Նրանց առաջարկվել է 1 քմ-ի համար 800-1000 դոլար փոխհատուցումՙ ներառյալ խրախուսումը
Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի երեկ հրավիրած մամուլի ասուլիսի հիմնական թեման մայրաքաղաքում իրականացվող կառուցապատման քաղաքաշինական ծրագրերն էին եւ իրացման գոտիներում գտնվող բնակիչների մի մասի դժգոհությունները փոխհատուցումների չափերից:
Քաղաքապետը նախ նշեց, որ իրացման եւ կառուցապատման բոլոր աշխատանքները, այդ թվում բնակիչներին փոխհատուցումների տրամադրումը, կատարվում են օրենքի դրույթներին ու կառավարության ընդունած կարգին համապատասխան: Ներկայումս կառուցապատվող Հյուսիսային եւ Գլխավոր պողոտաներում այդ աշխատանքները սկսելուց առաջ պայմանագրեր են կնքվել 997 սուբյեկների հետ: Դրանցից միայն 25-ն են իրենց դժգոհությունը հայտնել եւ դատական հայցեր ներկայացրել: Ոմանք էլ ստացել են փոխհատուցումն ու խրախուսումը, բնակարաններ ձեռք բերել, որից հետո ներկայումս կրկին գումարային պահանջ են ներկայացնում իշխանություններին եւ կառուցապատողներին:
Բուզանդի փողոցում են գտնվում դժգոհող 7-8 սուբյեկտները, որոնց արված փոխհատուցման առաջարկներն ըստ քաղաքապետի, այսպիսին են եղել:
Բուզանդի 25/14 հասցեում բնակվող Գրիգոր Ղարիբյանին, որն ունի 44 քմ տարածք, ներառյան խրախուսումը (որը կարող է հասնել գնահատված գույքի մինչեւ 100 տոկոսը) առաջարկվել է 33,3 հազար դոլար, որը կազմում է 1 քմ համար 900 դոլար, բայց նա պահանջում է 80 հազար դոլար:
Բուզանդի 25/16 հասցեի սեփականատեր Սեդրակ Բաղդասարյանը ունի 55 քմ տարածք: Նրան, ներառյալ խրախուսումն, առաջարկվել է 43,4 հազար դոլար: Պահանջել է 120 հազար դոլար, հետագայում առաջարկել 20 հազար դոլարը «սկիդկա անել»:
Բուզանդի 25/1 հասցեի բնակիչը (Ղասաբյան) ունի 57 քմ տարածք, որին, ներառյալ խրախուսումը, առաջարկվել է 54,3 հազար դոլար: 1 քմ համար առաջարկվող գումարը կազմել է 960 դոլար:
Բուզանդի 23 հասցեի բնակիչներից Էդվարդ Մուրադյանին 32,7 քմ տարածքի համար, ներառյալ խրախուսումը, առաջարկվել է 31 հազար դոլար, բայց վերջինս պահանջել է 60 հազար դոլար:
Այս եւ նմանատիպ պահանջները Երվանդ Զախարյանը համարեց անընդունելի: Պատասխանելով լրագրողների հարցերից մեկին, նա նաեւ հայտնեց, որ Կենտրոնի համայնքապետի թեկնածու Ռուզան Խաչատրյանը նույնպես ստացել է փոխհատուցումՙ 1 քմ-ն 764 դոլար չափով: Ստանալու ժամանակ չի բողոքել, իսկ հիմա միացել է դժգոհողներին:
Փոխհատուցման փոխարեն նորակառույցում բնակարան առաջարկելու տարբերակի վերաբերյալ հարցին Երեւանի քաղաքապետը պատասխանեց, որ այդ տարբերակը միգուցե առաջարկվի «Ֆիրդուսնոցի» տարածքի իրացման գոտում գտնվող բնակիչներին, որպես ավելի համահավաք թաղամաս:
Անդրադառնալով Խանջյան փողոցից մինչեւ Նալբանդյան փողոց երթեւեկելի մասի ընդլայնմանը վերաբերող հարցին, Երվանդ Զախարյանը հայտնեց, որ դա արվում է ճանապարհների ընդլայնման, կայանատեղերի կառուցման նպատակով: Նա նաեւ տեղեկացրեց, որ նույնՙ մայրաքաղաքում տրանսպորտային խնդրի լուծման նպատակով նախօրեին կառավարության որոշմամբ 12 հա չափով պետական կարիքների համար տարածք է վերցվել: Դրանով Երեւանի կենտրոնը ուղիղ ճանապարհով կկապվի Կոմիտասի հետ, ինչը կլինի արագընթաց մայրուղի եւ ինչի շնորհիվ կբեռնաթափվի Բաղրամյան փողոցը: Այդ ծրագիրը նախատեսվում է իրականացնել առաջիկա երկու-երեք տարիներին:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ