Որոշ հիվանդությունների աճ սակայն նկատվել է
2005 թ. առաջին կիսամյակում հանրապետությունում գրանցված հիվանդությունների եւ դրանցից համաճարակային բնույթ ստացածների մասին իմանալու համար առողջապահության նախարարությունը մատնանշեց պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչությանը: Հարցի առնչությամբ զրուցեցինք տեսչության վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանի հետ, որի հավաստմամբ 2005 թ. առաջին կիսամյակում հանրապետությունում համաճարակային իրավիճակը հանգիստ է: «Ազգի»ՙ «Ինչպես է որոշվում համաճարակային իրավիճակի հանգիստ լինել-չլինելը» հարցին բաժնի պետը պատասխանեց, որ կա մշակված որոշակի համակարգ, թե որ դեպքի համար, որ ցուցանիշն է համաճարակային համարվում: Ըստ այդ համակարգի, փաստորեն հանրապետությունում համաճարակային իրավիճակ որեւէ հիվանդության դեպքում այս տարի դեռ չի գրանցվել:
Սակայն, Լիլիթ Ավետիսյանի խոսքերով, առողջապահության բնագավառում կան վարակիչ հիվանդություններ, որոնց հարցը հիմնախնդրային է: Օրինակ, կառավարությունը մինչեւ 2009 թ. մալարիա հիվանդությունը վերացնելու կուրս է վերցրել: Բաժնի պետի խոսքերով, հենց այդ պայքարի արդյունքում 1998 թ. գրանցված 1156 մալարիայի դեպքերի համեմատ, 2005 թ. առաջին կիսամյակում գրանցվել է մալարիայի 5 դեպք` 2-ը տեղական, 3-ըՙ բերովի: Իսկ 2004 թ. նույն ժամանակահատվածում գրանցվել է մալարիայի 25 դեպք, որոնցից միայն 2-ն է տեղական ծագմամբ, մնացածը բերովի են: Նշված հիվանդության բերովի դեպքերի դեմ պայքարելու համար կառավարության 1117 որոշմամբ սահմանային կետերում 7 սանիտարակարանտինային կետեր են ստեղծվել, որոնք հետեւում են հիվանդության չներմուծմանը: Կոնկրետ այս հիվանդության դեպքում պայքարի նման շարունակությունը, տկն Ավետիսյանի խոսքերով, կարող է բերել մալարիայի վերացման:
Լիլիթ Ավետիսյանի հաղորդած տվյալների համաձայն, իրավիճակը հանգիստ է նաեւ աղիքային հիվանդությունների առումով: Սակայն եթե 2004 թ. առաջին կիսամյակի համեմատ 2005 թ. նույն շրջանում նվազել են դիզենտերիաների դեպքերը, եւ որովայնային տիֆ չի գրանցվել, ապա ավելացել են սուր աղիքային հիվանդությունները: Քչացել են վիրուսային հեպատիտի (դեղնախտ) դեպքերը: 2004 թ. առաջին կիսամյակի 351 դեպքերի համեմատ 2005 թ. նույն ժամանակահատվածում գրանցվել է դեղնախտի 326 դեպք: Դիտվել է համաճարակային պարոտիտի (խոզուկ) հիվանդացման նվազում 3,7 անգամ: 2004 թ. առաջին կիսամյակում գրանցվել է խոզուկի 335, իսկ 2005 թ. նույն շրջանում` 89 դեպք:
Սրան հակառակ կարմրուկի նկատելի աճ է գրանցվել: Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, եթե 2004 թ. հունվար-հունիսին գրանցվել է 873 դեպք, ապա 2005 թ. գրանցվել է 2209 դեպք: Այս աճը բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանը բացատրում է այն բանով, որ հիվանդություններն ունեն բնական, սեզոնային պարբերականություն: Կարմրուկի աճն էլ պայմանավորված է բնական պարբերականությամբ, որը 7-8 տարին մեկ է:
Նվազել են նաեւ ոջլոտության, վերին շնչուղիների, սուր վարակների, կրկնակիՙ գրիպի դեպքերը. 2004 թ. 10078-ի համեմատ այս տարի գրանցվել է գրիպի 5711 դեպք: Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, ավելացել են շնչօրգանների տուբերկուլյոզի, ԴԱՎ-ի դեպքերը:
Հակահամաճարակային տեսչության սնուցման եւ սննդամթերքի անվտանգության բաժնի տվյալներով, 2005 թ. առաջին կիսամյակում շատացել են թունավորումները: Գրանցվել է 38 թունավորում նախորդ տարվա առաջին կիսամյակի 21 դեպքի համեմատ: Նույն աղբյուրի համաձայն, թունավորումներից 21-ը բուտուլիզմ է, 17-ըՙ սնկերից: Բաժնի պետ Մարգարիտա Բաբայանի խոսքերով բուտուլիզմի հիմնական պատճառը պահածոներն են: Հատկապես վտանգավոր են պահածոյացված կարմիր տաքդեղը, շուշանը, խավիարը, մարինացված վարունգը: Մասնագետը խորհուրդ տվեց պահածոյացված մթերքները ուտելուց առաջ 15-20 րոպե եռացնել: Իսկ սնկերի թունավորման պարագայում բաժնի պետը զգուշացրեց չգնել անհայտ ծագման սնկեր եւ գնված ապրանքի հետ պահանջել անասնաբուժական ծառայության համապատասխան փաստաթուղթ: Սունկը հարկավոր է մի քանի անգամ լվանալ, եռացնել, նոր միայն պատրաստել: Տկն Բաբայանը հավաստիացրեց, որ այս տարի չեն գրանցվել թունավորումներ կաթնեղենից, մսեղենից եւ ձկնեղենից:
Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Լիլիթ Բաբախանյանից էլ տեղեկացանք, որ այս տարվա առաջին կիսամյակում հանրապետությունում գրանցվել է օձի խայթոցի 29 դեպք: Տուժողներին ցուցաբերվել է օգնություն, մահվան դեպքեր չեն եղել:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ