագային: Սակայն, ի տարբերություն ընդդիմության եւ իշխանությունների, իրենց գնահատականը կարողանում են հիմնավորել: