«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#164, 2005-09-14 | #165, 2005-09-15 | #166, 2005-09-16


ԿՅԱՆՔԻ ՀԱՐԱՏԵՎՈՒԹՅԱՆ ՀՈԳԵՎՈՐՆ Է ՈՒՂԵԿՑՈՒՄ

Արցախցի քանդակագործ Ալբերտ Հարությունյանի կերտած քանդակներըՙ Արցախում լինեն դրանք, թե նախկին Խորհրդային Միության մյուս տարածքներում, առանձնանում են իրենց արտահայտչական-դիմակերտային յուրահատկությամբ: Անմիջապես երեւում է, որ դրանք կերտվել են լեռնցի քանդակագործի պինդ ձեռքով, տաք սրտով ու անչափելի երեւակայությամբ:

Նա երբեք չի խոսում հայրենասիրության մասին, բայց ապրած կյանքի իրական կերպը միշտ դրսեւորվել է նույն այս գերակա բաղադրիչով: Այդպիսի ստեղծագործական շոշափելի տաղանդով, թերեւս, կարելի էր ավելի մեծ միջօրեականներ հատել, սակայն նա նախընտրել է աստվածատուր իր շնորհքը ծառայեցնել հարազատ ժողովրդինՙ ապրելով Արցախում: Մուրացանի հայտնի արձանի, Ստեփանակերտի հուշահամալիրի, ԽՍՀՄ կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի կիսանդրու եւ քարակերտ տասնյակ այլ կոթողների հեղինակն այսօր 70 տարեկան է: Մի տարիք, որը հազիվ թե վերագրելի է կենսալից ու ամրապինդ այդ մարդուն: Այդով հանդերձ, հոբելյանը առիթ էր մի քանի հարցեր ուղղելու անվանի քանդակագործին:

- Ինչպե՞ս կայացավ մեծ արվեստի հետ շփումը...

- Ճիշտն ասածՙ կյանքն ինձ համար Ղարաբաղում որոշ առումով դժվար էր: ԼՂԻՄ-ի այն ժամանակվա ղեկավարությունը չէր հասկանում անգամ, որ արվեստագետին նորմալ արվեստանոց է պետք. հինգ տեղ արվեստանոց եմ փոխել: Կար նաեւ խտրականություն հայ արվեստագետների նկատմամբ:

Երբ Բաքվում զոհված նավթագործների հուշարձանի կառուցման համար մրցույթ եղավՙ շնորհալի ճարտարապետ Յուրի Հակոբյանի հետ ես էլ մասնակցեցի մրցույթին: Քանի որ մենք հայ էինք, հույս չունեինք, թե ուշադրության կարժանանանք: Ստացվեց այնպես, որ մրցույթի արդյունքներն ամփոփվեցին փակ քվեարկությամբ, եւ մեր նախագիծը լավագույնը ճանաչվեց:

Բաքվում, կոմբինատի ձուլարանում, անվանի քանդակագործ Վալենտին Ցիգալը երբ տեսավ գիպսի վրա մեծացրած այդ համալիրի մոդելներըՙ հետաքրքրվեց ինձանով, եւ նրա միջամտությամբ շուտով դարձա ԽՍՀՄ նկարիչների միության անդամ, որից հետո, այսպես կոչված, իմ առջեւ կանաչ լույս վառվեց...

- Դուք նաեւ Թուրքմենիայի մայրաքաղաքի մուտքի կոթողի հեղինակն եք..

- Դա եղավ հանգամանքների բերումով: Նոր էի ամուսնացել, իսկ կինս Աշխաբադում պետք է քննություններ հանձներ բուհում: Մենք միասին մեկնեցինք այնտեղ, եւ քանի որ 42 օր պետք է մնայի Աշխաբադումՙ դիմեցի տեղի նկարիչների միությունՙ որեւէ բանով զբաղվելու ակնկալիքով: Ինձ առաջարկեցին էսքիզներ պատրաստել մայրաքաղաքի մուտքի կոթողի համար: Օրեր անց, երբ էսքիզները ներկայացրի, միանշանակ համաձայնեցին, եւ այդ գործը հանձնվեց ինձ: Պարզապես ինձ հաջողվեց օգտագործել թուրքմենական խորհրդանիշները: Երբ ավարտեցի կոթողըՙ Թուրքմենիայի մշակույթի նախարարությունը մեկ այլ հուշարձան էլ պատվիրեց շատ գայթակղիչ առաջարկությամբ: Ես հրաժարվեցի, որովհետեւ կարոտել էի Ղարաբաղին, անգամ չսպասեցի, որպեսզի ինձ հասանելիք հոնորարը ստանամ, վերադարձա Ղարաբաղ:

Առանձնակի վերաբերմունք ունեմ դեպի Մուրացանի արձանը: Շատ դժվարությամբ էի Բաքվից ստացել դրա պատրաստման թույլտվությունը: Ամիսներով փնտրել եմ այն գրանիտը, որը պետք է հետո Մուրացանով շնչեր: Իմ ծախսած այդքան շատ էներգիան հագեցած էր Մուրացանի արվեստի հանդեպ պատկառանքով ու սիրով: Ցավոք, առանց իմ կամքը հարցնելուՙ այն վերջերս Ստեփանակերտից տեղափոխել են Շուշի, եւ իղձ ունեմ այդ արձանը կրկին Ստեփանակերտում վեր խոյացած տեսնել: Պատրաստ եմ անվճար մեկ այլ արձան, փոքր ծավալներով, կերտել ու նվիրել Շուշիի Մուրացանի անվան դպրոցին, որի բակում է ներկայումս գտնվում Մուրացանի արձանը:

Նարեկացին նույնպես ինձ հոգեհարազատ է: Դարձյալ անվճար գիպսե հարթաքանդակ եմ պատրաստել ու նվիրել Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» պետարտոնագրված համալսարանին: Դա, սակայն, իմ գաղափարի մի մասն է: Նպատակ ունեմ կերտել Նարեկացու մեծ արձանը եւ տեղադրել Ստեփանակերտում կառուցվելիք եկեղեցու տարածքում: Դա կլինի իմ նվերը եկեղեցուն:

Մտադիր եմ կերտել նաեւ Գեւորգ Մարզպետունու արձանըՙ ձիու վրա: Ղարաբաղցու հերոսականությանը հարիր է Մարզպետունու կերպարը, եւ արժե, որ Ստեփանակերտում լինի այդ ձիարձանը:

- Քանդակագործը լայնորեն ճանաչվելու համար պետք է մասնակցի միջազգային սիմպոզիումների, ցուցահանդեսների եւ այլն: Ձեր կենսագրությունը այս առումով ինչքա՞ն է հագեցած եղել:

- Ցավոք, խորհրդային տարիներին Ղարաբաղում ապրող արվեստագետներն, ինչպես արդեն նշեցի, ազգային խտրականության զոհ են եղել: Ադրբեջանն ամեն կերպ խոչընդոտում էր ինձ նմանների մասնակցությանը դրսում կազմակերպվող միջոցառումներին, եւ ինձ բախտ չի վիճակվել մասնակցելու սիմպոզիումների կամ ցուցահանդեսների: Հիմա ուրիշ է, կերպարվեստի մեր ներկայացուցիչները մասնակցում են տարբեր երկրներում կազմակերպվող միջոցառումներին, եւ ես ողջունում եմ դա:

- Արվեստը հզոր լիցքեր ունի, նրա պարգեւած մի ակնթարթն անգամ կարող է մարդուն գեղագիտական տեւական հաճույք պատճառել: Արվեստագետի 70-ամյա Ձեր կենսագրությունը ի՞նչ փիլիսոփայությամբ է ամբողջանում:

- Իրոք, արվեստը հզոր ուժ է, այն հնարավորություն է տալիս արվեստագետինՙ բացահայտվելու, ինքն իրեն ճանաչելու: Ամեն մի նոր գործ կերտելիս իմ բնավորության նոր շերտեր եմ բացահայտում: Իսկ առհասարակ, արվեստի փիլիսոփայությունը ինձ համար այս ձեւակերպումն ունիՙ կյանքի հարատեւությունը կայանում է ոչ միայն իրական գոյի, այլեւ հոգեւորի ուղեկցությամբ: Դրանք իրարից անխզելի են:

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4