«Ազգային միաբանության» ղեկավար, ԱԺ պատգամավոր Արտաշես Գեղամյանն ընթերցողի դատին հանձնեց իր երկրորդ գիրքը: Երեկ շնորհանդեսին ստվար, երկլեզու (հայերեն, ռուսերեն) ժողովածունՙ «Հոդվածներ, հարցազրույցներ, ելույթներ», հրավիրյալներին (դեսպաններ, քաղաքական գործիչներ, տարբեր գումարումների պատգամավորներ, գրողներ, գիտնականներ եւ հյուրեր) ներկայացրեց պատմաբան Անուշավան Զաքարյանը: Ժողովածուում ի մի է բերված Արտաշես Գեղամյանի 30-ամյա հասարակական-քաղաքական գործունեության ժամանակագրությունը... «Այդ նյութերում կան դառը մտորումներ, կծու եւ թթու բնութագրումներ, բայց ոչ երբեք ատելություն կամ թույն», նշում էր ժողովածուի հեղինակ Արտաշես Գեղամյանը, որն այս հրատարակությունը նվիրել է իր ծնողներին, ովքեր իր կնոջ հետ մեկիկ-մեկիկ հավաքել են անցած 30 տարիների նյութերը: Գեղամյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին եւ իրեն աջակցողներին ու խորհուրդ տվեց ընթերցել «շատերի համար ուղեցույց հանդիսացող» ժողովածուն:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ