«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#163, 2005-09-13 | #164, 2005-09-14 | #165, 2005-09-15


«ԹԱՅՄԸ» ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ Է ԽՆԴՐՈՒՄ ՀԱՅԵՐԻՑ

Բայց միայն խոսքերը դեռ բավական չեն

Քանի որ շվեյցարական օրենքով Հայոց ցեղասպանության ժխտումը քրեական հանցագործություն է համարվում, տեղի Շվեյցարիա-Հայաստան ասոցիացիան (ՇՀԱ) վեց շաբաթ առաջ նամակ-բողոք էր ուղարկել ամերիկյան «Թայմ» պարբերականի խմբագրությանըՙ արտահայտելով իր «զայրույթն ու հուսախաբությունը» պարբերականի հունիսի 6-ի համարի հետ թուրքական հակահայկական քարոզչական DVD բաժանորդներին հասցեագրելու առթիվ եւ պահանջելով գործնական 9 քայլերով ուղղել հայերին հասցված վիրավորանքը: Ի թիվս այլոց, այդ քայլերը պետք է ներառեին պաշտոնական ներողության հրապարակումը թերթի էջերում եւ պարբերականի ծախսերով Հայոց ցեղասպանության մասին ճշգրիտ վավերագրական DVD-ի պատրաստում նույն 7 լեզուներով, որ թուրքական DVD-ն էր պատրաստված: Այդ քայլերը չկատարելու դեպքում ՇՀԱ-ն սպառնացել էր դատի տալ «Թայմին»:

Պարբերականի գործադիր խմբագիր Ջեմս Քելլին անցյալ շաբաթ կատարեց առաջին քայլը գրելով. «Զղջում ենք, որ «Թայմի» եվրոպական համարների հետ բաժանորդներին ուղարկել էինք (թուրքական) այդ DVD-ն եւ ցավում ենք հայերին պատճառած վիրավորանքի համար: DVD-ի այսպես կոչված «փաստագրական» մասը միակողմանի էր ներկայացնում պատմությունը եւ չէր համապատասխանում արդարության եւ ճշգրտության մեր չափանիշներին: Մենք այն չէինք բաժանի, եթե տեղյակ լինեինք դրա բովանդակությանը: Դժբախտաբար, DVD-ն պետք եղած խստապահանջությամբ չէր ստուգվել «Թայմում», որովհետեւ ենթադրվում էր, որ սովորական գովազդային ժապավեն է: Վստահեցնում եմ ձեզ, որ մենք փոխել ենք մեր վերստուգման գործընթացը եւ հետագայում առավել զգույշ կլինենք: Ներողություն ենք խնդրում հայ համայնքից եւ մեր ընթերցողներից»:

Ընդհանուր առմամբ հրաշալի մի նամակ է սա, որը մի շարք կարեւոր կետեր է վեր հանում.

ա) կարճ լինելով հանդերձ, 3 անգամ ափսոսանք եւ ներողություն է հայցում,

բ) հարցականի տակ է դնում թուրքական DVD-ի հավաստիությունըՙ որակելով «այսպես կոչված փաստագրական» եւ «միակողմանի», որը չի համապատասխանում «արդարության եւ ճշգրտության «Թայմի» չափանիշներին»,

գ) ընդունում է, որ պարբերականը չէր բաժանի այդ DVD-ն, եթե «տեղյակ լիներ դրա բովանդակությանը»,

դ) ընդունում է «Թայմի» աշխատողների անփութությունը, քանի որ «պետք եղած խստապահանջությամբ չէր ստուգվել,

ե) խոստանում է «առավել զգույշ լինել» հետագայում, եթե թուրքերը փորձեն մի անգամ եւս նման խաղ խաղալ:

Իրոք, նամակը մեծ առաջընթաց է համեմատած «Թայմի» նախնական արձագանքի հետ, որի ժամանակ պարբերականի եվրոպական հրատարակչության խմբագիր Ջեյմս Ջիըրին սառնորեն պատասխանել էր հայերի բողոքներին, ասելով, որ թերթը «չի պաշտպանում ոչ մի քաղաքական կազմակերպության կամ դատ»:

Սակայն Քելլիի նամակն էլ անթերի չէ: Ամենակարեւորը չի նշված այնտեղ: Սխալն ընդունելուց եւ ներողություն խնդրելուց բացի, նամակը չի նշում, թե գործնական ինչ քայլեր է ձեռնարկում պարբերականը փոխհատուցելու հայ վերապրողների հոգեկանին եւ զոհերի հիշատակին հասցված վնասը:

Պրն Քելլին եւ «Թայմի» մյուս ղեկավար աշխատողները պարտավոր են կատարել ՇՀԱ-ի պահանջած քայլերը: Նվազագույնը, որ պարբերականը կարող է անել, այն է, որ անվճար պատրաստի եւ իր կես միլիոն բաժանորդներին ուղարկի Հայոց ցեղասպանությունը ճշգրտորեն ներկայացնող մի նոր DVD: Այլապես նրա սխալի ընդունումն ու ներողություն հայցելը կմնան որպես դատարկ խոսքերՙ զուրկ իմաստից եւ անկեղծությունից: Հեշտ է մեկ միլիոն դոլար գրպանելը թուրքական DVD-ն տարածելու եւ հետագայում պարզապես հայերից «ներողություն» հայցելու համար: Իսկական ափսոսանքը պետք է ընկերանա կոնկրետ գործողություններով, որոնք կշտկեն սխալը:

Մինչ այդ հայերը, աշխարհի որ անկյունում էլ գտնվեն, պետք է շարունակեն բոյկոտել «Թայմին» եւ իրավական բոլոր միջոցներով փորձեն հասնել իրենց պահանջների բավարարմանը:

ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4