Սեպտեմբերի 10-ից մեկնարկեց մի նոր մարաթոն մեր թատրոնների, երաժշտական ու կրկեսային խմբերի համար: Ու եւս մեկ անգամ փորձ է արվում ապացուցելու, որ մշակույթը, արվեստի այս ոլորտները չեն մեռել ու հանդիսանքներից հետ չենք սովորել: Այլ բան է, թե ինչ որակ ունեն այդ հանդիսանքները: Ով ինչ ցանկանումՙ բեմադրում է: Գրագետ, բարձրաճաշակ ներկայացումների հետ միասին շատ հաճախ ներկայացվում են այնպիսի բաներ, որոնք բավարարում են միայն գյուղական ակումբի նախկին «կուլտմասսավիկի» ճաշակը: Դեռ ավելինՙ գտնվում են «ժուռնալիստներ» եւ «թատերագետներ», որոնք փառաբանության հիմներ են հնչեցնում մամուլում եւ հեռուստատեսությամբ: Մեր պրոֆեսիոնալ ու արդարամիտ թատերագետները, գրականագետները, արվեստաբանները լռում են, չեն խոսում, եւ դատավորի ծիրանի են հագնում նրանք, ովքեր փողի կարիք ունեն կամ նրանք, ովքեր ամեն անիմաստ ու խրթին արտահայտություններ են թխում վաղուց արդեն մեռած գրախոսականներից: Եվ ստացվում է մի թատերգություն կամ գրախոսություն Զիմզիմովի կերպարի մասին Մոլիերի «Համլետ» ողբերգությունից:
Բոլորն էլ տեսնում են, թե հայկական հեռուստատեսությունն ինչպիսի թշվառ վիճակի է հասել: Բացարձակ անգրագիտություն ու անճաշակություն է եթերում: Իբր կա, գործում է հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային ինչ-որ հանձնաժողով, որին հետաքրքրում են միայն իշխանություններին դուր չեկող այս կամ այն հեռուստաալիքը փակելու խնդիրները: Ուրիշՙ ոչինչ: Բայց, որ գրեթե բոլոր հեռուստաալիքներով բացահայտ պոռնոգրաֆիկ կամ էրոտիկ սերիալներ են ցուցադրվում, որ խաղատուն բացած ամեն մի փողատեր կարող է իրեն թույլ տալ հայ ժողովրդի մեծերից մեկիՙ Ավետիք Իսահակյանի անվանը դիպչել, որ անգրագետ, աֆրիկյան ինչ-որ վայրենի ցեղի բարբառով գովազդային տեսահոլովակներ ցուցադրելՙ այս հանձնաժողովի հեչ պետքն էլ չէ: Ավելորդ մարդիկ այսօր իմ ու քո մուծած հարկերի հաշվին աշխատավարձ են ստանումՙ բացարձակապես ոչինչ չանելով, այսինքնՙ նպաստելով հայ մշակույթի ավերմանը: Նրանք իրենց ապահովագրել են. միշտ էլ կգտնվեն անատամ «թատերագետներ», ովքեր 30-40 էջանոց էսսեներ կգրեն Հայաստանի այսօրվա հեռուստատեսության կամ թատերական ամենացածրաճաշակ ներկայացումների մասին:
Ի՞նչ կարելի է անել: Առաջարկում եմ թեեւ անչափ դաժան, բայց ներկա պահին միակ ճշմարիտ լուծումը: Անիվներ ֆռռացնողներին, 48-րդ կարգի երկրների համար նախատեսված ամերիկյան ֆիլմեր պտտեցնողներին, իրենց երբեւէ հայելու մեջ չնայող (դա իրենց համար անչափ սարսափելի մի տեսարան կլիներ) ծրագրավարներին մեկ շաբաթ, ոչ ավելի, մեկ շաբաթ նստեցնել հեռուստաէկրանի դիմաց եւ առավոտից-իրիկուն ստիպել դիտել բոլոր հաղորդումները: Հիմա կասեք, թե այս առաջարկությունը շատ ավելի դաժան է, քան նրանց գլուխը գիլյոտինի տակ տանելը: Բա ի՞նչ առաջարկենք: Դու ավելի մարդասիրական առաջարկություն արա, սիրելի ընթերցող: Իհարկե, կարելի է անգրագիտության ու անճաշակության վերացման դասընթացներ կազմակերպել: Բայց համոզված եմ, որ մեր «թատերագետներն» ու «գրականագետները» ոչ մի օգուտ չեն ստանա այս «լիկբեզ»-երից, որովհետեւ նրանք հայոց այբուբենի միայն 14 տառին են ծանոթ, հատկապեսՙ «ճ»-ին:
Դեռ լավ է, որ մենք Ազգային ժողով ունենք, ուր կատակերգության չափանիշներով ողբերգություններ են բեմադրվում: Ու քանի որ ժողովուրդս այսօր միայն քաղաքականացված է, ապա մեծագույն հաճույք է ստանում ԱԺ-ում ներկայացվող ֆարսերից: Ամենաթարմ օրինակը օգոստոսի 29-31-ը եղած ներկայացումն էր, որի ժամանակ բացահայտվեց մեր «ազգընտիրների» ողջ հմայքը: Ճիշտ է, նրանք մոռացան, որ ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ մտցնելու համար էին հավաքվել, բայց ինչպիսի՜ «պերճախոս» արտահայտություններ հնչեցրին միմյանց հասցեին: Ավելի ուրախ բան հնարավոր չէր պատկերացնել:
Եվ այսպես, սկսվել է թատրոնների, զվարճավայրերի եւ հեռուստատեսության մի նոր աշնանային մարաթոն: Ի՞նչ է առաջարկվում հանդիսատեսին եւ ունկնդրին:
Հակոբ Պարոնյանի թատրոնն իր խաղացանկն այս տարի հարստացրել է եւս մեկ նոր բեմադրությամբՙ «Պաղտասար աղբարով» (բեմադրիչՙ Անուշ Սարգսյան), որը հարգանքի տուրք է հայ բեմի հզորներից մեկիՙ Վարդան Աճեմյանի ծննդյան 100-ամյակին: «Այդ հզոր բեմադրիչը երբեք ու երբեք, ոչ մի ժամանակ, ոչ մի անգամ աջ ձեռքով ձախ ականջը չբռնեց, մի բան, որ մենք բոլորս այսօր անում ենքՙ փորձելով նորարար երեւալ», նոր թատերաշրջանի շեմին հայտարարեց ՀԹԳՄ նախագահ Երվանդ Ղազանչյանը: Հույս ունենանք, որ մեր երիտասարդ արտիստ Արա Դեղտրիկյանը կկարողանա նոր որակի Պաղտասար աղբար ներկայացնել:
Մեր թատրոնի մի ուրիշ մեծիՙ Մհեր Մկրտչյանի հիշատակի հարգանքն է նրա իսկ անվան արտիստական թատրոնում նրա իսկ բեմադրած «Հացթուխի կինը» պիեսի վերաբեմադրությունը: Նոր բեմադրությունում երիտասարդ արտիստներ են խաղում: Սակայն անմահ արտիստի պատգամները պահելու, նրա վարպետությունը որպես դաս մատուցելու համար հետաքրքրական ձեւ է գտնվել. անմիջական ներկայացմանը զուգահեռ ցուցադրվում է իրՙ Մհեր Մկրտչյանի կատարումը: Դա ոչ միայն հիշողության պահպանում է, այլեւ երիտասարդ արտիստներին միշտ զգոն վիճակում պահելու ձեւ:
Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում այս թատերաշրջանը բացվեց Ալվարդ Պետրոսյանի «Ես մի ծառ եմ ծիրանի» պիեսի ներկայացմամբ, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 90-ամյակին:
Հրաչյա Ղափլանյանի անվան Երեւանի դրամատիկական թատրոնը հոկտեմբերի 1-ից սկսում է իր 37-րդ թատերաշրջանը: Հոկտեմբեր ամսին կարելի է դիտել հետեւյալ ներկայացումները. Պերճ Զեյթունցյան «Կանգ առ, երկրագունդ» (նոր ներկայացում), Վիլյամ Շեքսպիր «Մակբեթ», «Ռոմեո եւ Ջուլիետ», Պարույր Սեւակ «Անվերջ վերադարձ», Հակոբ Պարոնյան «Կատակերգություն», Սովաժոն «Չաո», Ժան-Բատիստ Մոլիեր «Ակամա բժիշկը», Ալդո Նիկոլայի «Սպանել սիրո համար»:
Այս տարի եւս անցկացվելու է «Արմմոնո» թատերական միջազգային փառատոնը, որի ժամանակ հանդես կգան Գուժ Մանուկյանը («Վերջի սկիզբը»), Կարեն Ջանիբեկյանը («Լիր արքայի հուշերը»), Հովհաննես Բաբախանյանը («Տրակտատ թաշկինակի մասին»), ինչպես նաեւ Մեծ Բրիտանիայից, Մ. Նահանգներից, Ռուսաստանից, Շվեյցարիայից, Լեհաստանից, Իրանից, Թուրքմենստանից ժամանած արտիստներ:
Անչափ հետաքրքրական է լինելու Հայաստանի (ավելի ճիշտ կլինի ասելՙ Երեւանի) երաժշտական աշունը: Սեպտեմբերի 13-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա «Սերենադ» կամերային նվագախմբի համերգըՙ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի փողային կազմի մասնակցությամբ (գեղ. ղեկավար եւ դիրիժորՙ էդուարդ Թոփչյան, մենակատարՙ Սվետլանա Նավասարդյան, դիրիժորՙ Սուրեն Շահիջանյան): Կներկայացվի Մոցարտի «Այսպես են վարվում բոլոր կանայք» օպերայի նախերգանքը, Լիստի «Սիմֆոնիան»: Սեպտեմբերի 23-ին նույն համերգասրահում տեղի կունենա Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի 2005-06 թթ. համերգաշրջանի բացումը: Համերգը կկայանա «21-ի հեռանկարներ» 6-րդ երաժշտական միջազգային փառատոնի շրջանակներում: Մենակատարն է լինելու ֆրանսիացի դաշնակահար Ֆրանսուա-Ժոլին Պիոլին: Կհնչեն Բրամսի եւ Բրուկների ստեղծագործություններից: Համերգաշրջանի հովանավորն է, ինչպես միշտ, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը:
Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղ. ղեկավար եւ դիրիժորՙ Արամ Ղարաբեկյան) իր նոր համերգաշրջանը կսկսի սեպտեմբերի 24-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Հանդես կգա 20-ամյա ջութակահար, Բրյուսելի «Էլիզաբեթ թագուհի միջազգային մրցույթի» 2005 թ. առաջին բացարձակ մրցանակակիր Սերգեյ Խաչատրյանը (Գերմանիա):
Եվ այսպես, թատերական ու երաժշտական աշնանային մարաթոնը սկսված է:
ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ