«Եվրոպական ժառանգության օրեր-2005» միջոցառումների շրջանակում կազմակերպվել է «Գիրք ճանապարհի, ճանապարհ գրքի» խորագրով այս գողտրիկ ցուցահանդեսը:
Այն ամփոփ ներկայացնում է հայ գրքարվեստի դարավոր ճանապարհի կարեւորագույն փուլերըՙ սկսած ձեռագիր մատյանների նկարազարդման արվեստից մինչեւ մեր ժամանակներըՙ ընդգրկելով հայ դասական գրականության, ինչպես նաեւ ռուս եւ եվրոպացի հեղինակների (Ա. Պուշկին, Մ. Գորկի, Սերվանտես, Վոլտեր, Գ. Ֆլոբեր) գրքերի հայերեն թարգմանությունների նկարազարդումները, որոնց մեծ մասը ցուցադրվում է առաջին անգամ:
Ցուցահանդեսի այցելուն կարող է ծանոթանալ հայ գրքային գրաֆիկայի լավագույն օրինակներին, որոնց հեղինակների թվում են Վ. Սուրենյանցը, Է. Շահինը, Տ. Փոլադը, Մ. Սարյանը, Հ. Կոջոյանը, Տ. Խաչվանքյանը, Մ. Արուտչյանը, Է. Իսաբեկյանը, Գ. Խանջյանը եւ ուրիշներ:
ՔՆԱՐԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ