«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#161, 2005-09-09 | #162, 2005-09-10 | #163, 2005-09-13


ԻՐԱՔԻ ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐԸ ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ ՍՊԱՆԵԼ ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐԻՆ

ԲԵՅՐՈՒԹ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Սեպտեմբերի 11-ին իրաքյան զինյալների նախկինում անհայտ մի կազմակերպություն, որն իրեն անվանում է «Խմբավորում հանուն բարու տարածման եւ չարիքի վերացման», ինտերնետով տարածել է հաղորդագրություն, որում հայտարարել է, թե պատանդ է վերցրել լիբանանահայ գործարար Կարապետ Ժան Շեքերջյանին:

Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը` վկայակոչելով «Ֆրանսպրես» գործակալության տեղեկատվությունը, խմբավորումը սպառնում է սպանել Իրաքում «ամերիկյան օկուպացիոն զորքերին» ուտելիք եւ խմիչք մատակարարող «Jeto Trading» ընկերության ներկայացուցչին, եթե ընկերությունն անհապաղ չդադարեցնի իր գործունեությունը Իրաքում:

Ժապավենում Կարապետ Շեքերջյանը, որի ձեռքերը եւ ոտքերը կապած են, իսկ գլխի մոտ զինյալներից մեկի ինքնաձիգն է, նշել է, որ ինքը Լիբանանի եւ Կիպրոսի քաղաքացի է: Նա կոչ է արել իր ընկերության ղեկավարությանը եւ Լիբանանի նախագահ Էմիլ Լահուդին որեւէ կապ չունենալ Իրաքի հետ, որն ըստ նրա, «օկուպացված է ճիշտ այնպես, ինչպես Լիբանանն էր օկուպացված 15 տարի շարունակ»:

Բեյրութի պաշտոնական աղբյուրները հայտնել են, որ տեղեկացված են պատահարի մասին եւ համապատասխան հրահանգներ են տվել Բաղդադում Լիբանանի դիվանագիտական ներկայացուցիչներին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4