Երեւանի ժամանակով կեսգիշերից հետո ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը քննարկեց եւ ձայների ջախջախիչ մեծամասնությամբ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող երկու բանաձեւերը: Սա նշանակում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծը կարող է դրվել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստի օրակարգում: Վերջինիս կողմից ընդունելու դեպքում Մ. Նահանգների Ներկայացուցիչների պալատը կմիանա աշխարհի 15-ից ավելի երկրների խորհրդարաններին, որոնք ավելի վաղ ճանաչել եւ դատապարտել են 1915 թ. Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի զանգվածային բնաջնջումն իրենց պատմական հայրենիքում:
Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քվեարկության դրված եւ ընդունված երկու բանաձեւերով կոնգրեսականները «հիշում են 1915-23 թթ. Հայոց ցեղասպանությունը» եւ «Թուրքիայի Հանրապետության կառավարությանը հորդորում են ճանաչել իր նախորդիՙ Օսմանյան կայսրության ոճիրը»:
Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը վերջին 5 տարվա ընթացքում առաջին անգամ կոնգրեսականներ Ադամ Շիֆի, Ջորջ Ռադանովիչի, Ֆրենկ Փալոնի եւ Ջո Նոլենբերգի նախաձեռնությամբ անդրադարձավ Հայոց ցեղասպանությանը: Հիշեցնենք, որ 2000 թ. հոկտեմբերին Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողով ճանաչել էր 1915 թ. հայկական կոտորածներըՙ որակելով ցեղասպանություն, սակայն վերջին պահին հանվել էր Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստի օրակարգիցՙ Դենիս Հաստերտի նախաձեռնությամբ: Ներկայացուցիչների պալատի խոսնակն իր այդ որոշումը պայմանավորել էր ԱՄՆ նախագահի նախազգուշացմամբ, ըստ որի իբր Ներկայացուցիչների պալատում բանաձեւի ընդունումից հետո կարող են վտանգի տակ դրվել թուրք-ամերիկյան հարաբերությունները:
Վերջերս ամերիկյան «Վենեթի ֆեյըր» հանդեսը հրապարակել էր լրագրողական մի հետաքննություն, ըստ որի Հետաքննությունների դաշնային բյուրոն գաղտնալսել էր Հաստերտի հեռախոսազրույցները թուրքական լոբբիստական շրջանակների հետ: Պարզվել էր, որ Հաստերտը Թուրքիայի կառավարությունից ընդհանուր առմամբ ստացել է կես միլիոն ԱՄՆ դոլար:
Թ. Հ.