«Մուսա լեռան հերոսամարտը մեր պատմության հոյակերտ էջերից է եւ այսօր` 90 տարի անց, մենք ոգեկոչում ենք 40 օր տեւած հերոսամարտը, որը մեր պատմության մանրակերտն է», այսպես արտահայտվեց Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ սրբազանը օրերս «Ակադեմիա» պատկերասրահում բացված ցուցահանդեսի ժամանակ: Ցուցահանդեսը, որ նվիրված էր Մուսա լեռան հերոսամարտի 90-ամյակին, ներկայացնում էր մուսալեռցի արվեստագետների` 10 նկարչի եւ մեկ քանդակագործի ստեղծագործությունները: «Մուսալեռ» հայրենակցական միության նախագահ Կամո Տեր-Պետրոսյանի բնորոշմամբ թեմատիկ պատվեր չունեցող ցուցահանդեսին մասնակցող արվեստագետներին միացնում է մուսալեռցու արյունը. նրանք բոլորն էլ մուսալեռցիներ են: Նրա խոսքերով, թեպետ ներկայացված աշխատանքներից յուրաքանչյուրն ունի իր ոճն ու իր ասելիքը, բայց ընդհանուրը մուսալեռցու ազատատենչ ոգին է:
Այսօր Հայաստանում չբնակվող, բայց մայր հայրենիքը տեսնելու հույսը չկորցրած նկարիչների գործերը` մերթ մռայլ, մերթ լուսավոր, պատկերում են հայրենի բնաշխարհը, մեր հոգեւոր կոթողները, ինչպես նաեւ արվեստագետների բնակության այժմյան վայրերը: Այնպիսին, ինչպիսին օրինակ գեղեցիկ Այնճարն է (բնակավայր Լիբանանում), որտեղ ապրում է հայերի, մուսալեռցիների մեծ համայնք:
Մուսա լեռան հերոսամարտի 90-ամյակին նվիրված «Մուսալեռ» հայրենակցական միությունը միջոցառումների շաբաթյակ է կազմակերպել: Միության պատասխանատու քարտուղար Պերճ Ղազարյանի խոսքերով, նշված միջոցառումներով իրենք ցանկանում են ցույց տալ ոչ միայն մուսալեռցու մարտնչող ոգին, այլեւ նրա մարտնչող ստեղծագործությունները:
Հոբելյանական միջոցառումների մեկնարկը սեպտեմբերի 11-ին էր, երբ Այնճարի «Լուսարձակ-40» թատերախումբը ներկայացրեց Լեւոն Շանթի «Ճամբուն վրայ» թատերախաղը: Կանադահայ բանախոս Հակոբ Ջանբազյանը «Մուսա լեռան հերոսամարտի դասերը» թեմայով դասախոսություն կարդաց: Միջոցառումների շարքն ընդգրկում է հանդիսություններ, երեկոներ, այց Եղեռնի զոհերի հուշարձան եւ Եռաբլուր, ավանդական հարիսայի նախապատրաստություն: Իսկ սեպտեմբերի 18-ին շարքը կավարտվի սուրբ պատարագով եւ եզրափակիչ տոնախմբությամբ:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ