ԱԺ երրորդ գումարման վեցերորդ նստաշրջանում ընդգրկված չէ ավանդների վերադարձման որեւէ հարց: Հմայակ Հովհաննիսյանն օրակարգի քննարկման ժամանակ անընդունելի համարեց դաՙ նաեւ հիշեցնելով ՀՀ նախագահին կից ավանդների վերադարձման հարցն ուսումնասիրող հանձնաժողովի մասին, որի կատարած աշխատանքից ԱԺ-ն տեղյակ չէ. «Այսինքնՙ թաքցնում են ոչ միայն ժողովրդից, այլեւ ԱԺ-ից: Մինչդեռ ասեկոսեներ կան, որ հանձնաժողովը հայտնաբերել է կոնկրետ անձերի, որոնք հափշտակել եւ կողոպտել են ժողովրդի ավանդները»:
Հիշեցնելով ավանդների վերադարձման վերաբերյալ առկա երեք օրինագծերի մասին, որոնցից մեկի համահեղինակը Արտակ Առաքելյանն էր, պատգամավորը հռետորական հարց տվեց. «Ինչ է, դուք սպասում եք, որ Ա. Առաքելյանի նման մյուս ավանդատուներն էլ չհասցնե՞ն իրենց ավանդները ստանալ»:
Արձագանքելով Հ. Հովհաննիսյանինՙ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանն ասաց. «Հովհաննիսյանը, որ դեմ է եղել ավանդների վերադարձմանը, իր հետեւողական գործելակերպով ամեն ինչ արել է, որ դրանք չվերադարձվենՙ հիմա որոշում է կայացրել անընդհատ այդ հարցը բարձրացնել»: Ըստ ԱԺ նախագահիՙ հարցն օրակարգ կմտնի սահմանված կարգով: Խորհրդարանական հանձնաժողովը ստեղծվել-աշխատել է, սահմանված կարգով հարցը նորից օրակարգ կներառվի: Իսկ հանրապետության նախագահի ստեղծած հանձնաժողովն օրենքով տեղեկատվություն չի ներկայացնում ԱԺ-ին: «Պարկի մեջ ասեղ թաքցնել հնարավոր չէ», իր խոսքն ավարտեց ԱԺ նախագահը:
Մ. Խ.