Ներկայացված էին 180 ընկերություններ Հայաստանից եւ 15 այլ երկրներից
Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում երեկ բացված Armenia EXPO-2005 5-րդ տարածաշրջանային առեւտրաարդյունաբերական ցուցահանդեսը աննախադեպ բնութագրեցին Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանն ու առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը:
Արսեն Ղազարյանը ցուցահանդեսի բացմանը նշեց, որ Armenia EXPO-2005-ը վկայում է Հայաստանի տնտեսության զարգացման մասին եւ նշանակում է, որ Հայաստանը դարձել է տարբեր երկրների գործարարների միջեւ կապեր հաստատող տարածաշրջանային կենտրոն: Կարեն Ճշմարիտյանն իր հերթին շեշտեց, որ այս ցուցահանդեսն անկախ Հայաստանի պատմության մեջ ամենախոշորն է մասնակիցների թվով եւ ընդգրկվածությամբ:
Հերթական տարածաշրջանային առեւտրաարդյունաբերական ցուցահանդեսի 1520 քմ տարածքի վրա ներկայացված են մոտ 180, այդ թվում նաեւ 15 օտարերկրյա ընկերություններ: Մասնակից երկրների թվում են, բացի Հայաստանից եւ Լեռնային Ղարաբաղից, Ռուսաստանը, Ուկրաինան, Բելառուսը, Չինաստանը, Ռումինիան, Իտալիան, Ինդոնեզիան, Իրանը եւ ուրիշներ: Նախորդ տարվա համեմատ մասնակիցների թիվն ավելացել է 11 տոկոսով, ցուցադրման մակերեսըՙ 38 տոկոսով:
Ցուցահանդեսում ներկայացված են տնտեսության հետեւյալ ոլորտներըՙ արդյունաբերություն, շինարարություն, տրանսպորտ, սննդամթերք, հրատարակչություն, ինֆորմացիոն տեխնոլոգիաներ: Բացի դրանից, նախատեսված է զուգահեռաբար անցկացնել մի քանի միջոցառումներՙ հայ-ռուսական բիզնես հանդիպում, ԱՄՆ-ի օր, Չինաստանի օր, «Բարձր որակ» մրցույթ եւ այլն: Առեւտրի եւ տնտեսական զարգացման, արտաքին գործերի նախարարությունների, Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության աջակցությամբ «Լոգոս էքսպո կենտրոնի» կազմակերպած Armenia EXPO-2005-ը կշարունակի գործել մինչեւ սեպտեմբերի 17-ը:
Ա. Մ.