ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
Ինչպես տեղեկացրել էինք նախորդ համարում, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովը քննարկել եւ ընդունել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող երկու բանաձեւ: Ի դեպ, մեր թերթն առաջինը տվեց քվեարկության արդյունքները: Դեմոկրատական Ադամ Շիֆի ներկայացրած առաջին բանաձեւով կոնգրեսականները կայացնում են «1915-23 թթ. իրականացված Հայոց ցեղասպանությունը հիշատակելու» որոշում, իսկ երկրորդով, որը հեղինակել է հանրապետական Ջորջ Ռադանովիչը, «Թուրքիայի Հանրապետության կառավարությանը կոչ է արվում այդ որոշման շրջանակներում ճանաչել իր նախորդիՙ Օսմանյան կայսրության ոճիրը»:
Բանաձեւերից առաջինն ընդունվել է ձայների 35 կողմ, 11 դեմ, երկրորդըՙ 40 կողմ, 7 դեմ հարաբերակցությամբ: Հատկանշական է, որ երկու բանաձեւում էլ որպես ցեղասպանության տարեթիվ նշվում է ոչ թե 1915 թ. միայն, այլ 1915-1923 թթ. ընկած ժամանակահատվածը, թերեւս դրանով էլ ընդգծվում է մարդկության դեմ կատարված այդ հանցագործության մեջ քեմալականների պատասխանատվությունը: Սա կարեւոր հանգամանք է: Ոչ պակաս կարեւորն այն է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչող երկու բանաձեւ միաժամանակ է ներկայացվում Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովին, ընդ որում ճանաչման նախաձեռնությունն ընդհանուր է ինչպես դեմոկրատականների, այնպես էլ հանրապետականների համար:
Այս ամենը Հայոց ցեղասպանության ճանաչման վերոհիշյալ նախաձեռնությանն աննախադեպ բնույթ է հաղորդում, ինչը Թուրքիայում բուռն հակազդեցություն էր ենթադրում: Սակայն Թուրքիայի քաղաքական շրջանակների եւ թուրքական զանգվածային լրատվամիջոցների զսպվածությունը գերազանցեց ենթադրությունները:
Թերեւս «Զաման» թերթն է, որ սեպտեմբերի 16-ի համարում Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովում Հայոց ցեղասպանությունը ճանաչող երկու բանաձեւերի ընդունումը պայմանավորեց 2003 թ. մարտի 1-ի որոշմամբ, ըստ որիՙ հակաիրաքյան պատերազմի նախօրյակին Թուրքիայի ազգային Մեծ ժողովը մերժել էր երկրի տարածքն օգտագործելու ԱՄՆ-ի խնդրանքը եւ թույլ չէր տվել, որ այդ տարածքում տեղակայվեն ամերիկյան զորքն ու զինտեխնիկան:
Ահա թե ինչու «Զամանը» բանաձեւերի ընդունման առնչությամբ գրում է. «ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հայկական բանաձեւերով մարտի 1-ի վրեժն է լուծում» եւ որպես ապացույց ներկայացնում է հանձնաժողովի անդամ Թոմ Լանտոսի հետեւյալ խոսքերը. «Մեջլիսի որոշումը պատճառ դարձավ, որ ամերիկյան զորքերն ավելի շատ զոհեր տան Իրաքում: Թուրքիան անտեսեց մեր շահերը: Սիրիայի եւ Իրաքի դեմ հյուսիսից ռազմաճակատ բացելու հարցում հրաժարվեց օգնել մեզ: Հետեւաբար ես միանգամայն պաշտպանում եմ հայկական երկու բանաձեւերը»:
Մեջլիսի մարտի 1-ի որոշմանը, ինչպես այդ մասին վկայում է «Միլլիեթը», անդրադարձել է նաեւ Ադամ Շիֆը: Սակայն նա դրանով, ի տարբերություն Լանտոսի, ոչ թե հիմնավորել է Հայոց ցեղասպանության բանաձեւերի ընդունումը, այլ պատասխանել է ԱՄՆ պետքարտուղարության հանձնաժողովի նախագահ Հենրի Հայդին հասցեագրած ուղերձին, թե «բանաձեւերը կարող են վնասել թուրք-ամերիկյան հարաբերություններին»: «Միլլիեթի» տվյալներով, Շիֆն ընդգծել է Թուրքիայի կարեւորությունն ԱՄՆ-ի համար, ապա եւ ասել. «Թուրքիայի ազգային մեծ ժողովի մարտի 1-ի որոշումը չհանգեցրեց թուրք-ամերիկյան հարաբերությունների վատթարացմանը: Հետեւաբար, բանաձեւերը չպետք է վնասեն այդ հարաբերություններին»:
Այդ առումով Շիֆին լրացրել է Հայդը եւ մատնանշել. «Ես չեմ հավատում, որ բանաձեւերի ընդունումը վնասի երկու երկրների հարաբերություններին: Այդուհանդերձ, չի կարելի որեւէ կերպ արդարացնել ցեղասպանության փաստի մերժումը: Միաժամանակ ուզում եմ ընդգծել, որ իրագործված այս հանցագործության համար Թուրքիան պատասխանատու չէ»:
Համաձայն վերոհիշյալ թերթերի, հանձնաժողովի անդամները հաճախակի են ակնարկել Հոլոքոսթի համար Գերմանիայի պատասխանատվության եւ Հայոց ցեղասպանության իրողությունն ընդունելու առնչությամբ Օրհան Փամուքի դեմ Թուրքիայում քրեական գործի հարուցման մասինՙ մատնանշելով, որ դա լավ արդյունքի չի հանգեցնի:
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանությունը ճանաչող երկու բանաձեւերի ընդունմանը ենթադրվող հակազդեցության բացակայությունը Թուրքիայում զգուշավորության նշան է, այլ ոչ թե հակաքայլեր ձեռնարկելու անկարողության: Պարզապես վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեռեւս Մ. Նահանգներում է, նա Անկարա է վերադառնալու սեպտեմբերի 17-ին: Կասկածից վեր է, որ Էրդողանը բանաձեւի առնչությամբ համապատասխան քայլեր է ձեռնարկում: Դրանք կարեւոր են մամուլի արձագանքի համար: Ինչ վերաբերում է հակազդեցության բնույթին, ապա դա էլ կախված կլինի այդ քայլերի արդյունավետությունից: Հետեւաբար պետք է սպասել վարչապետ Էրդողանի Անկարա վերադարձին: