«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#160, 2005-09-08 | #161, 2005-09-09 | #162, 2005-09-10


ԲՈՒՀԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆՈՐ ԿԱՐԳՈՒՄ ԿԱՆ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Դժգոհում են ԵՊՀ գիտխորհուրդը եւ ֆակուլտետները

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ

Երեւանի պետական համալսարանի գիտական խորհրդի գնահատմամբ, բուհերի կառավարման նոր կարգը հակասում է թե՛ Հայաստանի օրենսդրությանը, թե՛ գիտակրթական գործունեության համաեվրոպական սկզբունքներին, եւ անհնար է դառնում այդ կարգի կիրառումը: «Համալսարանը երբեք չի հրաժարվել օրենքով սահմանված պարտադիր պայմանները կատարելուց, սակայն այս կարգի մեջ մենք արձանագրել ենք լուրջ մտահոգություններ, առաջացրած բազմաթիվ հակասություններ կապված քաղաքացիական օրենսգրքի, մեր մասնագիտական գործունեությունը կարգավորող կրթության օրենքի, ինչպես նաեւ պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին օրենքի դրույթների հետ», ասում է համալսարանի գիտքարտուղար, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Սերգեյ Առաքելյանը:

Կառավարության հաստատած բուհերի կառավարման նոր կարգը 2005 թվականի սեպտեմբերի 5-ին քննարկվել է համալսարանի գիտական խորհրդի նիստում եւ որոշվել է հանդիպման հրավիրել Երեւանի պետական համալսարանի հիմնադիր ներկայացուցչինՙ Հայաստանի Հանրապետության վարչապետին, նոր կարգում տեղ գտած հակասությունները միասին քննարկելու համար: Գիտխորհրդի նիստին ներկա է եղել 80 անդամներից 66-ը, բոլորը կողմ են եղել համալսարանի ընդունած որոշմանը:

Գիտխորհրդի քարտուղարին զարմացնում է, որ կառավարությունն այդպիսի որոշում է կայացրել առանց շահագրգիռ կողմերին նախապես տեղեկացնելու եւ նախագիծը քննարկելու հնարավորություն տալու:

«Մեզ պաշտոնապես տեղեկացրել են սույն թվի օգոստոսի 5-ին, խնդրելով համապատասխանեցնել մեր կանոնադրությանը: Զարմանալի է, որ բուհերի կառավարման նոր կարգ է ընդունվում կրթության նախարարի այս տարվա գարնանը ստորագրած Բոլոնյան հռչակագրից հետո, մինչդեռ բոլոնյան գործընթացի կարեւորագույն քայլերից մեկը հենց բուհերի ինքնուրույն գործունեությունն է, իսկ առաջարկվող կարգը լրջորեն ոտնահարում է բուհերի ինքնավարությունը: Պետական իշխանությունը չպետք է թուլացնի դրանց ինքնուրույնությունը, մանավանդ եթե բռնել է համաեվրոպական սկզբունքներին հետեւելու ուղին: Պետական որոշակի վերահսկողություն, իհարկե, պետք է լինի, բայց դա բնավ չի նշանակում, որ պետք է միջամտել գիտահետազոտական աշխատանքներին, ուսումնական գործընթացի կազմակերպմանը եւ այլն: Ըստ շրջանառվող խոսակցությունների, շատերն այդ կարգը կապում են ռեկտորների փոփոխության հետ: Այս հարցն, իհարկե, կա, բայց ամենագլխավորը չէ: Հարցին պետք է նայել այն տեսանկյունից, որ այդ կարգով ձեւավորված խորհուրդը համարվում է բուհի կառավարման բարձրագույն մարմին, որը պետք է որոշի բուհի զարգացման հետագա ուղղությունները: Իսկ սա նշանակում է, որ բուհի գործունեության վերաբերյալ որոշումներ կարող են կայացնել համալսարանի հետ ընդհանրապես կապ չունեցող մարդիկ: Գոնե ինձ համար սա անհասկանալի է», ասում է գիտքարտուղարը:

Նրա կարծիքով, լուրջ խնդիր կա խորհրդի ձեւավորման հարցումՙ նոր կարգը անհավասարություն է ստեղծում խորհրդի անդամների համարՙ համալսարանականներն ընտրվում են, իսկ հիմնադրի եւ լիազոր մարմնի ներկայացուցիչներըՙ նշանակվում: Օրենքին հակասում է նաեւ այն դրույթը, որ խորհրդի կազմի հաստատումը վերապահվում է վարչապետին: «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների օրենքի համաձայն պետական կազմակերպության հիմնադիր է համարվում Հայաստանի Հանրապետությունը, ի դեմս վարչապետի, իսկ կառավորւթյունն ու վարչապետը նույնը չեն, կառավարությունը կոլեգիալ մարմին է», նշում է Առաքելյանը:

Գիտությունն ու կրթությունը, ըստ նրա, չպետք է ենթարկվեն կտրուկ փոփոխությունների, բացասական հետեւանքներից բացի դրանք այլ բան չեն խոստանում: Լուրջ դժգոհություններ են սկսվել նաեւ համալսարանի ֆակուլտետներում, մտահոգված են նաեւ ուսանողները:

Իսկ ի՞նչ են ասում կրթության նախարարության մասնագետները: Բուհերի վարչության գլխավոր մասնագետներից մեկի կարծիքով, բուհերի կառավարման նոր կարգում որեւէ հակասություն չկա, այն նախապես քննարկվել է բոլոր բուհերում, շահագրգիռ բոլոր անձանց մասնակցությամբ: Նրա խոսքով, «սա կառավարության որոշումն է, հետեւաբար բոլորը պարտավոր են կատարել»:

Իսկ համալսարանում դեռ սպասում են վարչապետի պատասխանինՙ հուսալով, որ հանդիպումն ու քննարկումը անպայման կկայանան:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4