Գտնում է Հրայր Կարապետյանը
Սահմանադրական փոփոխությունների նախագիծն ու հանրաքվեն շարունակում են մնալ քննարկման եւ կանխատեսումների առարկա: «Փակագիծ» ակումբում երեկ այդ մասին լրագրողների հետ զրուցեց ԱԺ պատգամավոր Հրայր Կարապետյանը: Նրա տեղեկացմամբՙ Հայ հեղափոխական դաշնակցությունը փորձում է սահմանադրության փոփոխություններից բխող օրենսդրությունն ապահովել արդեն այսօր, պատրաստելով համապատասխան օրինագծեր: Այդ շարքի օրինագծերից Երեւանի մասին օրենքը մշակվում է, իսկ կառավարությանն առնչվողը վաղօրոք պատրաստվել է: Ըստ այդ օրինագծիՙ կարեւորագույն փոփոխությունը կլինի արտաքին տնտեսական կապերի նախարարության ստեղծումը, ինչը, Կարապետյանի պնդմամբ, մեր երկրի համար կարեւորագույն խնդիրների լուծման հնարավորություն կտա: Նախապատրաստական այս աշխատանքը կատարվում է ոչ թե հանրաքվեի ելքի դրական լինելու վստահությունից, այլ, այսպես ասած, տաշած քարը գետնին չի մնա սկզբունքով: Իսկ սահմանադրության փոփոխությունների նախագիծը, Հրայր Կարապետյանի կարծիքով, լավն է. «Ընդդիմությունն էլ է ասում, որ այս սահմանադրությունը վատը չէ: Նաեւ պնդում է, որ այս իշխանությունների օրոք չպետք է ընդունվի: Քանի որ լավն է, մի օր պիտի ընդունվի: Մեր նախապատրաստած օրինագծերն ավելորդ չեն լինի»:
Զարմանք հայտնելով հանդերձ, որ չի նկատվում սահմանադրության փոփոխությունների քարոզարշավի լուրջ նախապատրաստում, Կարապետյանը տեղեկացրեց, որ Դաշնակցությունը շուտով որոշում կընդունի քարոզարշավն իրականացնելու մասին. «Ինչպես նախագահական ընտրությունների քարոզարշավն էր կազմակերպվում, այնպես էլ թող բարի լինեն կազմակերպել փոփոխությունների նախագծի քարոզարշավը»: Իսկ հանրաքվեով նախագիծը մերժելու հեռանկարը, Կարապետյանի բացատրությամբ, որեւէ կապ չի կարող ունենալ իշխանություններին անվստահություն հայտնելու հետ: «Ահավոր շահարկում է հանրաքվեի «ոչ»-ն իշխանափոխության հետ կապելը: Եթե այդ «ոչ»-ն ասվի, ապա ժողովուրդը դրանով իր հուսահատությունը կհայտնի ե՛ւ իշխանություններին, ե՛ւ ընդդիմությանը»:
Փոփոխությունների նախագծի չանցնելու դեպքում, իհարկե, երկիրը շարունակելու է առաջնորդվել գործող սահմանադրությամբ, որը, բանախոսի եւ ոչ միայն նրա կարծիքով, գրված է մեկ քաղաքական ուժի եւ նրա ղեկավարի համար: Բանախոսը հիշեցրեց, որ այդ դեպքում հանրապետության նախագահի լայնածավալ լիազորություններն անխուսափելի էին, եւ դրանք պարզապես փոխանցվեցին Ռոբերտ Քոչարյանին: Իսկ այս համատեքստում խոսել վերջինիս 3-րդ անգամ նախագահի թեկնածություն ներկայացնելու փորձերից, ավելորդ գնահատեց Հրայր Կարապետյանը, քանի որ այդ դեպքում փոփոխությունների նախագծում պարզապես չէին լինի նախագահի լիազորությունների սահմանափակումներ:
ՀՅԴ հեղինակած թիկնազորային ծառայության օրինագիծը, որ ընդգրկվել է խորհրդարանի ընթացիկ նստաշրջանի մեծ օրակարգում, ստացել է կառավարության բացասական եզրակացությունը: Բայց թիկնազորային ծառայության օրենքի լինելիության հարցում հեղինակները հաստատակամ են եւ շուտով պատրաստվում են կազմակերպել հասարակական քննարկումներ ու լսումներ ԱԺ պաշտպանության եւ համապատասխան հանձնաժողովում:
Ն. Պ.