Տեղեկացնում է մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետը
Երեւանում մեծ թափով շարունակվող կառուցապատման աշխատանքների եւ ապագայում նախատեսված ծրագրերի առնչությամբ առաջացած մի շարք մտահոգությունների կապակցությամբ հարցազրույցի հրավիրեցինք մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանին:
- Պրն Դանիելյան, մամուլում եւ մասնավորապես մեր թերթում հաճախակի մտահոգություն է հայտնվել, որ կառուցապատման հետեւանքով պատմամշակութային արժեք ներկայացնող շենքերը համարակալվում են, քանդվում եւ հայտնի չէ, թե դրանց հետագա ճակատագիրն ի՞նչ է լինելու:
- Հավանաբար տեղյակ եք, որ անցյալ տարի ճշտվեց հուշարձանների ցանկը, եւ ըստ այդ ցանկի Երեւանում գտնվող հուշարձանները բաժանվեցին երկու կարգի: Դրանց մի մասը այն հուշարձաններն են, որոնք պետք է մնան իրենց տեղում, իսկ մյուս ցուցակում գտնվող հուշարձան կառույցներն անհրաժեշտության դեպքում թույլատրված է տեղափոխել: Բնականաբար, նման խնդիրներ, մանավանդ կառուցապատման տակ գտնվող տարածքներում, ծագում են եւ հուշարձանը տեղափոխելիս, օրենքի պահանջի համաձայն, պետք է ասենք, թե ուր ենք տեղափոխելու: Առանց դրա շենքը ապամոնտաժելու թույլտվությունը չի տրվում: Այս մտահոգությունների առնչությամբ երկար մտածել եւ ուսումնասիրել ենք բոլոր հնարավոր տարբերակները, կանգ ենք առել մի հատվածի վրա, ուր պետք է տեղափոխվեն այդ շենքերը, եւ ստեղծվի հին Երեւանին բնորոշ պատմաճարտարապետական միջավայր: Այդ նպատակով առանձնացրել ենք Գլխավոր պողոտայի այն հատվածը, որը գտնվում է ներկայիս «Սիլ պլազա» հանրախանութի հետեւումՙ սահմանափակված Բուզանդի, Արամի եւ Եզնիկ Կողբացու փողոցներով:
- Ե՞րբ է դա որոշվել:
- Մի քանի օր առաջ եղել է քաղաքապետի որոշումը: Կառուցապատման նախագծային առաջարկը շուտով կքննարկվի քաղաքաշինական խորհրդում: Սա նույնպես կոչվում է վերակառուցում, երբ տեղաշարժում ենք հուշարձանը, բայց պահպանում իր բոլոր արժանիքներով:
- Դրանք որպես ի՞նչ շենքեր են պահպանվելուՙ բնակելի, թե՞ հասարակական նշանակության:
- Այդ ամբողջ հատվածը պետք է լինի հասարակական սպասարկման միջավայր, որտեղ կլինեն հասարակական սպասարկման տարբեր օբյեկտներՙ ցուցասրահներ, արհեստանոցներ: Գուցե այստեղ լինի հուշարձանների պահպանության գործակալությունը, այնտեղ շենք ունի «Փոքրիկ երգիչների» երգչախումբը: Այսինքն, դա կդառնա հին Երեւանի ավանդույթներն ու կերպարը զբոսաշրջիկներին ցույց տվող միջավայր: Այնտեղ բնակելիներ չեն լինելու: Սակայն դա իրականացվելու է որպես միասնական ծրագիր: Այնպես չի լինելու, որ հիմա մեկ կամ երեք շենք ենք տեղափոխելու, իսկ մի քանի տարի հետոՙ եւս մի քանիսը: Միասնական կառուցապատման ծրագրի մրցույթը շահողը պետք է իմանա, որ դա լինելու է որոշակի ժամանակահատվածում, ենթադրենք 3-4 տարում իրականացվելիք ծրագիր: Ավելացնեմ, որ այստեղ իրենց տեղը կգտնեն 19 հուշարձան շենքեր: Այդ համալիրը փաստորեն կլինի Գլխավոր պողոտայի շարունակությունը: Բնականաբար, այստեղ նույնպես պետք է լինի ներդրման նպատակահարմարություն եւ այդ պատճառով, բացի իմ նշած ցուցասրահներից եւ արհեստանոցներից, պետք է լինեն նաեւ խանութներ, սրճարաններ եւ այլն: Նախատեսվում է նաեւ, որ կունենանք ստորգետնյա հատված, քանի որ այդ շենքերի նկուղներն էլ բավականին հետաքրքրական են եւ պատմամշակութային արժեք են ներկայացնում: Ստորգետնյա հատվածում անպայման լուծելու ենք նաեւ մեքենաների կանգառման հարցը: Փաստորեն, մինչեւ երկու, երեք հարկ իջնելու ենք:
- Չե՞ք կարծում, որ մայրաքաղաքի նորակառույց բարձրահարկերի կառուցապատումից հետո ավտոմեքենաների կայանատեղերի հարցը կդառնա լուրջ հիմնահարց, ինչպես փողոցների գերբեռնվածությունն ու խցանումները:
- Տրանսպորտի խնդիրը, անկախ նորակառույցների հարկայնությունից, Երեւանի կենտրոնում սրված է: Ինչ վերաբերում է կայանատեղերին, ապա խնդիր է դրված բոլոր նորակառույցների ստորգետնյա հատվածներում անպայման ունենալ դրանք: Այլ տարբերակով նախագիծ չենք համաձայնեցնում: Կրկնում եմ, բոլոր կառույցների համար երկու, հնարավորության դեպքում երեք հարկ պետք է լինեն ստորգետնյա կայանատեղեր: Այդպես է ամբողջ Հյուսիսային պողոտայի նորակառույցներում: Նույնն է լինելու Գլխավոր պողոտայում: Փնտրում ենք նաեւ տարբերակներ քաղաքում ստորգետնյա եւ վերգետնյա ավտոկայանատեղեր կառուցելու տեղեր գտնելու համար:
Իսկ թե ինչո՞ւ ենք բարձրահարկեր կառուցում: Երեւանում կարող են եւ պետք է լինեն բարձրահարկեր, քանի որ հիմա միջազգային սուբյեկտի մայրաքաղաք ենք դարձել, զանազան կազմակերպություններ ու ընկերություններ իրենց ներկայացուցչություններն են բացում կամ բացելու են մեզ մոտ: Բնականաբար նրանք նախընտրելու են քաղաքի կենտրոնը: Խնդիրն այստեղ գրագետ կառուցապատելն է, քաղաքաշինական-ճարտարապետական խնդիրները ճիշտ ձեւակերպելով: Եթե դա կարողանան իրականացնել, ապա հարկերի ավելացումը բացասական ազդեցություն չի ունենա քաղաքի ընդհանուր միջավայրի վրա:
- Կառուցապատումը դժբախտաբար հանգեցնում է նաեւ կանաչ տարածքների ոչնչացմանը: Խոսքն այս դեպքում այգիներում սրճարանապատման վնասների մասին է: Մինչդեռ հենց սրճարան կառուցելու որոշման մեջ նշված են այն սահմանափակումները, որոնք պարտավոր են պահպանել սրճարան կառուցողները, ինչը սակայն չեն կատարում, իսկ քաղաքապետարանն էլ չի օգտագործում նման դեպքում իր հնարավորությունները:
- Նոր հատկացումներ կանաչ տարածքներում չենք կատարում: Երբ նախկինում տրված տարածքների համար կրկին մեզ դիմում են, շատ հստակ դրվում են այդ սահմանափակումները, տաղավարը չի կարող 20 քմ-ից մեծ լինել, պետք է կառուցված լինի թեթեւ կոնստրուկցիաներով, չպետք է գերազանցի հատկացվող տարածքի 15 տոկոսը եւ այլն: Կարծում եմ, որ ժամանակի ընթացքում նախկինում եղած սխալներն այստեղ նույնպես կշտկվեն: Կենտրոնի նորակառույց շենքերում ցանկանում ենք օգտագործել ուղղահայաց կանաչապատման հնարավորությունները, հետ գցել հարկերը, ունենալ սանդղավանդակներ եւ այդտեղ, ինչպես նաեւ տանիքների վրա ունենալ կանաչ տարածքներ:
- Անդրադառնանք Երեւանի բնակչության մի հատվածիՙ իրացման գոտիներում բնակվողների համար կարեւոր հարցին: Ե՞րբ են սկսվելու իրացման աշխատանքներն այդ տարածքներում:
- Կոնդի համար դեռ չեմ ցանկանում որեւէ ժամկետ նշել, որովհետեւ հանձնաժողով է ստեղծվել, որի կազմում ընդգրկված են նաեւ թաղամասի բնակիչների ներկայացուցիչները: Կարծում եմ, որ հոկտեմբերին այդ հանձնաժողովի աշխատանքները կավարտվեն, եւ մոտեցումները կոնդեցիների եւ այստեղ գոյություն ունեցող խնդիրների նկատմամբ հստակեցված կլինեն: Դրանից հետո միայն կանդրադառնանք Կոնդի կառուցապատմանը: Այնպես որ Կոնդին միգուցե անդրադառնանք եկող տարի:
Գինու կոմբինատին, Ս. Գրիգոր Լուսավորչի եկեղեցուն հարող եւ «Ֆիրդուսնոց» կոչվող տարածքների կառուցապատման սխեմաները մշակված են, հաստատված քաղաքապետի կողմից: Պատրաստ են նաեւ մրցութային փաթեթները: Մեկ ամսում մրցույթ կհայտարարենք Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն հարակից եւ գինու կոմբինատից դեպի Հրազդանի կիրճը դուրս եկող տարածքների կառուցապատման համար: Լինելու է միասնական կառուցապատում, բայց մրցույթները լինելու են առանձին լոտերով: «Ֆիրդուսնոցի» կառուցապատման համար մրցույթը հավանաբար մի փոքր ավելի ուշ, հավանաբար մինչեւ տարեվերջ կհայտարարվի:
- Ասացիք, որ Կոնդը կմնա եկող տարի, իսկ դրա հարեւանությամբ գտնող Կոզե՞րնը: Ե՞րբ կսկսվի այդ տարածքի ծրագիրը:
- Այստեղ դեռեւս չենք ճշտել, թե քաղաքաշինական առումով ինչ տեսակի կառուցապատում պետք է իրականացվի: Այս առումով դեռ պետք է աշխատենք: Այնպես որ Կոզերնը նույնպես կմնա եկող տարվան:
Ասեմ նաեւ, որ կառուցապատման համար նախանշել ենք նաեւ այլ տարածքներ: Մասնավորապես Նար-Դոսի փողոցի եւ հարակից տարածքների կառուցապատման համար նույնպես կառուցապատման սխեմա ունենք: Դրան կանդրադառնանք նույնպես եկող տարվա ընթացքում, բայց այդ տարածքը դեռեւս պետական կարիքների համար չի վերցվել:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ