Ճգնաժամերի միջազգային խումբը պատրաստել է ԼՂ կարգավորման երկու զեկույց
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ
Ճգնաժամերի միջազգային խումբը (International Crisis Group) չորեքշաբթի օրը կհրապարակի ղարաբաղյան կարգավորման առաջին զեկույցը` «Դիտարկում հակամարտության վայրից» (Viewing the Conflict from the Ground): Այս ամսվա վերջերին կազմակերպությունը կհրապարակի երկրորդ զեկույցը` «Ձայներ բանակցությունների սեղանից» (Voices from Negotiations՛ Table): Խմբի (ՃՄԽ) փոխնախագահ Ալեն Դելետրոզը եւ Կովկասի նախագծի տնօրեն Սաբինա Ֆրեյզերն այս օրերին Բաքվում եւ Երեւանում հանդիպումներ են ունենում երկու երկրների ղեկավարության հետ:
«Անցած 9 ամիսներին այդ երկու զեկույցների վրա 7 հայ եւ ադրբեջանցի փորձագետներ են աշխատել, մի քանի հարյուր հարցազրույցներ են արվել Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանում», Երեւանի մամուլի ակումբի կազմակերպած ասուլիսում երեկ ասաց Ֆրեյզերը: Ասուլիսից հետո «Ազգի» խնդրանքին ի պատասխան Դելետրոզը հրաժարվեց նշել զեկույցների պատրաստելուն աջակցած ղարաբաղցի եւ հայ փորձագետների անունները: Զեկույցներից առաջինում, ինչպես նշեց նա, վերլուծվում է «այսօրվա իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, օկուպացված տարածքներում եւ Ադրբեջանում»:
Կազմակերպությունը թեեւ զեկույցում ներկայացնում է հակամարտության պատմության ե՛ւ հայկական, ե՛ւ ադրբեջանական տարբերակները, սակայն կարգավորման հարցում տեղ չի տալիս անցյալին: Խոսքը ոչ միայն տասնամյակների կամ հարյուրամյակների պատմությանն է վերաբերում: Ըստ էության, ինչպես պարզվեց Դելետրոզի խոսքերից, կարգավորման համար որպես մեկնարկային կետ վերցվում է այսօրվա իրավիճակըՙ ստատուս քվոն: Հաշվի չեն առնվել նաեւ Ադրբեջանում իրենց տները, գույքը եւ սեփականությունը կորցրած մոտ կես միլիոն հայության իրավունքները: Նույնը վերաբերում է նաեւ Հայաստանից հեռացած մոտ 170 հազար ադրբեջանցիներին:
ՃՄԽ-ն անկախ, շահույթ չհետապնդող, ոչ կառավարական կազմակերպություն է, որն ստեղծել է նախկին նախագահների, վարչապետների եւ արտգործնախարարների խումբը 1995 թ.: Խմբի հրապարակած զեկույցները կարեւորվում են աշխարհի կարեւորագույն երկրների մայրաքաղաքներում: ԱՄՆ նախկին պետքարտուղարի տեղակալ Սթրոբ Թալբոթը խմբի կարեւորությունն այսպես է ներկայացրել. «Երբ ես պետքարտուղարի տեղակալ էի, օգտվում էի խմբի արտադրանքից: Նրանց զեկույցները եւ վերլուծությունները սովորաբար պարունակում էին տեղեկատվություն, որը հնարավոր չէր ստանալ այլ տեղից: Զարմանալի չէ, որ խմբի երաշխավորագրերը հաճախ իրենց տեղն էին գտնում մեր քաղաքական վերջնական որոշումներում»:
Դելետրոզը եւ Ֆրեյզերը նշեցին, որ շփումների մեջ են Մինսկի խմբի հետ եւ տեղեկացված են կարգավորման մանրամասներին: Նրանք հակամարտության կողմերին հորդորում են առաջ շարժվել պրահյան սկզբունքներով: Դելետրոզի կարծիքով, հայկական զինուժի կողմից վերահսկվող տարածքներում պետք է դադարեցվի վերաբնակեցումը: Խումբը հակամարտության կողմերին առաջարկում է մոտավորապես հետեւյալը. հայկական ուժերը դուրս են բերվում գրավյալ տարածքներից, իսկ կարգավիճակի հարցը թողնվում է ապագա 10-15 տարիներին: Դելետրոզն ընդգծեց, որ էական պետք է լինեն անվտանգության հարցերը: Իսկ թե ինչո՞ւ է կարգավիճակի հարցը թողնվում ապագային, երբ ղարաբաղյան խնդրի բուն էությունը հենց կարգավիճակն է, նա պատասխանեց, որ այդ հարցում կողմերի դիրքորոշումները շատ հեռու են եւ հավանաբար հնարավոր չէ մոտ ապագայում դրանք մերձեցնել:
«Լեռնային Ղարաբաղի հատուկ կարգավիճակ», այսպես ձեւակերպեց նա Ղարաբաղի ապագա կարգավիճակը: Դելենտրոզի խոսքերից տպավորություն էր ստեղծվում, որ մինչեւ կարգավիճակի վերջնական որոշումը Ղարաբաղում եւ հարակից տարածքներում հայերն ու ադրբեջանցիները պետք է ինչ-որ կերպ համատեղ ապրեն: Որպես հայերի եւ ադրբեջանցիների հնարավոր համակեցության ապացույց նա բերեց հետեւյալ զարմանալի օրինակը. հայ-ադրբեջանական եւ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում համեմատական խաղաղություն է պահպանվում առանց միջազգային խաղաղարար ուժերի:
ՃՄԽ-ն կարծում է, որ հակամարտության կողմերը ներկայացնող համայնքները պատրաստ չեն կարգավորման որեւէ տարբերակի, որը քննարկվում է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների բանակցություններում: Խումբը կարեւորում է հայերին եւ ադրբեջանցիներին բանակցային մանրամասներին տեղյակ պահելը, ինչը չի արվում: «Ամեն մի խաղաղության գործընթացի համար չկա հաջողության ճանապարհ, քանի դեռ բոլոր կողմերը չեն սկսել ակտիվորեն գաղափարը «վաճառել» իրենց ժողովուրդներին», նշեց Դելետրոզը:
Հուլիսի կեսերին Թբիլիսիում խումբը կազմակերպել էր խորհրդապահական քննարկում, որին մասնակցել են 10 փորձագետներ Ադրբեջանից, 8-ըՙ Հայաստանից եւ 2-ըՙ ԼՂ-ից: Սակայն ադրբեջանական կողմը ոչ միայն մամուլին տեղեկացրել էր թբիլիսյան քննարկումների մասին, այլեւ բողոքել խմբի պատրաստած զեկույցի նախագծից: Խորհրդարանի պատգամավոր Գյուլթեկին Հաջիեւան մամուլում ասել է, որ նախագիծը չի արտացոլում «օկուպացիայի փաստը եւ միտված է Ղարաբաղում դե ֆակտո գոյություն ունեցող վարչակարգի լեգալացմանը»: «Նախագծում հիշատակվում է նաեւ հայերի կողմից ներկայացվող շատ վտանգավորՙ հանրաքվե անցկացնելու առաջարկը: Այդ պատճառով իմաստ ունի լրջորեն մտածել եւ վերանայել այս փաստաթուղթը», ասել էր նա:
ՃՄԽ-ի պատրաստած զեկույցի հրապարակումից հետո միայն հնարավոր կլինի վերլուծություններ անել, թե ինչքանով է այդ զեկույցը մոտ իրականությանը: Հավելենք միայն, որ երեկվա ասուլիսում Դելետրոզի եւ Ֆրեյզերի որոշ ձեւակերպումներՙ կապված ԼՂ ապագա կարգավիճակի հետ, այնքան էլ չէին տարբերվում այն տեսակետներից, որ վերջին շրջանում հնչեցնում է պաշտոնական Երեւանը: