Այս աշնանը լրանում է Ալգուլիի ջարդերի 100-ամյակը: Ներկայիս Քաշաթաղի շրջանի տարածքում գտնվող այդ գյուղը անցյալ դարասկզբին ադրբեջանցի հրոսակախմբերի հարձակման առաջին թիրախը եղավ, որին զոհ գնացին ալգուլեցի հարյուրավոր բնակիչներ` մեծամասամբ կանայք, մանուկներ ու ծերեր: Ջարդից փրկվածները դարձան փախստականներ եւ լքելով հարազատ գյուղը` հիմնավորվեցին Արցախի ու Սյունիքի տարբեր բնակավայրերում: Ալգուլիի ողբերգական դեպքերը դարձան Հակառու գետի ավազանի բնակավայրերից հայերի տարհանման սկիզբը: Հետագայում` 1918-1920 թթ. ադրբեջանական իշխանությունները հայերի հերթական ջարդերը կազմակերպեցին Քաշաթաղի շրջանի ողջ տարածքում: Բռնությունների զոհ դարձան ու տարհանվեցին հայկական Հարար, Հակ, Եղվարդ, Շամբ, Քաջարանց եւ հարակից մյուս գյուղերի բնակիչները: Մեծ մասամբ հայերով բնակեցված շրջանը համարյա դատարկվեց հայերից: Շրջանը, որ ադրբեջանցիները վերանվանեցին Լաչին, խորհրդային շրջանում եւս ենթարկվեց ադրբեջանականացման, եւ արդեն դարավերջին, մինչեւ Քաշաթաղի ազատագրումըՙ 1992 թվականը, այնտեղ փաստացի ոչ մի հայ չէր բնակվում:
Ալգուլեցիների, հարարցիների, հակեցիների սերունդները Քաշաթաղի շրջանի ազատագրումից հետո մասամբ վերադարձել են հարազատ վայրերը եւ վերակենդանացնում են նախնյաց գյուղերը:
Օրերս «Ալգուլի» հայրենակցական միությունը, որի անդամները նաեւ հարակից գյուղերի բնակիչների ժառանգներն են, Քաշաթաղում առաջին հայկական ջարդերի 100-ամյակի կապակցությամբ հանդես են եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է.
«Մենք` ալգուլեցիների, հարարցիների, հակեցիների, Ադրբեջանի կողմից տեղահանության եւ ցեղասպանության ենթարկված մյուս գյուղերի բնակիչների սերունդներս, յուրաքանչյուր տարի վերհիշում ենք 20-րդ դարասկզբի ողբերգական օրերը: Սակայն իրականացված ցեղասպանությունը եւ տեղահանման փաստը պետք է նշվի համաժողովրդական եւ պետական մակարդակով: Մարդկության դեմ կատարված այս հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն: Այդ կապակցությամբ մենք դիմում ենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանություններին` աջակցել այդ տարածքի ավերված բնակավայրերի վերաբնակեցման ու վերականգնման աշխատանքներին: Միաժամանակ խնդրում ենք օժանդակել 1905 թ. իրադարձությունների 100-ամյակին նվիրված համազգային միջոցառումների կազմակերպանը: Հանուն մեր ապագայի մենք իրավունք չունենք մոռանալու մեր անցյալ»:
Կարծում ենք, Հայոց ցեղասպանության 90-ամյակի տարում Ալգուլիի եղեռնի հիշատակումը եւս կարեւոր փաստարկ է հայ ժողովրդի պատմական անցյալի ճշմարիտ գնահատման առումով, եւ ոչ միայն:
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ