Իր ստեղծագործական ճանապարհին 204-րդ թատերաշրջանը թեւակոխած Վորոնեժի ազգային ակադեմիական թատրոնը Մայր թատրոնի հրավերով եւ վարչապետի հովանավորությամբ Երեւանում է: Ռուսաստանի հնագույն թատրոններից մեկը Սունդուկյանի անվան թատրոնում հանդիսատեսին կներկայանա Ֆեդերիկո Գարսիա Լորկայի «Բեռնարդո Ալբայի տունը» բեմադրությամբ: Հարգելի պատճառներով Երեւան չի ժամանել Վորոնեժի թատրոնի գեղարվեստական ղեկավար Անատոլի Իվանովը: 2 մասից բաղկացած դրաման Մայր թատրոնում կբեմադրի թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանը, որի համագործակցությունը Վորոնեժի թատրոնի հետ հրաշալի է ստացվել: Թատրոնի դերասանուհի Լյուդմիլա Կրավցովայի խոսքերով, իրենք սկզբում թեպետ անակնկալի են եկել` իմանալով Վահե Շահվերդյանի հետ աշխատելու մասին լուրը, բայց հետո աշխատանքը նրա հետ անսովոր եւ հետաքրքրական է եղել: «Նրա հետ հանդիպումը մեր ստեղծագործական կյանքում մեծ իրադարձություն էր», նշեց դերասանուհին:
Վորոնեժի ազգային ակադեմիական թատրոնի գրական մասի ղեկավար Նիկոլայ Տիմոֆեեւի ներկայացմամբ 42 դերասաններից բաղկացած թատրոնն առհասարակ Ռուսաստանի ամենաթատերական կենտրոններից է: Գրականագետի խոսքերով, իրենց թատրոնի խաղացանկը բազմաժանր է` 5 պիես Օստրովսկուց, Միխայիլ Բուլգակովից մինչեւ արտասահմանյան դասական գրողների գործերը` Բոմարշեի «Ֆիգարոյի հարսանիքը», Գարսիա Լորկայի նշված պիեսը եւ այլն:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ