Կառավարության հաստատած բուհերի կառավարման խորհրդի նոր կարգի մասին շարունակվող խոսակցություններում անընդմեջ նշվում է, որ որոշումն ընդունվել ու վավերացվել է առանց նախնական քննարկումների, բուհերին այն ուղարկվել է «ի կատարումն»: Կրթության նախարարությունը, ի դեմս փոխնախարար Արա Ավետիսյանի, մի քանի անգամ խորհրդակցել է ռեկտորների հետ, ինչն այսօր որակվում է քննարկումներ: Ու թեպետ ռեկտորները հանդես են եկել սկզբունքային առարկություններով, շեշտելով իրենց մտահոգությունները, դրանք, ըստ ամենայնի, որեւէ նշանակություն չեն ունեցել կառավարության օրգանական մաս կազմող կրթության նախարարության համար եւ որոշումը հաստատվել ու հրահանգվել է բոլոր բուհերին: Մեր նախորդ համարներից մեկում անդրադարձել էինք Երեւանի պետական համալսարանի գիտական խորհրդի նիստի որոշմանը, սեպտեմբերի 20-ին նոր կարգը կքննարկվի նաեւ Երեւանի ճարտարագիտական համալսարանում, որի հոգաբարձուների խորհրդում ընդգրկված է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:
Բուհերի կառավարման խորհրդի ձեւավորման նոր կարգը վերջին օրերին տարբեր բուհերում համեմատվում է նախորդի հետ, առանձնացվում են մտահոգիչ շատ խնդիրներ, որոնց պատասխաններն առայժմ լսելի չեն: Գուցե դրա հիմնական պատճառն այն է, որ այս խորհուրդն ունի շատ բարձր իրավասություններՙ համալսարանի տարեկան բյուջեի քննարկում եւ ընդունումՙ հատկապես նրա արտաբյուջետային մասով, ռեկտորի տարեկան հաշվետվության ընդունում, կանոնադրական փոփոխություններ, ռազմավարական ծրագիր, ծախսերի նախահաշիվ եւ այլն: Ներկա դրությամբ այս հարցերը դարձել են անորոշ: Շատերին ուղղակի անհասկանալի է թվում, թե ինչպես կարող են համալսարանների մասնաճյուղերն ու բաժանմունքները նոր կարգի պահանջով օտարվել հիշյալ հարցերի քննարկումներից: Դժվար ըմբռնելի կետեր կան նաեւ համամասնությունների հարցումՙ խորհրդի կազմի 25 տոկոսին նշանակում է կառավարությունը, 25 տոկոս է կազմում նաեւ լիազորված մարմինըՙ ի դեմս կրթության եւ գիտության նախարարության: Խորհրդի կազմում նախատեսված է ընդգրկել նաեւ ուսանողների, որոնք համալսարանական կոլեկտիվի բաղկացուցիչ մասն են, սակայն փոխվում են ամեն տարի, եւ դրանով իսկ անիմաստ դարձնում բուհերի աշխատակազմի հետ նրանց նույն հարթակում հայտնվելը: Թերեւս ամենից խնդրահարույցը պրոֆեսորադասախոսական կազմին կառավարման խորհուրդներից, մեղմ ասած, վտարելն ու նրանց տեղը ինչպես ընդունված է մեզանում, խնամի-բարեկամներով լրացնելն է:
Հաջորդ հարցը բուհերի ինքնուրույն գործունեության զարգացման սահմանափակումն է, որն արդարացիորեն անհանգստացնում է բուհերի ղեկավարներին: Նոր կարգն ուղղակիորեն հարվածում է բուհերի ինքնավարությանը, որը համարվում է կրթության նախարարի այս տարի ստորագրած Բոլոնիայի հռչակագրի կարեւոր սկզբունքներից մեկը: Այդ փաստաթուղթը պահանջում է բուհերի առավելագույն ազատություն, մեծ պատասխանատվություն, ինչպես նաեւ հաշվետվություն հասարակության եւ հիմնադրի առջեւ: Կասկածից վեր է, որ նոր կարգը կբարդացնի համալսարանների ինքնավարության զարգացման վերոնշյալ սկզբունքի կիրառումը:
Կարեւոր հարցերից մեկն, անշուշտ, նաեւ գործունեության թափանցիկությունն է: Շատերի համոզմամբ, նախորդ կարգն ապահովում էր ֆինանսական եւ այլ որոշումների առավելագույն թափանցիկություն, քանի որ դրանց քննարկմանը մասնակցում էին կառավարման մեծ խորհրդում ընդգրկված 200- 230 աշխատակիցները, իսկ նոր կարգը նվազեցնում է համալսարանների տեղեկացվածությունն ու մասնակցությունը: Սահմանափակվում է նաեւ համալսարանների մասնակցությունը ռեկտորի ընտրության հարցում: Եթե նախկինում ռեկտորին ընտրում էր համալսարանի մեծ խորհուրդը, այժմ նրա ընտրությանը մասնակցելու իրավունք է ստանում 32 հոգի, որից միայն 8 է համալսարանների պրոֆեսորադասախոսական կազմից:
Կրթության նախարարության կեցվածքից դատելով, դժվար է ակնկալել, որ կառավարության «ի կատարումն» ուղարկված որոշումը կարող է որեւէ փոփոխության ենթարկվել, մանավանդ որ որպես կառավարման սուբյեկտներ բուհերն իրավասու չեն հրաժարվելու կառավարության որոշումները կատարելուց: Նրանք, իհարկե, կարող են ներկայացնել առաջարկություններ, որոնք հաշվի առնելու դեպքում կառավարությունը կարող է կասեցնել կամ վերանայել հաստատված որոշումը, բայց... քննարկումների փուլ չանցած կառավարության որոշումն արդեն գործում է եւ... պարտադիր է բոլորի համար: Այսպես է ընդունված մեզանում:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ