Սակայն չի կարելի շահարկել մի ամբողջ ժողովրդի բնաջնջման հետեւանքով առաջացած մարդկային դժբախտությունները
Թուրքական «Ենի շաֆաք» թերթը սեպտեմբերի 9-ի համարում հրապարակել է «Մեսրոպ Մութաֆյանի մեծ մայրն ու քույրը մահմեդականնե՞ր են» վերնագրով հոդվածը: Նույն թերթը նախորդ համարում հրապարակել էր Պոլսո երջանկահիշատակ պատրիարք Շնորհք արք. Գալուստյանի մասին հոդված, որտեղ նշվում էր, թե հանգուցյալ պատրիարքի մորական կողմից մեծ մայրը երկրորդ անգամ ամուսնացել է թուրքի հետ, ընդունել մահմեդականություն, եւ պատրիարքը եղել է Թուրքիայի կրոնական գործերի վարչության նախկին պետ Լյութֆի Դողանի հարազատ եղբայրը:
«Ենի շաֆաքին» սեպտեմբերի 8-ի համարում հրապարակած հոդվածով միացել էր նաեւ «Միլիեթը»: Թե ի՞նչը հանկարծ թուրքական այս թերթերին դրդեց փորփրել Պոլսո հայոց պատրիարքների ազգակցական կապերն ու ազգականների մեջ մահմեդականներ հայտնաբերել, դժվարանում ենք ասել: Բայց որ դրանց հրապարակումները, այն էլ Շնորհք արք. Գալուստյան եւ Մեսրոպ Բ Մութաֆյան պատրիարքների օրինակով, եթե Ստամբուլում չխթանեն թուրք մահմեդականների հետ հայերի ամուսնությունը, գոնե կթուլացնեն խառն ամուսնությունների նկատմամբ թուրքահայ համայնքի հակազդեցությունը, ակնհայտ է: Թերեւս այդ առումով պատահական չէ, որ «Ենի շաֆաքն» ու «Միլիեթը», վերագրելով Շնորհք պատրիարքի մեծ մորը մահմեդականության ընդունումը, կրոնական գործերի վարչության պետին դարձնում են նրա հարազատ եղբայրը: Մեսրոպ Բ Մութաֆյանի պարագայում արդեն մահմեդական է դառնում մեծ մոր հետ նաեւ հարազատ քույրը:
Մութաֆյան պատրիարքն իր մեծ մոր եւ քրոջ հետ կապված հոդվածի առնչությամբ հենց նույն օրը պատասխանել է «Ենի շաֆաքին»: Պատասխանները պոլսահայերի «Հայթերթ» ինտերնետային էջում հրապարակել է պատրիարքարանի պաշտոնական օրգան «Լրաբերը»: Մինչ պատասխանները նշենք, որ, «Ենի շաֆաքի» պնդմամբ, պատրիարքի մոր մայրըՙ Մարիամը (Մերյեմ), առաջին անգամ ամուսնացել է թուրք մահմեդականի հետ, նույնիսկ ուխտագնացություն է կատարել, ունեցել է երեխաներ: Սակայն երբ նրա ամուսինը մահացել է, նա երկրորդ անգամ ամուսնացել է Մութաֆյան պատրիարքի մեծ հոր հետ: «Ենի շաֆաքի» թղթակցուհինՙ Ֆաթմա Դուրմուշը, դիմել է պատրիարքի մորաքրոջ դուստր Նիլգյուն Գյուրշելին, թեեւ վերջինս հրաժարվել է բացատրություններ տալուց, բայց եւ այնպես չի հերքել թերթի տեղեկությունները: Ավելինՙ պոլսահայ մի տիկին թղթակցուհուն ասել է, որ Մութաֆյան պատրիարքի հարազատ քույրըՙ Ազատուհին, ամուսնացած է մահմեդականի հետ:
Պատրիարքը հրապարակման առնչությամբ պարզաբանումներ տալով «Ենի շաֆաքի» թղթակցուհուն, ասել է. «Մեծ մայրս հայրական կողմից հայ, հոր կողմից հույն էր: Նրա հայրը Պողոս Քարաքաշյանն էր, իսկ մայրըՙ Օլիմպիան: Մեծ մորս անունն էր Վերժին Էֆզադ Եփրաքսի Քարաքաշյան: Նա առաջին անգամ ամուսնացել է Արթին Բալըքչյանի հետ, ծնվել էր մորաքույրսՙ Ազատն ու մայրսՙ Մարին: Մորաքույրս ամուսնացավ Սեբաստիայի Զարա գյուղից հայ քրիստոնյա Նշանի հետ, որը հանգչում է Ստամբուլի հայկական գերեզմանոցում: Իսկ մայրս ամուսնացել էր բնիկ ադաբազարցի Օնիկ Մութաֆյանի, այսինքնՙ հորս հետ, ծնվել ենք ես եւ քույրերսՙ Փերուզն ու Ազատուհին»:
Այս խոսքերից պարզվում է, որ Մութաֆյան պատրիարքի մեծ մոր անունը, ինչպես «Ենի շաֆաքն» է գրում, Մերյեմ չէր, իսկ Ազատը ոչ թե նրա քույրն է, այլ մորաքույրը, ընդ որումՙ ամուսնացած հայի հետ: Ինչ վերաբերում է պատրիարքի հոր մահմեդական ազգականներին, ապա Արթին Քարաքաշյանի մահից հետո տկն Վերժինը անօգնական է մնում, ապա ծանոթանում է Մեհմեդ Ալի Վարոլերի հետ: 1944-ին նրանք ամուսնանում են եւ ունենում Սեւիմ անունով մի դուստր: Քանի որ տկն Վերժինի երկրորդ ամուսինը թուրք էր, ուստի Մութաֆյան պատրիարքի մորաքույր Սեւիմ Վարոլերը դառնում է մահմեդական, ապա ամուսնանում Էրսան Շենքանի հետ եւ տեղափոխվում Գերմանիա, որտեղ ծնվում է պատրիարքի զարմուհինՙ Նիլգյուն Շենքանը: 1995-ին նա ամուսնանում է Ահմեդ Գյուրշենի հետ, ունենում է Օզդե անունով դուստր:
Մութաֆյան պատրիարքի քույրերից Փերուզն ամուսնանում է Արա Քամարի, իսկ Ազատուհի-Ազնիվըՙ Ժիլբերր Մալխասյանի հետ եւ այդ ամուսնություններից ծնվում են Նաթան Քամարն ու Մանե Մալխասյանը: Այլ կերպՙ Մութաֆյան պատրիարքը մահմեդական այլ ազգական չունի, քան մորաքույրն է, նրա ամուսինը եւ մորաքրոջ դուստրն ու թոռը:
«Ենի շաֆաքին» պատասխանելիս պատրիարքը պարզաբանումներ է տալիս նաեւ Շնորհք արք. Գալուստյանի մոր մասին, թերեւս դրանով էլ հերքվում են գաղտնի մահմեդականություն դավանելու մասին երջանկահիշատակ պատրիարքի մորը վերագրվող պնդումները եւ խոսակցությունները, թե պատրիարքը եղել է Լյութֆի Դողանի հարազատ եղբայրը: Ըստ պարզաբանումների, Շնորհք արքեպիսկոպոսի հայր Միհրան Գալուստյանը Յոզղաթի Իղդելի գյուղից էր, իսկ մայրըՙ Շուշանը, Բեբեք գյուղից: Նրանք ամուսնանում են 1908-ին, ծնվում են Անուշը, Շնորհիկը, Արմենը եւ Արշակըՙ հետագայում Գալուստյան պատրիարքը: Սակայն թուրքերը կոտորածի տարիներին Իղդելիում, Մութաֆյան պատրիարքի վկայությամբ, սպանում են Միհրան Գալուստյանին, նրա երեք եղբայրներին: Սպանություններից չեն խուսափում նաեւ Լեւոն Գալուստյանի կինն ու Խորենի նշանածը:
Համագյուղացի Հաջի Ալի Դողանը կնության է վերցնում Շնորհք արքեպիսկոպոսի մորըՙ Շուշանին, բայց այս կինն իր երեխաների հետ շարունակում է ապրել Միհրան Գալուստյանի երկրորդ հարկը հիմնովին ավերված տան առաջին հարկում: Ավելինՙ նա զգալով, որ թուրքերը բարի աչքով չեն նայի հայերին, իր երեխաներին հանձնում է որբանոց: 1956-60 թթ., երբ Շնորհք եպիսկոպոսը Երուսաղեմում ստանձնում է պատրիարքի փոխանորդի պաշտոնը, նրա մայրըՙ Շուշանը, ուխտագնացության համար հենց նրա մոտՙ Երուսաղեմ է գնում, այլ ոչ թե Մեքքա: Իսկ իր կյանքի վերջին տարիներն իր որդուՙ Պոլսո հայոց պատրիարք Շնորհք արք. Գալուստյանի հետ անցկացնում է պատրիարքարանում:
Մեսրոպ Բ Մութաֆյան պատրիարքի պատասխանները «Ենի շաֆաքի» թղթակցուհուն չափազանց ուշագրավ են: Շնորհիվ դրանց նախ հերքվում են Պոլսո հանգուցյալ եւ ներկայիս պատրիարքների շուրջը տարածվող մտացածին լուրերը, մեկ անգամ եւս երեւան է հանվում Թուրքիայում հայկական կոտորածների փաստը, որպեսզի ասենքՙ կարելի է լուրեր տարածել ինչ-որ նպատակով, սակայն չի կարելի շահարկել մի ամբողջ ժողովրդի բնաջնջման հետեւանքով առաջացած մարդկային դժբախտությունները:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ