«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#163, 2005-09-13 | #164, 2005-09-14 | #165, 2005-09-15


ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՐՍԿՍՈՒՄԸ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՇԱՏ ՀԱՎԱՆԱԿԱՆ Է

Ճգնաժամերի միջազգային խումբը հրապարակել է զեկույց, որում հայկական կողմերի համար կան մի շարք տհաճ ձեւակերպումներ

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ

Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ղարաբաղյան հակամարտությունն ամենալուրջ խոչընդոտն է Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության հարցում: Ճգնաժամերի միջազգային խումբը (ՃՄԽ) (International Crisis Group) երեկ հրապարակել է ղարաբաղյան կարգավորման զեկույցներից առաջինըՙ «Դիտարկում հակամարտության վայրից» (Viewing the Conflict from the Ground): «Պատերազմի վերսկսումը Ղարաբաղում շատ հավանական է», նշվում է զեկույցի նախաբանում: Ընդհանուր առմամբ ավելի քան 30 էջանոց զեկույցում ներկայացվում է այսօրվա իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող 7 շրջաններում, ինչպես նաեւ ադրբեջանցի տեղահանվածների կենցաղային պայմանները նրանց համար նախատեսված ճամբարներում:

Զեկույցում կան հայկական երկու կողմերի` Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի համար մի շարք տհաճ ձեւակերպումներ: «Ազգն» առաջիկա համարներում առավել մանրամասն կանդրադառնա դրանց: Այսօրվա հրապարակման մեջ առանց մեկնաբանությունների կներկայացնենք որոշ հատվածներ զեկույցից: «ԼՂ-ն անկախության ձգտումներ ունի եւ պնդում է, որ ունի ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարություն, ինչը պետականության համապատասխանության նախապայմաններից է... ԼՂ-ն դարձել է աշխարհում ամենառազմականացված հասարակություններից մեկը»:

«ԼՂ ուժերն զբաղեցնում են Ադրբեջանի տարածքի 13,4 տոկոսը, որը ներառում է նախկին ԼՂԻՄ-ի 92,5 տոկոսը, Լեռնային Ղարաբաղի հարակից 5 շրջաններն ամբողջությամբ, եւս երկուսըՙ մասնակիորեն: Ինքնահռչակ ԼՂ իշխանություններն ասում են, որ իրենց տարածքի 15 տոկոսը վերահսկում է ադրբեջանական բանակը: Դրա մեջ մտնում են Մարտունու եւ Մարտակերտի շրջանների որոշ մասեր, ինչպես նաեւ Շահումյանի շրջանը ԼՂ-ի հյուսիս-արեւմուտքում: Բացի դրանից, նրանք Լաչինը համարում են ԼՂ-ի մաս եւ նշում, որ այդ շրջանը չի կարող դառնալ փոխզիջումների առարկա, քանի որ Ղարաբաղը կապում է արտաքին աշխարհի հետ»:

«Հավանական է, որ մոտ 413 հազար հայեր փախել են Ադրբեջանից եւ 724 հազար ադրբեջանցիներ (եւ քրդեր) տեղահանվել են Հայաստանից, Լեռնային Ղարաբաղից եւ շրջակա տարածքներից... Նախքան պատերազմը ԼՂ հարակից տարածքների 424,900 բնակիչները գերազանցապես ադրբեջանցիներ էին: Աղդամ, Քելբաջար, Ջեբրայիլ եւ Ֆիզուլի քաղաքների միայն հիմքերն են մնացել: Անգամ վաճառվել են էլեկտրալարերը, խողովակները եւ մյուս ենթակառուցվածքները: Ստեփանակերտի իշխանությունները ոչինչ չեն արել դադարեցնելու ավերը»:

«Լաչինում, Քելբաջարում եւ որոշ չափով Աղդամում Ստեփանակերտի վերաբնակեցման քաղաքականությունը միջազգային օրենքների ոտնահարում է թվում... Ինչպես նշեց ԼՂ խորհրդարանի նախագահը, երբ հայերը սկսում են մահացածներին թաղել այնտեղ, դժվար կլինի նրանց (բնակիչներին) նորից հանել այդ վայրերից»:

«Կյանքը Լեռնային Ղարաբաղում» գլխում նշվում է, որ չնայած ԼՂ-ն միջազգայնորեն ճանաչվում է Ադրբեջանի մաս, սակայն փաստացի անկախ է, որի ռազմական եւ տնտեսական անվտանգությունը երաշխավորում է Հայաստանը:

Զեկույցում մանրամասնորեն ներկայացվում է ԼՂ զինուժի կառուցվածքը: «ԼՂ-ն կարող է լինել աշխարհի ամենառազմականացված հասարակությունը: Ըստ անկախ դիտարկումների, Ղարաբաղի բանակը կազմված է 18,5 հազար զինծառայողներից, որոնցից 8,5 հազարը ղարաբաղցիներ են, մյուսներըՙ հայաստանցիներ»: ՃՄԽ-ն հարյուրավոր հարցազրույցների եւ դիտարկումների հիման վրա եկել է եզրակացության, որ մինչեւ 2000 թ. ԼՂ զինվորականությունը ծանրակշիռ դեր էր կատարում քաղաքականությունում: Իրավիճակը փոխվեց Սամվել Բաբայանի բանտարկությունից հետո:

Ընդգծվում է, որ Հայաստանն է ապահովում Լեռնային Ղարաբաղի բյուջեի մի մասը: «Միացյալ Նահանգները Հայաստանից հետո միակ երկիրն է, որը ԼՂ-ին տրամադրում է կառավարական ուղղակի օժանդակություն», նշվում է զեկույցում:

Մի ամբողջ գլուխ վերաբերում է ԼՂ հարակից տարածքներից ադրբեջանցի տեղահանվածներին: Մի կողմից նշվում է, որ տեղահանվածները շարունակում են բնակվել չափազանց վատ կենցաղային պայմաններում, մյուս կողմից, վկայակոչելով հենց փախստականներին, ՃՄԽ-ն պնդում է, որ նրանք դարձել են ներքաղաքական գործիք եւ օգտագործվում են Ադրբեջանի իշխող վարչակազմի քաղաքականությունում: (Այս մասին «Ազգն» առանձին հրապարակում կունենա):

ՃՄԽ-ն հայերի եւ ադրբեջանցիների երկխոսության ու հաշտության գլխավոր խոչընդոտներ է համարում երկուստեք, բայց առավելապես պետական մակարդակով Ադրբեջանի կողմից տարվող ազգայնականությունն ու թշնամանքը: Զեկույցն ավարտվում է Հայաստանի եւ Ղարաբաղի վերաբերյալ բավականաչափ տհաճ մի ձեւակերպմամբ: Խմբի անդամները մեջբերում են երեւանաբնակ մի ուսանողի խոսքերը, որն ասում է. «Ես երեւանցի եմ եւ ուսումն ավարտելուց հետո հրաժարվելու եմ ծառայել բանակում: Ես պարզապես կհեռանամ Հայաստանից, որովհետեւ ղարաբաղցիներն ավելի վատն են, քան ադրբեջանցիները: Ինչո՞ւ պետք է ծառայենք նրանց»:

Ճգնաժամերի միջազգային խումբը համարվում է անկախ, շահույթ չհետապնդող կազմակերպություն, որն ստեղծել է նախկին նախագահների, վարչապետների եւ նախարարների խումբը 1995 թ.: ՃՄԽ-ի հոգաբարձուների խորհրդի անդամ են նաեւ ոչ անհայտ Զբիգնեւ Բժեզինսկին եւ Ջորջ Սորոսը: Խմբի հրապարակած զեկույցները թեեւ որեւէ պարտավորություն չեն դնում հակամարտող կողմերի վրա, սակայն կարեւորվում են աշխարհի կարեւորագույն երկրների մայրաքաղաքներում այս կամ այն հակամարտությունը կարգավորելու վերջնական որոշումներն ընդունելիս: Նախատեսվում է, որ այս ամսվա վերջին ՃՄԽ-ն կհրապարակի ղարաբաղյան կարգավորման երկրորդ զեկույցըՙ «Ձայներ բանակցությունների սեղանից» (Voices from Negotiations Table):


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4