«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#161, 2005-09-09 | #162, 2005-09-10 | #163, 2005-09-13


ՓԱՌԱՏՈՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵՑ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ

Շարունակվում է «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի նախաձեռնած «Պահպանենք մեր մշակույթը» հանրապետական մշակութային փառատոնը: Փառատոնն արդեն հյուրընկալվել է Արմավիրի, Արարատի, Սյունիքի մարզերում: Սեպտեմբերի 10-ին փառատոնը հյուրընկալվեց Կոտայքի մարզում: Մարզկենտրոնումՙ Հրազդան քաղաքի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնում փառատոնի պատվիրակությանն աղ ու հացով դիմավորեցին փոխմարզպետ Լեւոն Միքայելյանի գլխավորությամբ: Մարզի մանկական պարային խմբերի ելույթներից հետո փառատոնի մասնակիցները դիտեցին կենտրոնի սաների նկարների ցուցահանդեսը, ծանոթացան մարզի գրողների հրատարակած գրքերին: Քիչ անց լեփ-լեցուն դահլիճում ազդարարվեց «Պահպանենք մեր մշակույթը» հանրապետական փառատոնի հանդիսավոր սկիզբը, որը բացելու պատիվը տրվել էր մարզի «Միկա» ազգագրական պարի համույթին (գեղ. ղեկավարՙ Մանվել Ռաֆայելյան), Կոմիտասի անվան լարային քառյակին: Փառատոնի 2 ժամ տեւած համերգային ծրագրում իրար էին հաջորդում հանրապետության արվեստի ճանաչված գործիչները, Կոտայքի մարզից ընտրված լավագույն համույթներն ու անհատ կատարողներ:

«Ուշագրավ էր, որ մարզում գործում են մեկ տասնյակից ավելի ազգագրական պարի համույթներՙ պահպանելով հայկական տարազի ճիշտ ձեւերը, պարային շարժումների ու բեմադրության անաղարտությունը», այսպես բնորոշեց փառատոնի պատվավոր հյուր, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, Հայաստանի պարարվեստի միության նախագահ, ճանաչված ու սիրված պարուսույց Վանուշ Խանամիրյանըՙ դիտելով իր սաներից շատերի ելույթները: Փառատոնին իր ողջույնի ուղերձն էր հղել Կոտայքի մարզպետ Կավալենկո Շահգալդյանը:

Փոխմարզպետ Լեւոն Միքայելյանն իր ողջույնի խոսքում շեշտեց. «Արվեստի այս փառատոնն ազգային համախմբման եւ ինքնահաստատման մի յուրօրինակ դրսեւորում է, որը դարձել է ժամանակի հրամայական ու առաջնահերթություն»: Փառատոնին ողջույնի ուղերձ էր հղել նաեւ ՀՀ բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը:

Հիմնադրամի գործադիր տնօրեն Թամարա Պողոսյանը փառատոնի ավարտին շնորհակալություն հայտնեց մարզի ղեկավարությանը եւ ժողովրդին պատշաճ ընդունելության համար ու կարեւորեց փառատոնի անցկացումըՙ նշելով. «...Կունենանք մշակույթ, կունենանքՙ առաջընթաց, կգնահատենք մեր ազգային արժեքները, կլինենք ավելի հզոր, աշխարհը կճանաչի մեզ... Մենք պետք է սերունդներին փոխանցենք մեր պապերից հասած ժառանգությունըՙ ազգային մշակույթը եւ հպարտ լինենք, որ դրա կրողն ենք եղել»:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4