«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#163, 2005-09-13 | #164, 2005-09-14 | #165, 2005-09-15


ԱԼԵՔՍԱՆԴՐ ՓԻՐԱԴՈՎԸ ԻՐ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ ԿՆՎԻՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

«Ազգն» արդեն տեղեկացրել է, որ «Լինսի» հիմնադրամով հիմնանորոգումից հետո Ջոտտոյի թանգարանը բացվեց «Ափսեի կլոր տարածությունը» խորագրով չորսօրյա ցուցահանդեսով, ուր ներկայացվել էին 27 վրացի եւ թիֆլիսահայ 5 գեղանկարիչների ճենապակե ափսեների վրա յուղաներկով կատարած իրապաշտական, գերիրապաշտական, խորհրդապաշտական եւ վերացական աշխատանքները: Այդ ուշագրավ ափսեների տերը ճանաչված հավաքորդ, տեխնիկական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Փիրադովն է, որը սերում է Փիրադովների հայտնի ազնվական տոհմից եւ ապրում է Թբիլիսիում:

Ափսեները Ալեքսանդր Բոգդանի Փիրադովի հավաքածուի մեջ մեծ տեղ չեն գրավում, քանի որ այստեղ կան տարբեր ժամանակներում եւ տարբեր արվեստանոցներում ստեղծված գեղանկարներ, գծանկարներ. Եղիշե Թադեւոսյանի, Գեւորգ Բաշինջաղյանի, Էդգար Շահինի, Վահրամ Գայֆեջյանի, Հարություն Շամշինյանի, Հմայակ Հակոբյանի անունները զարդարում են Փիրադովի հավաքածուն: Սակայն, արվեստաբանների կարծիքով, հավաքածուն հայ մշակույթի համար հատկապես կարեւորվում է այն արվեստագետների ստեղծագործություններով, որոնց մասին մեզանից շատերը գաղափար անգամ չունեն: Նինա Վերմիշեւայի, Էմմա Լալաեւայի, Մադլենա Ամիրխանովայի, Մկրտիչ Մարգարյանի (Մակո), Միքայել Խունունցի, Սերգեյ Չախոյանի եւ այլոց նկարները, որոնց վերատպությունները տեսանք Մոսկվայում լույս տեսած «Թիֆլիսահայ նկարիչների ստեղծագործությունների Ալեքսանդր Փիրադովի հավաքածուն» ալբոմի մեջ, հաճելիորեն մեզ զարմացրին:

Անցյալ տարի Ալեքսանդր Փիրադովն իր հավաքածուի այս կտավները ցուցադրեց Մարինա Ցվետաեւայի մոսկովյան թանգարանումՙ «Մոռացված անուններ» խորագրով:

- Եթե Հայաստանի կառավարությունը համապատասխան շենք տրամադրիՙ իմ հավաքածուն սիրով կնվիրեմ իմ ժողովրդին,- ասում է նշանավոր ազնվական տոհմի ներկայացուցիչ Ալեքսանդր Փիրադովը:

Ա. ԱՄԻՐԽԱՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4