(Akram Khan Company)
Արեւելքի (Orient) եւ Արեւմուտքի (Occident) մշակութային համադրումը դրականորեն է ազդել վերջին հարյուրամյակի համաշխարհային արվեստի զարգացման վրա: Եվ եթե արեւմտյան արվեստի համար «օրիենտալիզմի» երեւույթը վաղուց նորմա է դարձել, ապա «օքսիդենդալիզմը» տոգորում է Արեւելքի ավանգարդային արվեստըՙ դրա բոլոր դրսեւորումներում: Շրջելով Է. Սաիդի «օրիենտալիզմն Արեւելքի հետ խոսելու եղանակ է» յուրօրինակ ասույթը, կարելի է պնդել, որ «օքսիդենտալիզմն Արեւմուտքի հետ խոսելու եղանակ է»:
Ասվածի հաստատումը կարող է դառնալ Akram Khan Company երաժշտական-պարային խմբի ելույթը, որի ղեկավարն է պարող եւ պարուսույց Ակրամ Խանը (ծնվ. Բանգլադեշում): 2000 թ. Ֆարուկ Չոդրիի հետ համատեղ ստեղծված խումբը 2001 թ. նստավայր ստացավ Լոնդոնի South Bank Centre-ում, իսկ 2004 թ.-ից վայելում է Արվեստի անգլիական խորհրդի աջակցությունը:
Akram Khan Company-ի երեւանյան այցը կազմակերպել էր British Council-ի հայկական բաժանմունքը: 2002 թ. Բրիտանական խորհուրդը Հայաստան էր բերել Random Dance հայտնի պարախումբը, իսկ երկու տարի անցՙ Russel Maliphant Dance Company խումբը: Գեղագիտորեն տարբեր այդ խմբերը մերձենում են ընդհանուր հատկանիշներովՙ իմպրովիզացիայով:
Իմպրովիզացիան ժամանակակից պլաստիկ պարի հիմքն է, որտեղ շարժումն արտահայտիչ հուզականության նպատակով թույլ է տալիս կամայական, անկանխատեսելի ռիթմիկա եւ պլաստիկա: Մարդու մարմինը (իրանը, գլուխը, վերջույթները, մատները) դառնում է արտահայտչականության գլխավոր աղբյուր: Այն հուզական պոռթկում է արտահայտում ստատիկայում, անշարժ դիրքում, լռության մեջ: Եվ այնուամենայնիվ հենց ձայնը, խոսքը, երգեցողությունը, երաժշտությունը եւ տարածության մյուս հնչյունական լրումներն են դառնում մարմինը եւ ապաՙ ոգին ազատագրող շարժման գլխավոր ազդակ:
Արդեն 20-րդ դարի սկզբներին Ռուդոլֆ Շտայները քարոզում էր էվռիթմիաՙ որպես երաժշտության ու ժեստի միություն, որպես պար, որը բխում է երաժշտության ռիթմիկ ու տեմբրային էությունից եւ ի վիճակի է դառնալու յուրօրինակ հոգեւոր մեդիտացիա: Շտայների կենտրոնը մինչեւ օրս Շվեյցարիայի Դոռնախ քաղաքում զարգացնում է գերմանացի անթրոպոսոֆի գաղափարները, որոնցից մեկն Արեւելքի եւ Արեւմուտքի մշակույթների համադրումն է:
Լոնդոնյան երաժշտական-պարային խումբը (8 պարող, երգիչ եւ 3 երաժիշտ. թմբկահար, թավջութակահարուհի եւ ֆլեյտահարուհի) Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնում ցուցադրած «Ma» (Մայր երկիր) ներկայացման մեջ միավորում է 3 սկզբունք, 3 պլաստիկ լեզու: Առաջին սկզբունքն էվռիթմիան է, այսինքնՙ ազատորեն իմպրովիզացվող շարժումը, որը կառուցում է սեփական տեմպն ու ռիթմը, այդ թվում նաեւՙ պարի պոլիռիթմիան: Այս առումով առավել տպավորիչ է մենապարը (օրինակ, թռչնի դիրքում երկար մնացող կամ հենց Ա. Խանի ռիթմիկ վարիացիան ոտքերով վիրտուոզ կերպով թխկացնող աղջիկները):
Երկրորդ սկզբունքը նկատվում է առանձին կոմպոզիցիոն եւ պլաստիկ լուծումներում, մարմնի բնորոշ գալարումներում, որոնցով անմիջապես ճանաչվում է պարի «արեւմտյան» լեզուն: Մասնավորապես դրանք պարի խոշորագույն նորարար Մորիս Բեժարի (ի դեպ, Ակրամ Խանն արտիստական կարիերայի սկզբում աշխատել է Բելգիայում, որտեղ գործում է Բեժարի նշանավոր պարախումբը) մտցրած, այսպես կոչված, պարտերային տեսարաններն են, որոնք առանձնահատուկ արտահայտչականություն են կերտում խմբային կոմպոզիցիաներում: «Ma» ներկայացման մեջ բարձրակետերից մեկը լուծված է կուտակված, լռության մեջ դանդաղ գալարվող մարմինների միջոցով, որտեղ միայն լույսի ճառագայթն էր որսում մերկ ոտքերի ու ձեռքերի առանձին մասերը...
Երրորդ սկզբունքը հիմնարարն է, ազգայինը: Այն բխում է հնդկական մշակույթի ավանդական սինթետիկ ժանրիցՙ սանգիտից, որտեղ միավորված են գործիքային երաժշտությունը, երգեցողությունը եւ պարը: Իհարկե Ա. Խանը զգալիորեն արդիականացնում է հնդկական երաժշտության եւ պարի սիմվոլիկան: Եվ թմբկահարը, թաբլա եւ մրիդանգամ (թմբուկներ) նվագողը, իմպրովիզացիա անելով «թալա» ռիթմիկ ոճով, մերձենում էր էքստազային ջազային վարիացիային: Թավջութակահարուհին նվագում էր «երկատված» ոճով, մերթ նմանակելով ավանդական մեղեդին, մերթ էլ զուգորդվելով արդի մինիմալիզմին: Շախնամ գործիքի (ֆլեյտա) հովվերգական հնչերանգը, որը կտրուկ հակադրվում է էլեկտրաակուստիկական ձայնագրությանը, նույնպես արեւելա-արեւմտյան դաշինք է: Ազգային կողմնորոշումը պահպանած միակ անձը երգիչն էր, որը թախծոտ մեղեդիներ էր երգում միջնադարյան սուֆիական ոճով, որտեղ միահյուսված են հնդիկների եւ մահմեդականների երաժշտական ավանդույթները:
Բարձր գնահատելով կոմպոզիտոր Ռիկկարդո Նովայի եւ լուսավորող Միկկի Քունթուի դերը, նշենք, որ այնուամենայնիվ ամենաուժեղ տպավորությունը գործեց Ակրամ Խանի պարային լեքսիկան: Ինչպես ինքը, այնպես էլ նրա բազմազգ խումբը (պարողները գլխավորապես ասիական երկրներից են) գերազանց տիրապետում են արեւելյան պլաստիկայի համակարգին, սկսած մատների, դաստակի մանրիկ շարժումներից, դիմախաղից, վերջույթների կորացումներից մինչեւ կտրուկ, տարօրինակ շարժումները եւ պլաստիկ դիրքերը:
Ա. Խանի պարի լեզուն շնչառությունն է եւ մարմնի դինամիկան: Իրենց դարչնագույն համազգեստներում միասնականացված աղջիկներն ու պատանիները, որոնք ոչ միայն պարում են, այլեւ արտաբերում կարճ տեքստեր, ռեպլիկներ կամ պարզապես հնչյուններ, աստիճանաբար, ներկայացման զարգացմանը զուգընթաց անձնավորվում են, ասես անհատականանում: Դրա շնորհիվ ներկայացումը զուտ հանդիսային հարթությունից աննկատ անցնում է հուզական, հոգեբանական ոլորտ: Շարժումը հագեցվում է պանթեիստական իմաստով: Իսկ երաժշտական միջավայրը (գործիքները եւ հատկապես վոկալը) օգնում են ըմբռնելու այն կորուստների վիշտը, որոնց մարդը դատապարտված է ծննդյան պահից:
Տեմպի ու ռիթմի ակտիվացման եւ անկման վրա կառուցված «Ma» ներկայացումը մնում է ասես անավարտ: Շարունակությունն իր հարստացված երեւակայության մեջ պատկերացնում է հանդիսատեսը, որը մեկ ժամից ավելի մնացել է Akram Khan Company-ի ծիսական արվեստի հիպնոսի տակ:
ՍՎԵՏԼԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ, Արվեստագիտության դոկտոր