«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#165, 2005-09-15 | #166, 2005-09-16 | #167, 2005-09-17


ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼԸ ԻՆՔՆԱՆՊԱՏԱԿ ՉԷ

Հավաստում է ԼՂՀ արտգործնախարարը

ԼՂՀ արտգործնախարար Արման Մելիքյանը երեկ Ստեփանակերտում հրավիրած մամուլի ասուլիսում անդրադառնալով «Ճգնաժամերի միջազգային խմբի» ներկայացրած զեկուցմանը, նշեց, որ զեկուցման մեջ կան առանձին դրույթներ, որոնք հակասում են ԼՂՀ դիրքորոշմանը, բայց եւ միաժամանակ կարեւորել է, որ խմբի այս նախաձեռնությունը միտված է կարգավորման գործընթացին օժանդակելու, ինչը դրական նշանակություն ունի: Զեկուցման առաջին իսկ էջերից նկատելի է, որ կա որոշակի քաղաքականություն, այդուհանդերձ, ըստ նախարարի, էական չէՙ զեկուցումը հայամե՞տ է, թե՞ ընդհակառակը: Խնդիրն այն է, թե ինչ նպատակի է ծառայելու առաջիկայում: Ձեռնպահ մնալով բովանդակային գնահատական տալուց, արտգործնախարարը լրագրողներին տեղեկացրեց, որ ղարաբաղյան կողմը դեռեւս ուսումնասիրում է ՃՄԽ-ի եզրակացությունները եւ ուսումնասիրություններից հետո միայն ծավալուն կանդրադառնա դրանց գնահատականին:

Արման Մելիքյանը վերահաստատեց ԼՂՀ իշխանությունների այն համոզմունքը, որ կարգավորման բանակցություններում, առանց ղարաբաղյան կողմի մասնակցության, հնարավոր չի լինի դրական արդյունքի հասնել: Իսկ բանակցություններին ԼՂՀ մասնակցությունը, տվյալ փուլում, նա ոչ նպատակահարմար է համարում դրա անհեռանկարայնության առումով: «Բանակցություններին մասնակցելը մեզ համար ինքնանպատակ չէ, դրանց կմասնակցենք, եթե հեռանկար տեսնենք», ասաց նա: Այս համատեքստում «Ազգի» հարցին, թե ԼՂՀ արտաքին գերատեսչության ղեկավարը հնարավո՞ր է համարում «գունավոր» իշխանափոխություն Ադրբեջանում, եւ եթե այոՙ արդյոք դա կազդի՞ Ադրբեջանի որդեգրած արտաքին քաղաքականության վրա, արտգործնախարարը պատասխանեց, որ Ադրբեջանում կայանալիք ընտրությունների համապատկերին իշխանափոխության համար լուրջ նախադրյալներ ինքը չի տեսնում, իսկ դրա առկայության դեպքում անգամ, ի տես ունենալով ընդդիմացող քաղաքական ուժերը, հազիվ թե հարեւան երկրի վարած արտաքին քաղաքականությունը, մասնավորապես ղարաբաղյան հարցում, էական փոփոխություն կրի:

Արման Մելիքյանը մեծագույն սխալ համարեց բանակցություններում միմիայն ադրբեջանցի փախստականների խնդիրների արծարծումըՙ անտեսելով հայ փախստականների հիմնախնդիրը: Պետք է լինի համարժեքություն, քանզի, ԱԳՆ ղեկավարի համոզմամբ, այլ կերպ հնարավոր չէ:

Լրագրողների մեկ այլ հարցին, թե միջնորդներիՙ վերջին ժամանակներս նկատվող ակտիվությունը ենթադրո՞ւմ է ճնշման լծակների օգտագործման սկիզբ, Ա. Մելիքյանը պատասխանեց, որ միջնորդների պրակտիկայում նման բան դեռեւս չի եղել, եւ դրա նախադրյալներն էլ չկան: ԼՂՀ-ում հանրաքվե անցկացնելու հավանականության մասին, նշվել է նաեւ ՃՄԽ-ի զեկուցման մեջ, դարձյալ նպատակահարմարության առումով նա բացասաբար արտահայտվեց: «Հանրաքվեի գաղափարն այն վիճակում չէ, որ մենք քննարկենք», սպառիչ մեկնաբանություն տվեց Արման Մելիքյանը:

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4