«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#160, 2005-09-08 | #161, 2005-09-09 | #162, 2005-09-10


ՕՄԱՆՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՐՈՆԶԵԴԱՐՅԱՆ ՆԱՎԻ ՆՄԱՆԱԿԸ ԴԻՄԱՑԱՎ ԸՆԴԱՄԵՆԸ ՄԻ ՔԱՆԻ ԺԱՄ

Բրոնզեդարյան նավերի նմանությամբ Օմանի սուլթանությունում նոր կառուցված մակույկը Հնդկաստան մեկնելուց ընդամենը մի քանի ժամ անց շրջվել է: Էմիրություններում լույս տեսնող «Գալֆ նյուզ» թերթի տվյալներով, անհաջող մեկնարկի պատճառը եղել է մակույկի իրանի վրա գոյացած ճեղքը:

«Մագան» անունը կրող մակույկի անձնակազմի 8 անդամների մեջ, օմանցիներից բացի, կան ամերիկացի, իտալացի, ավստրալացի նավագնացներ եւ հնդիկ հնագետ: Աղետյալ մակույկի անձնակազմին փրկել է օմանյան մի ռազմանավ:

Մասնագետները կարծում են, որ Մագանի առեղծվածային քաղաքակրթությունը ծնունդ է առել 5000 տարի առաջ, ներկայիս Օմանի տարածքում: Միջագետքյան սեպագիր սալիկներում Մագանը հիշատակվում է որպես պղնձով, բանջարեղենով եւ եղեգնով հարուստ երկիր:

1990-ական թթ. Օմանի արեւելքում հայտնաբերվել էին հնօրյա նավի բեկորներ: Հնագետների կարծիքով, արդեն բրոնզի դարում Արաբական ծովի ափերին մարդիկ կառուցել են հեռագնա նավեր:

«Մագանի» անձնակազմը մտադրվել էր երկու շաբաթում Օմանի արեւելյան ափից հասնել Գուջարաթի նահանգի (Հնդկաստան) Մանդվի քաղաքՙ ընդսմին կողմնորոշվելով միայն աստղերով եւ քամու ուղղությամբ: ՌԻԱ գործակալության տվյալներով, ներկայումս մասնագետները փորձում են վերացնել «Մագանի» անսարքությունները, որպեսզի մակույկը շարունակի իր ուղին:

Ուրեմն պետք է իմանալ մեր «Կիլիկիա» նավի իսկական արժեքը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4