«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#164, 2005-09-14 | #165, 2005-09-15 | #166, 2005-09-16


ԴԱՄԲԱՐԱՆԱՇԻՆՈՒԹՅԱՆՆ ՈՒ ԳԵՐԵԶՄԱՆԱՇԻՆՈՒԹՅԱՆԸ ՎԵՐՋ ԴՆՈՂ ՕՐԻՆԱԳԻԾ

ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հին ժողովուրդ ենք ու մեր ավանդույթներն էլ պատմությամբ անցած են: Գոյության ընթացքով են հղկվել նաեւ անցավորի հուղարկավորման կարգերը: Եվ այն, ինչ կա դրանց հիմքում, բացատրված է եկեղեցական կարգով ու աստվածավախ մարդու մտածողության, հոգեբանության, սերունդների հաջորդական կապի պահպանման ամբողջականացմամբ: Սակայն այժմ կենսաձեւով ու մտածողությամբ Աստծուց հեռու ենք ու հեռացել ենք նաեւ հուղարկավորման մեր ժողովրդի կենսաձեւով հղկված մշակույթից: Կան նաեւ օրենսդրական բացի եւ այս ոլորտի պատասխանատուներիՙ գռփելու անհագուրդ ձգտման գործոնները: Դրանք այսօր թելադրող են եւ անհաղթահարելի: Մինչ օրս այս ոլորտը կարգավորող եղած-չեղած փաստաթղթերը 1974-ին ընդունած ենթաօրենսդրական ակտերն են: Ժամանակներն աթեիստական էին, օրենքներնՙ առավել: Ավելորդ է խոսել դրանց այսօր արդեն, մեղմ ասած, անօգուտ լինելու մասին:

Ոլորտի կարգավորումը համապատասխան եւ ճիշտ մշակված օրենքով իրականացնելու անհրաժեշտությունը գիտակցվել է խորհրդարանում, եւ երեկ քննարկվում էր ժողպատգամավոր Վլադիմիր Բադալյանի հեղինակած «Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանների ու դիակիզարանների շահագործման» օրինագիծը: Աննախադեպ այս օրինագիծը արժանացավ ԱԺ երկու մշտական հանձնաժողովների եւ կառավարության ներկայացուցչի դրական եզրակացություններին: Հաջորդ քառօրյայում այն առաջին ընթերցմամբ կդրվի քվեարկության:

Հեղինակը օրինագիծը մշակել էՙ ելնելով անկախ սոցիալական կարգավիճակից հավասար պայմաններ տրամադրելու եւ առանց այն էլ երկրի սահմանափակ հողատարածքը խնայողաբար օգտագործելու սկզբունքներից: Վերջինով է պայմանավորված Հայ առաքելական եկեղեցու համար անընդունելի դիակիզման սկզբունքի ներմուծումը: Այլընտրանքային այս հնարավորությունը կամավորության սկզբունքով օրենսդրորեն տրամադրելը բացատրվում է պետության շահերով եւ մեր երկրի համար ահռելի տարածքներ գերեզմանատների վերածված լինելով: Նկատենք, որ գոնե Երեւանի գերեզմանատներն արդեն իսկ առավելագույնս զբաղված են, բայց նաեւ մեծ մասամբ գտնվում են սողանքային հատվածներում: Սա էլ լրացուցիչ խնդիրների հիմք է: Օրինագծի ընդունումը ժամանակի խնդիր է, հետեւաբար Հայաստանում կառուցվելու են դիակիզարաններ, ու երեւի գտնվեն նաեւ հուղարկավորման այս մեթոդը նախընտրողներ:

Դիակիզումը պարտադիր է միայն սանիտարա-համաճարակային իրավիճակի վտանգ առաջանալու դեպքում: Այն կարող է իրականացվել նաեւ մահացածի կամ հուղարկավորությունը ստանձնողների կամքի արտահայտման դեպքում: Ստեղծվելու են նոր գերեզմանատներ: Դրանց համար հողահատկացումն արգելվելու է անտառային գոտիներում, բնակելի վայրերում, զբոսայգիներում, հատուկ պահպանման եւ սանիտարական անվտանգություն ենթադրող տարածքներում: Նոր գերեզմանատներում օրենսդիրները տարածքային հավասարություն են ակնկալում ապահովելՙ մեկ տեղին 2.5 քմ տարածք անվճար հատկացնելով: Ընտանեկան գերեզմանի տարածքը 12 քմ է լինելու, քանի որ Հայաստանում ընտանիքը միջինը 4 անձից է կազմված: Ավելին տրամադրվելու է ընտանիքի մեծ լինելու դեպքում: Փորձ է արվում վերջ տալ ճաշակից, չափ ու արժեքից զուրկ դամբարանաշինությանը, որից չենք խուսափել անգամ Եռաբլուրում: Վերջին մտահոգությունը բարձրաձայնեց ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը: Իսկ հատուկ արարողակարգով հուղարկավորությունը ենթադրելու է անձի նշանակալի վաստակը եւ ոչ կարողությունը: Օրինագծում հաշվի են առնված նաեւ գերեզմանատների խնամքի, պահպանման խնդիրները: Ընդհանուր առմամբ նշված օրինագծի նպատակն է հուղարկավորության կարգը հղկելու, «գերեզմանավաճառության» պրակտիկան արգելելու, ժամանակ անց հարազատիդ գերեզմանը չգտնելու հավանականությունը բացառելու... Սակայն օրինագիծը նոր տեսակի բիզնեսի հիմք կարող է դառնալ դրա խախտման դեպքում պատիժն ապահովող օրենսդրական համապատասխան ակտերի չգոյության պատճառով: Այս մասին խոսեց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանը, հույս հայտնելով, որ այդ բացը կլրացվի կարճ ժամանակում:

Դատելով օրինագծի եւ խորհրդարանականների պատրաստակամությունից, կարելի է ենթադրել, որ հենց սկզբից օրինագիծը համապատասխան լրամշակումների կենթարկվի եւ վերջնական տեսքում իրական հիմք կդառնա Աստծուց ոչ հեռու եւ պետության շահերից բխող հուղարկավորման կարգ սահմանելու եւ կենցաղում հաստատելու համար:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4