«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#161, 2005-09-09 | #162, 2005-09-10 | #163, 2005-09-13


ԵՐՎԱՆԴ ԶԱԽԱՐՅԱՆԸ ԹՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԹՈ՞ՒՅԼ Է

Նրա ասուլիսից հետո զարմացել են Բուզանդի փողոցի բնակիչները

Բուզանդի փողոցում երեկ հավաքված Հյուսիսային եւ Գլխավոր պողոտայի բնակիչները սաստիկ վրդովված էին քաղաքապետ Երվանդ Զախարյանի ուրբաթ հրավիրած մամլո ասուլիսում արած մի շարք հայտարարություններից, մասնավորապես բնակիչների փոխհատուցման մասին «ոչ ճիշտ» տվյալներ հաղորդելուց: Սեդրակ Բաղդասարյանը կարծում է, որ քաղաքապետն ուղղակի պարտավոր էր այդ ասուլիսին մասնակից դարձնել նաեւ Բուզանդի փողոցի բնակիչներին, որպեսզի հասարակությունն ի վերջո հնարավորություն ունենար քաղաքապետից լսելու իրենց հարցերի հստակ պատասխանները: «Մենք կարող ենք բերել փաստեր, ԾԻԳ-ից տրված հայցադիմումով, որ մեզ տրված գումարները չեն համապատասխանում Երվանդ Զախարյանի հայտարարություններին: Կոնկրետ ինձ 55, 7 քմ համար առաջարկել են 37 հազար դոլար, որից 10 տոկոսը պահում են, այսինքն ստացել եմ 33 հազար: Հասարակ թվաբանություն արեք եւ տեսեք, արդյոք ես 1 քմ համար 800 դոլար ստացե՞լ եմ»: «Պետական կարիքների զոհեր» կազմակերպության անդամ Վաչագան Հակոբյանը եւս հայտարարեց, որ Զախարյանի հայտարարությունը հեռու է իրական լինելուց, թե՛ Հյուսիսյաին, թե՛ Գլխավոր պողոտաների բնակիչները 1 քմ համար 800-1000 դոլար չեն ստացել: «Մենք ունենք փաստեր, որ բնակիչներին 1 քմ համար 230 դոլար չի տրվել, ուր մնաց թե 800: Ես զարմանում եմ, թե ինչպես կարող է պաշտոնյա մարդը այդպիսի սուտ ասել, իմանալով, որ դա տարածվում է ամբողջ երկրում եւ արտասահմանում: Ոչ մի կուսակցություն մեզ չի հրահրում իշխանությունների դեմ, մենք ուրախ կլինեինք, որ մեր կողքին կանգնած լինեին իշխանավորները»:

ՀԺԿ մամլո քարտուղար Ռուզան Խաչատրյանը նշեց, որ պետության կարիքները մեզանում մի խումբ պաշտոնյաների կարիքներն են, կարեւորը անուններ հրապարակելը չէ, այլ այն փաստը, որ քաղաքի կենտրոնի տարածքներն իրացվում են ոչ թե պետական կարիքների, այլ առանձին անհատների եւ պաշտոնյաների համար. «Նրանք այն աստիճանի ցինիկ են, որ հայտարարում են, թե պետական կարիքն իրենց սեփականն է: Դա անօրինական երեւույթ է, եւ նրանք պետք է պատասխան տան օրենքի առջեւ: Այս եւ շատ այլ հարցեր քաղաքականացնում են ոչ թե բնակիչները, այլ իշխանավորները: Ի՞նչ չափանիշներով է գնահատվել բնակիչների սեփականությունը, եթե մեկին 1 քմ համար տրվել է 200, մյուսին ՙ 1000 դոլար: Արդյոք անձնական շահագրգռվածություն չկա՞ այդ ամենի մեջ»:

Ժորա Ղասաբյանն իր հերթին պնդեց, որ իրեն 57 քմ համար 23 հազար 640 դոլար է տրվել: «Զախարյանն ասում էՙ 54 հազար դոլար: Ես չեմ հասկանումՙ այդ տղան թվաբանությունից թո՞ւյլ է, ինչ է: Երեւի լավ չի սովորել, դրա համար էլ այդ պաշտոնն է ստացել»:

Բուզանդի 9 շենքից Միրզոյանների ընտանիքը վկայեց, որ «բնակիչներից մի քանիսը դատարան դիմեցին, մյուսները վախեցան քաշքշուկներից ու պայմանագիր կնքեցին 1 քմ համար ստանալով 230 դոլար: 94 քմ համար մենք ստացել ենք 32 հազար դոլարՙ խրախուսանքն էլ հետը: Այդ ինչպե՞ս եղավ, որ մյուսներին 1 քմ համար 800 դոլար են տվել: Ուրեմն մենք թեւ ու թիկունք չունեինք, իսկ նրանք ունեի՞ն»:

Քաղաքապետի ելույթից բորբոքված բնակիչների բողոքները վերջ չունեին....

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4