Կիլիկիայից տարագրված փախստական, թուրքերի կողմից որոնվող, Այնթապի քոլեջում ուսում ստացած Մկրտիչ Արարատյան հայը պիտի շունչ առներ Հալեպում, ամուսնանար իր հայրենակից օրիորդ Մարիամ Շիրիքճյանի հետ, վեց աղջիկ ունենալուց հետո մի մանչ զավակ պիտի ունենային, ով այլ անուն չպիտի ունենար, քան Մասիսն է: Այս Մասիսը Հայկազյան մանկապարտեզի բոլոր բույրերը շնչելուց, բոլոր ճաշերը համտեսելուց, մանկապարտիզպանուհի տիկին Սաթենիկ Տասնապետյանի գուրգուրանքներն առնելուց հետո նախակրթարանի իր ուսումը պիտի շարունակեր Զավարյան վարժարանում: Իրՙ Մասիս Արարատյանի կենսագրությունում պիտի հետո կարդանք.
«...Իր ուսուցիչները միշտ չէ, որ դիտած են զինք ներող աչքով, որ իրաւունք ունէին յաճախ, որովհետեւ Մասիս երբեմն սեւ գրատախտակին վրայ, կաւիճով ծաղրանկարները կը գծէր այն ուսուցիչներունՙ որոնցմէ կ՛ուզէր վրէժ լուծել իր չգիտցած դասերուն համար: Անշուշտ քիչ չէին այդ չգիտցած դասերը...»:
Օրերս «Ազգ» թերթի խմբագրություն հյուր եկած Մասիս Արարատյանը պիտի պատմի, որ իր առաջին «զոհերը» իր ուսուցիչներն են եղել: Ազնիվ ու ազգասեր մարդիկ էին պարոն Լոշխաճյանը, Հակոբ Գալեմքերյանը, Արամ Սարգիսյանը, Նիզար Խալիլին, Զարեհ Մելքոնյանը, Կարապետ Ջուհարյանը, ծերունազարդ ու պատկառազդու Կարապետ Յուլուպեյանը: Հատկապես վերջինս, ով մեծապես քաջալերում էր 12-13 տարեկան տղային: Իսկ ինքըՙ Մասիսը, գտել էր իր նկարները ներկայացնելու ձեւը. մի ուսուցչի ծաղրանկարը տալիս է մյուսին, երրորդի ծաղրանկարըՙ չորրորդին... Ու այսպես, Մասիսի բոլոր ուսուցիչները մյուս բոլորի ծաղրանկարներն ունենում էին: Իր ծաղրանկարներն ունեցավ նաեւ վարժարանի տնօրեն Գրիգոր Էքմեքճյանը: «Թեեւ բարի ու վեհանձն մարդ էր, բայց անոր ժպիտն ու տխրութիւնը դժվար էր զանազանել», ասում է Մասիսը:
Մասիսի հորՙ Մկրտիչ Արարատյանի ցանկությունն այլ էր: Նա իր որդուն տնտեսական ոլորտում էր տեսնում, բայց տղան գծագրությունն ընդունեց:
1940-ական թթ. գծագրությունը փնտրված եւ շահաբեր գործ չէր, բայց այս էր Մասիսի ունեցած սերն ու պաշտամունքը: Ինքն աշխարհն ու մարդկանց տեսնում էր գծերի միջոցով, ոչ ճշգրիտ, ոչ խիստ, այլՙ փոքր-ինչ շեղ, ծիծաղկոտ, բարի գծերի միջոցով: Եվ առավել մասնագիտանալու համար նա դարձավ ճարտարապետ-նախագծող Արշակ Գալեմքերյանի օգնականը:
Ինքըՙ Մասիս Արարատյանը, անչափ կարեւորում է հանդիպումը սփյուռքահայ գրականության եւ գրագիտության մեծ մարդկանցից մեկիՙ Անդրանիկ Ծառուկյանի հետ, ով նախ եղել է Մասիսի ուսուցիչը Զավարյան վարժարանում: Այստեղ Ծառուկյանը շատ ջերմ վերաբերմունք ուներ կատականկար անող մանչի նկատմամբ: Իսկ արդեն 1953 թվականից Մասիսը Հալեպից նկարներ էր ուղարկում Բեյրութ, «Նայիրի» շաբաթաթերթին, որի գլխավոր խմբագիրը Ծառուկյանն էր: 1954-ին Մասիսը փոխադրվում է Բեյրութ եւ բացում իր առաջին գծագրատունը, ուր ոչ միայն գծագրական աշխատանքներ է կատարում, այլեւ ծաղրանկարներ է անում տեղական թերթերի համար, լինեն դրանք արաբագիր, ֆրանսիագիր, թե հայագիր:
Այդ տարիների հետ է կապված Անդրանիկ Ծառուկյանի եւ Մասիս Արարատյանի սերտ բարեկամությունը: Նրանք այլեւս լավ բարեկամներ էին, որը թույլ է տալիս տարիներ անց որոշ մանրամասներ հիշելՙ հանրությանն անծանոթ:
... 40-ն անց Անդրանիկ Ծառուկյանն ի վերջո ցանկանում է ամուսնանալ: Ամուսնանում եւ որոշում է մեղրամիսն անցկացնելու համար հարմար հյուրանոց գտնել: Փնտրում են երկուսով: Ու ամեն հյուրանոց մտնելիս որպես նորափեսա ներկայացվում է 23-24-ամյա Մասիս Արարատյանը: Այդպես ավելի հարմար էր... Հետագայում, երբ արդեն ամուսնանում է Մասիսը, նրա մեղրամսի (կամ ինչպես Մասիսն է ասումՙ «մեղրալուսնի») ծախսերը հյուրանոցում փակում է Անդրանիկ Ծառուկյանը:
Լիբանանի քաղաքացիական պատերազմը Մասիսին դարձրեց գաղթական: Նա հաստատվում է Մ. Նահանգներում, Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում եւ պաշտոնավարում է «Herald Examiner» օրաթերթում, որն օրական երկու տպագրություն ուներ: Բայց, դե, հայի բախտ էր, եթե անգամ հայը ծաղրանկարիչ էր: Այս թերթը տնտեսական պատճառներով փակվում է 1990 թվականին, որից հետո Մասիս Արարատյանը հիմնում է իր անձնական գծագրատունը:
1977 թվականից մինչեւ օրս Մասիս Արարատյանն աշխատակցում է «Ասպարէզ» շաբաթաթերթինՙ շաբաթական ներկայանալով մեկ կամ երկու ծաղրանկարով:
...Երբ հանդիպում էինք «Ազգի» խմբագրատանը, մեր զրույցին ներկա էր նաեւ մեր թերթի երգիծանկարիչ Գեորգի Յարալյանը, որին անչափ հարգում եւ բարձր է գնահատում Մասիս Արարատյանը: Ու հենց Գ. Յարալյանի նկարն էլ ներկայացնում ենք մեր այս կարճառոտ խոսքի հետ:
ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ