Գիտնականները հավաստիացնում են, որ այսօր Արկտիկայում քայքայված է օզոնի շերտի 60 տոկոսը: Օզոնի շերտի քայքայման վերաբերյալ գիտնականներն առաջին ուսումնասիրությունները կատարել են 1960-ականներից, իսկ 1985-ից Վիեննայում սկսեցին ավելի լուրջ հետազոտել խնդիրը:
«Երիտասարդություն, շրջակա միջավայր, Եվրոպա» միջազգային երիտասարդական կազմակերպության աջակցությամբ աշխարհի մի շարք երկրներում սեպտեմբերի 16-ը նշվում է իբրեւ օզոնային շերտի պաշտպանության միջազգային օր: Կազմակերպության Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Բելգիայի, Պորտուգալիայի եւ Չեխիայի մասնաճյուղերը վաղը տարաբնույթ ակցիաներ են անցկացնելուՙ հասարակական լայն զանգվածներին օզոնային շերտի քայքայման վնասները եւ դրա դեմ պայքարի ուղիներ ներկայացնելու համար:
Վաղն առավոտյան Երեւանի եւ մի շարք մարզերի դպրոցներում «Երիտասարդական ակումբների դաշնությունը» (ԵԱԴ) կազմակերպել է միջոցառումներ, որոնց ընթացքում դպրոցականներին կներկայացվի վերոհիշյալ խնդիրը: «Կա երկուՙ լավատեսական եւ հոռետեսական կանխատեսում, «Ազգի» հետ զրույցում ասաց ԵԱԴ նախագահ Ատոմ Մխիթարյանը: Առաջինի համաձայնՙ եթե հասարակությունը դադարեցնի վնասակար արտանետումները, օզոնային շերտը կկարողանա ինքնավերականգնվել: Հոռետեսական կանխատեսումը խոսում է այն մասին, որ ընդամենը 5 տարի անց օզոնային շերտի քայքայման հետեւանքը զգալի կլինի Երկիր մոլորակի վրա»:
Ատոմ Մխիթարյանն ասաց, որ ինչպես դպրոցներում, այնպես էլ կեսօրին Բրյուսովի անվան լեզվագիտական համալսարանում կազմակերպվող միջոցառումների մասնակիցներին կբաժանվի խնդրի վերաբերյալ գրականություն: «Կենցաղում օգտագործում ենք իրեր, որոնք սպառնում են օզոնային շերտին: Հին սառնարանները, օդափոխիչ սարքերը պարունակում են քլոր, ֆտոր-ածխաջրեր, որոնք վնասակար են: Զարգացած երկրներում այդ սարքերն այնպես են վերացնում, որ վատ հետեւանք չլինի», ասաց Ա. Մխիթարյանը:
Երեկոյան Ազատության հրապարակում կհավաքվեն ողջ օրը մարզերում եւ Երեւանում կազմակերպված միջոցառումների մասնակիցներն ու հասարակությանը կտեղեկացնեն այն ամենը, ինչ լսել ու սովորել են օրվա ընթացքում: Կարճ ժամանակ անց տարբեր երկրներում կազմակերպված ակցիայի մասին պատմող լուսանկարներն ու նյութերը կտեղադրվեն ինտերնետային էջում:
ԹԱՄԱՐ ՄԻՆԱՍՅԱՆ