Վրաստանում եւ Ադրբեջանում վիճակն այլ է
Հայաստանի իշխանությունները փորձում են վերահսկել եւ ուղղորդել հասարակական կազմակերպությունների (ՀԿ) գործունեությունը, ինչն անուղղակիորեն խոսում է հասարակական-քաղաքական կյանքում վերջիններիս դերի եւ ազդեցության մասին: Արդեն մի քանի տարի կառավարությունը բյուջեից գումարներ է տրամադրում ՀԿ-ներին: 2005 թվականի համար դրամաշնորհի ընդհանուր չափը կազմել է 60 մլն դրամ կամ մոտ 130 հազար ԱՄՆ դոլար:
Երեւանի մամուլի ակումբի (ԵՄԱ) նախագահ Բորիս Նավասարդյանը նկատում է. «Հայաստանում առկա է կառավարության կողմից ՀԿ-ների վերահսկողության խնդիրը: Այսօր ՀԿ-ների մեծամասնության մեջ գերակշռում է չեզոքությունը, բայց կա իշխանամետ դառնալու միտում: Իշխանություններին պետք են ՀԿ-ներ, որոնք ընտրություններից հետո կհայտարարեն, որ դրանք անցել են ազատ եւ արդար, որ երկրում կա ազատ մամուլ, մարդու իրավունքների հետ կապված ամեն ինչ լավ է»:
Հայաստանում ՀԿ-ների մի մասն ուղղակիորեն ներկայացնում է այս կամ այն կուսակցության թեւը` լինի իշխանամետ թե ընդդիմադիր, եւ կամավոր օգտագործվում է հատկապես ընտրությունների ընթացքում: Տասնյակ ՀԿ-ներ, հասարակության հետ կապը պահպանելու եւ խորացնելու փոխարեն, նախընտրեցին համագործակցությունը եւ որպես հետեւանք` սերտաճեցին իշխանությունների հետ: Շատ են դեպքերը, երբ իշխանությունը, իշխանական կուսակցությունը կամ ընդդիմությունը իրենք են ստեղծում ՀԿ-ն, իրենք են սնուցում, հետեւաբար` իրենք «քաղում» արդյունքները:
Մարգարիտ Փիլիպոսյանը «ՀԿ կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման կազմակերպության նախագահն է: «Հայաստանում ՀԿ-ները միջին անկախություն եւ չեզոքություն պահպանում են: Բացառություն են կազմում հայրենակցական միությունները, որոնք եւս հասարակական կազմակերպություններ են: Ընտրությունների ժամանակ Սերժ Սարգսյանի ցուցումով նրանք միասնաբար իրենց ձայնը տվեցին իշխանություններին», ասում է նա:
Չնայած անդրկովկասյան տարածաշրջանում առկա հակամարտություններին, երեք երկրների ՀԿ-ների ներկայացուցիչները պահպանում են բավականաչափ սերտ շփումներ: «Եթե համեմատենք Վրաստանի եւ Ադրբեջանի հետ, ապա քաղաքականացվածության առումով ՀԿ-ները Հայաստանում ամենաչեզոքն են: Օրինակ, Վրաստանում Միխայիլ Սաակաշվիլու իշխանության գալով ՀԿ-ները դարձան շատ ավելի իշխանամետ, մինչդեռ Էդուարդ Շեւարդնաձեի օրոք ավելի շատ ընդդիմադիր էին», նշում է Նավասարդյանը:
«Վրաստանում ՀԿ-ների վիճակը նման է Հայաստանին, Ադրբեջանում վիճակը ծանր է, գրանցման տարրական գործընթացն է դժվարությունների հանդիպում, այնտեղ ՀԿ սեկտորը կիսված է իշխանությունների եւ ընդդիմության միջեւ», ավելացնում է Փիլիպոսյանը:
Կարինե Դանիելյանը «Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիա» ՀԿ-ի նախագահն է: «Մեր հանրապետությունում ՀԿ-ներին կարելի է երեք խմբի բաժանել: Կան ՀԿ-ներ, որ ակնհայտորեն ստեղծված են, որպեսզի վարեն իշխանամետ քաղաքականություն, կան ՀԿ-ներ, որոնք ակնհայտ ընդդիմադիր կեցվածք ունեն, բայց ՀԿ-ների մեծ մասը փորձում է չեզոք լինել, չհարել քաղաքական կուսակցություններին, չուղղորդվել նրանց կողմից եւ վարել ավելի կենտրոնամետ քաղաքականություն», ասում է նա:
Դանիելյանը նշում է, որ իր ղեկավարած ՀԿ-ն էլ է չեզոքների շարքում: «Երբ մենք տեսնում ենք, որ կառավարության քայլերը ճիշտ են, ողջունում ենք, բայց մեծ մասամբ նաեւ քննադատում ենք իշխանություններին: Երբ մեր տեսակետները համընկնում են ընդդիմության տեսակետին, մենք դա արտահայտում ենք, երբ համընկնում է իշխանական կոալիցիայի տեսակետների հետ, այդ դեպքում էլ ենք արտահայտվում: Այս գարնանը Հայաստանի Ազգային ժողովում ԵԱՀԿ-ի օգնությամբ մեր ՀԿ-ն կազմակերպեց «կլոր սեղան»` նվիրված մարդկային կայուն զարգացման հիմնախնդիրներին, որին մասնակցեցին ե՛ւ կոալիցիայի, ե՛ւ ընդդիմության ներկայացուցիչները», ասում է Դանիելյանը:
ՀԿ-ները գործոն ներքաղաքական կյանքում
Հայաստանում վերջին տարիներին ՀԿ-ների համատեղ ջանքերով անգամ հաջողվել է ազդել կառավարության ընդունած որոշումների վրա: Ճիշտ է, նման դեպքերը շատ չեն: Օրինակ, 2004 թ. կառավարությունը որոշում ընդունեց Սյունիքի մարզում գտնվող Շիկահողի պետական արգելոցի հենց մեջտեղով կառուցել միջպետական նշանակության մայրուղի` Կապան-Մեղրի նոր հատվածը, սակայն բնապահպանական հարցերով զբաղվող ՀԿ-ների ճնշման տակ 2005 թ. կառավարությունը հրաժարվեց ճանապարհի կառուցման համար ընտրված ուղու նախնական տարբերակից:
ՀԿ-ները կարեւոր ազդեցություն ունեն նաեւ Սեւանի մակարդակի բարձրացման, լճի էկոհամակարգերի պահպանության, սահմանադրության բարեփոխումների, մարդու իրավունքների, ազատ մամուլի կայացման, Հայաստանի ժողովրդավարացմանն օժանդակելու եւ այլ հարցերում: Այս ամենով հանդերձ, Հայաստանում ՀԿ-ների մասին ընկալումը միանշանակ չէ: Ինչո՞ւ հայ հասարակությունը քիչ բան գիտի ՀԿ-ների գործունեության մասին, ինչո՞ւ է ՀԿ-ներին առավելապես բացասաբար ընկալում, երբեմն նրանց պիտակավորելով որպես օտարերկրյա հատուկ ծառայությունների պատվեր կատարողների, միջազգային դրամաշնորհ «ուտողների»:
«Ես համաձայն եմ, որ հասարակությունը քիչ է տեղեկացված ՀԿ-ների մասին, եւ նրանց նկատմամբ կասկածամտության պատճառներից մեկն էլ հենց դա է: Գուցե ՀԿ-ների աշխատանքը այնքան էլ թափանցիկ չէ, միշտ չի հաջողվում նրանց բավարար տեղեկացնել հասարակությանը իրենց գործունեության մասին», ասում է Փիլիպոսյանը:
«ՀԿ-ները դրամաշնորհ միշտ պետք է ստանան, դա թույլ է տալիս օրենքը: Համաձայն չեմ, որ ՀԿ-ները փողերը մսխում են սեմինարների վրա, որովհետեւ ամեն մի կազմակերպություն ինքն է ընտրում իր գործունեության ձեւը: Դրամաշնորհներ ստանալու փաստով պետք չէ պիտակավորել ողջ սեկտորին», ավելացնում է նա:
Նավասարդյանն ընդգծում է, որ կարեւոր է ընկալման խնդիրը, այսինքն` ի՞նչ ենք հասկանում ՀԿ անվան տակ: «Կարող է լինել հետազոտական կենտրոն ՀԿ-ի կարգավիճակով, որը առնչություններ, շփումներ չունի հասարակության հետ: Մամուլի եւ ՀԿ-ների կապերն այնքան խորը չեն: Ո՞վ է մեղավոր: Երկուսն էլ: Մամուլը, որովհետեւ ավելի շատ քաղաքական ուղղվածություն ունի, իսկ ՀԿ-ներն ավելի քիչ են քաղաքականացված եւ ունեն սոցիալական, իրավապաշտպան, բնապահպանական եւ այլ ուղղություններ, որոնց հանդեպ մամուլի ուշադրությունն այնքան էլ մեծ չէ: Մեղավոր են նաեւ ՀԿ-ները, որ մամուլի հետ միշտ չէ, որ կարողանում են լավ աշխատել եւ հաճախ ավելին են ակնկալում, քան կարող է տալ մամուլը», ասում է նա:
Երրորդ` ՀԿ-ների ֆինանսավորման հիմնական աղբյուրը դրամաշնորհներն են, եւ ֆինանսական առումով կախված չլինելով հասարակությունից, շատ դեպքերում ՀԿ-ները չեն ձգտում մտնել հասարակության մեջ: Ինչ վերաբերում է «դրամաշնորհ ուտողի» իմիջին, ապա Նավասարդյանի կարծիքով, Հայաստանում գրանցված 3000-ից ավելի ՀԿ-ների շարքում կան ե՛ւ կոռումպացվածներ, ե՛ւ ձեւ անողներ, թե իբր գործ են անում, բայց կան շատ ազնիվ եւ արդյունավետ աշխատող կազմակերպություններ: «Ու քանի որ մեր հասարակության մեջ նիհիլիզմն ու անվստահությունը մեծ են, դա ամբողջացվում է ընդհանուր դաշտի վրա: Բայց միանշանակ կարող եմ ասել, որ Հայաստանում ՀԿ-ների ոլորտն ավելի կոռումպացված չէ, քան այլ ոլորտ», ընդգծում է ԵՄԱ-ի նախագահը:
Կարինե Դանիելյանը այս հարցադրման համար բերում է կոնկրետ օրինակ: «Դա հատուկ է արվում, որպեսզի հասարակությանը տրամադրեն ՀԿ-ների դեմ: Այսպեսՙ Շիկահողի հիմնախնդրի օրերին փորձ արվեց հասարակության շրջանում տարածել (անհիմն) լուրեր, թե իբր ՀԿ-ները պահպանվող տարածքների հետ կապված դրամաշնորհներ են ստանում, եւ նրանք ոչ թե անհանգստանում են Շիկահողի ճակատագրով, այլ իրենց դրամաշնորհները կորցնելու մտահոգությունից: Այդ մթնոլորտը միտումնավոր է ստեղծվել, եւ մենք ստիպված եղանք դրան պատասխանել. այն բոլոր ՀԿ-ները, որոնք միավորվել էին «SOS Շիկահող» միության մեջ, երբեք դրամաշնորհ չեն ստացել պահպանվող տարածքների պահպանության համար, այնինչ կառավարությունը հսկայական գումարներ է ստացել հենց պահպանվող տարածքների համար», ասում է «Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիա» ՀԿ-ի նախագահը:
«Զարմանալի է, որ մենք ողջունում ենք, երբ վարկեր են տրամադրվում Հայաստանի կառավարությանը, բայց չէ որ դրանք մեր սերունդները պետք է վերադարձնեն: Երբ ՀԿ-ները դրամաշնորհ են բերում, դա ի վերջո իրենց աշխատանքի արդյունքն է, որ իրենց դրսում ճանաչում են եւ գումար տալիս, այդ գումարը երկրում է մնում, երկրում է ծախսվում, գոնե ինչ-որ խավ ապրում է այդ գումարով», ավելացնում է նա:
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ