Իսկ կառավարական հանձնաժողովը չի շտապում Երեւանից ժամանել
Մեծ Հայքի Աշոցք գավառի վարչական կենտրոնը եղել է համանուն ավանը, որը գտնվել է այսօրվա Աշոցք գյուղից 4 կմ հյուսիս-արեւմուտք: Ահա այդ նախկին, պատմական Աշոցք բնակավայրի ավերակների տեղում 1852 թվականին, Արեւմտյան Հայաստանի Բագրեւանդ գավառի (Ալաշկերտի) Իրիցու գյուղից գաղթած բնակիչները հիմնել են նոր գյուղ եւ կոչել Ղազանչի: Անցած դարերից մեր ժամանակներն են հասել այստեղ եւ շրջակայքում պահպանված «Քար խարաբա» գյուղատեղին, հին եկեղեցի ու գերեզմանոցներ: Ընդհանուր գծերով այսպիսին է մասնավորապես այս տարածաշրջանի շատ գյուղերի պատմությունը:
Ժամանակին Ղազանչին իր մեծությամբ ու նշանակությամբ եղել է տարածաշրջանային կենտրոն, անցյալ դարի 20-ական թթ. ունեցել 1200-1300 բնակիչ: Ներկայիս գյուղապետ Աշոտ Մելքոնյանի գրած ձեռագիր պատմության մեջ հպարտությամբ նշվում են այստեղ երբեւէ եղած մեծերիՙ Զորավար Անդրանիկի, Ավետիք Իսահակյանի, Հովհաննես Շիրազի, այս գյուղում ծնված նշանավոր մարդկանցՙ ակադեմիկոս Վարդգես Միքայելյանի, մեր գիտության ու մշակույթի այլ անվանի գործիչների, բարձրաստիճան զինվորականների անունները, գյուղի արժանի մասնակցությունը Հայրենական մեծ պատերազմին, հաջորդող տասնամյակների ստեղծագործ աշխատանքը: 1960-ական թթ. գյուղի ընդերքի խմելու ջուրը Լենինական քաղաք հասցնող ջրագծի կառուցման պատճառով բնակավայրը տեղահանվել ու կառուցվել է նոր տարածքում, նախկին գյուղից 1,5 կմ դեպի արեւելք, ինչը հանգեցրել է բնակչության մեծ արտահոսքի: Ի դեպ, բնակավայրն իր ընդերքի ջուրը հաշված ժամերով է ստանում: Մինչդեռ, ըստ համայնքապետի, այդ ջրի համար իրենց նույնիսկ ռեսուրսավճար է հասնում, եւ այդ հարցով արդեն դիմել են ուր որ հարկն է:
Այսօրվա Ղազանչին, որը Շիրակի մարզի այս տարածաշրջանի գյուղերից մեծությամբ երրորդն էՙ Աշոցքից ու Սեպասարից հետո, ունի 141 տուն, 623 բնակիչ: Գյուղի աշխատող ձեռքի կեսից ավելին, մոտ 150 մարդ, արտագնա աշխատանքի են մեկնում: Վերջին 10 տարում 10-12-ը ընտանիքներին էլ են տարել եւ, ըստ ամենայնի, երեւի չվերադառնան գյուղ: Տեղում մնացողները միայն ամռան մի երկու ամիսը զբաղված են դաշտային աշխատանքներով, մնացած ժամանակ զբաղմունք չունեն, բացի անասուն պահելուց:
1350 հեկտար չմշակվող հողՙ այս մի գյուղում
Գյուղը 950 գլուխ խոշոր, 700 էլ մանր եղջերավոր անասուն է պահում: Մի տանը միջինը ընկնում է խոշորՙ 6-7, մանրՙ 5 գլուխ: Եթե մի քանի ընտանիքների մեղու պահելը չհաշվենք, այսօր անասնապահությունը ղազանչեցիների եկամտի երեւի միակ հիմնական աղբյուրն է: Դրա համար նպաստավոր պայման է 448 հեկտար բնական խոտհարքների, 900 հեկտար արոտավայրերի առկայությունը: Դրանց ավելացել է այն, որ գյուղի ունեցած 1373 հեկտար վարելահողերն էլ, 15-20 հեկտարից բացի, չեն մշակվում, խոպանացել ու փաստորեն նույնպես խոտհարք են դարձել: Գյուղի դաշտային աշխատանքները բնության տված խոտի հունձն ու տեղափոխումն են:
Աշոտ Մելքոնյանն ասում էՙ պետական տնտեսության ժամանակ գյուղը տարեկան 1200 տոննա միայն ցորեն էր տալիս, չհաշված անասնակերն ու այլ մշակաբույսերի արդյունքը: Այսօր գյուղացին, չնչին բացառությամբ, ցորեն չի ցանում. արդյունք չի ստանում: Մինչդեռ այստեղի հողը հեկտարից 40 ցենտներ հաց կարող է տալ: Ուրեմն ի՞նչն է խանգարում:
Թվում էՙ լրագրողս ինչ էլ ասելու լինեմ կամ չլինեմ, եթե մեր պայմաններում հանրապետության միայն մի գյուղում արդեն 1350 հեկտար վարելահող չի հերկվում ու խոպան է դառնում (իսկ ամբողջ երկրում ինչքան կլինի), ապա սա լուրջ պետական խնդիր է: Արժանի նույնքան լուրջ ու գործնական պետական անհանգստության: Վատ է, եթե հանրապետությունում նման փաստերի վերաբերյալ ներքեւից վերեւ կեղծ տվյալներ են հաղորդվում ու կառավարությունում իրական վիճակից տեղյակ չեն: Շատ ավելի վատ է, եթե տեղյակ են ու իրական ոչինչ չեն ձեռնարկում: Բոլոր դեպքերում սա հանցագործություն է թվում գալիք սերունդների հանդեպ...
Ղազանչիում կա սրա հետ կապված եւս մի խնդիր, մի արտառոց իրողություն, որի պատճառը, եթե ճիշտ հասկացանք, կառավարության առնվազն անհասկանալի անտարբերությունն է:
Գյուղացիները պահանջում են անհապաղ սեփականաշնորհում
Նույնիսկ դժվար է հավատալ, բայց այս գյուղում հողը (եւ ոչ միայն հողը) դեռ սեփականաշնորհված չէ: Այսինքնՙ իրավական առումով որոշակի տեր չունի: 1992 թ. հունիսի 19-ին Աշոցքի շրջխորհրդի գործկոմի նախագահի որոշմամբ եղել է մասնակի սեփականաշնորհում, սեփականաշնորհվել է ընդամենը 125 հեկտար վարելահող: Իսկ ինչպես վերը նշվեց, գյուղը միայն վարելահող ունի 1373 հեկտար, մոտ 1400 հեկտար բնական խոտհարքն ու արոտավայրն էլ ջոկ: Միայն 2003 թ. նոյեմբերի 21-ին կառավարությունը որոշում է կայացրել Ղազանչիի կաթնահամալիրը (նախկին պետտնտեսությունը) լուծարելու մասին: Որոշմամբ տնտեսության ունեցվածքը հանձնվել է Երեւանում նստող լուծարային հանձնաժողովին, որը պիտի գա ու գործն ավարտին հասցնի: Անցել է համարյա երկու տարիՙ ոչ ոք չի գալիս:
Գյուղացիները մտավախություն ունեն, որ այս խառնակ ժամանակներում մեկ էլ տեսար «թափով մեկը» կգա ու ձեռքը կդնի գյուղի ունեցվածքի վրա... Ուստի պահանջում են անհապաղ սեփականաշնորհում:
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ