«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#161, 2005-09-09 | #162, 2005-09-10 | #163, 2005-09-13


ՖԵԴԵՌԵՐԸ ՊԱՀՊԱՆԵՑ ՏԻՏՂՈՍԸ

Վերջնագիծը հատեց «Մեծ սաղավարտ» մրցանակի շարքի ընթացիկ մրցաշրջանի վերջին մրցաշարըՙ թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնությունը: Տղամարդկանց մրցաշարում կրկին իր հավասարը չունեցավ թենիսիստների դասակարգման առաջատար Ռոջեր Ֆեդեռերը: ԱՄՆ-ի բաց առաջնության անցյալ տարվա չեմպիոնը պահպանեց իր տիտղոսըՙ եզրափակիչում պարտության մատնելով 35-ամյա Անդրե Աղասուն (6-3, 2-6, 7-6, 6-1): Ֆեդեռերն այդ հաղթանակի համար 1 մլն դոլար պարգեւ կստանա: 24-ամյա շվեյցարացի թենիսիստը «Մեծ սաղավարտի» մրցաշարերում 6-րդ մրցանակը շահեց:

Եզրափակիչ մրցախաղից հետո կայացած մամուլի ասուլիսում բազմափորձ Անդրե Աղասին հայտարարել է, որ թենիսիստի իր կենսագրության մեջ Ֆեդեռերն ամենաուժեղ մրցակիցն էր, որի հետ բախտ է վիճակվել մրցել: «Ես հանդիպել եմ լեգենդար մի շարք թենիսիստներիՙ Ջիմի Կոնորսի, Ջոն Մաքինռոյի, Իվան Լենդլի ու Փիթ Սամփրասի հետ: Սակայն Ֆեդեռերի խաղում թույլ տեղեր չկան եւ նրան հաղթելը շատ դժվար է», նշել է Աղասին:

Կանանց մենախաղում առաջին անգամ ԱՄՆ-ի բաց առաջնության հաղթող ճանաչվեց բելգիացի Կիմ Կլիյստերսը, որի մրցակցուհին եզրափակիչում ֆրանսուհի Մերի Պիրսն էր: Այդ մրցախաղում մասնագետների կարծիքով, հաղթողի հիմնական թեկնածուն բելգիացի թենիսիստուհին էր: Եվ նա արդարացրեց սպասելիքները: Կլիյստերսն ընդամենը 1 ժամ 5 րոպեում պարտության մատնեց 30-ամյա Մերի Պիրսին (6-3, 6-1): Հարկ է նշել, որ մինչ ԱՄՆ-ի բաց առաջնությունը, 22-ամյա Կլիյստերսը 5 անգամ հանդես էր եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարերի եզրափակիչներում, սակայն հաջողության չէր հասել: Իսկ ահա ֆրանսուհին նախորդ 5 եզրափակիչներից 2-ում (1995 թ.ՙ Ավստրալիայի բաց առաջնություն, 2000 թ.ՙ «Ռոլան Գարոս») հաղթող էր ճանաչվել: Կանանց զուգախաղի հաղթող ճանաչվեց Սամանտա Ստոսուր-Լիզա Ռեյմոնդ զույգը, որը պարտության մատնեց Ֆլավիա Պենետա-Ելենա Դեմենտեւա երկյակին (6-2, 5-7, 6-3): Իսկ տղամարդկանց զուգախաղում հաջողությունն ուղեկցեց Բոբ եւ Մայք Բրայան եղբայրներին, որոնք պարտության մատնեցին Միրնի-Բյորկման զույգին (6-1, 6-4):

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4