«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#165, 2005-09-15 | #166, 2005-09-16 | #167, 2005-09-17


ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՓԱԹԵԹԸՙ ԿՈՂՄ ԵՎ ԴԵՄ ՀԱԿԱՓԱՍՏԱՐԿՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ

Մեր խորհրդարանականները լիագումար նիստերը քիչ են համարում անընդհատ միմյանց բանադրելու, միմյանց ճիշտն ու սխալը բռնելու համար: Միեւնույն գործելակերպը շարունակում են նաեւ նիստերն ամփոփելու շաբաթավերջի իրենց հնարավորության ժամանակ:

Ազգային ժողովի երեկվա ճեպազրույցների (կամ ավելի ճիշտ` երկարազրույցների) ժամանակ խմբակցությունների ներկայացուցիչների շոշափած թեմաներից առանձնացրինք այնպիսիք, որոնք ավելի օրախնդիր են:

Սահմանադրության բարեփոխման հանրաքվե

Ըստ Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի` «ոչ» կարող են ասել այն քաղաքական ուժերը, որոնք մտածում են, որ առաջիկայում իրենք կգան իշխանության, քանի որ այժմ գործող սահմանադրությամբ իշխանական բուրգի բեւեռացում կա, եւ դա ձեռնտու է ամեն մի իշխանության: Վկայաբերվեցին ժողովրդավարական հեղափոխություն իրականացրած Ուկրաինան եւ Վրաստանը, որոնց ղեկավարներն այդպես էլ ուժ չեն գտնում իրենց մեջ` սահմանադրություն բարեփոխելու: «Համոզված եմ, որ ժողովուրդն ավելի շուտ կողմ կքվեարկի», ժողովրդի անունից համոզմունք հայտնեց նա: Հանրաքվեի հետաձգման վերաբերյալ հայտնվող տեսակետներին էլ արձագանքեց, թե դրա համար հիմք չի տեսնում եւ այդ առթիվ ասաց. «Աստված տա` չար լեզուներից էլ ազատվենք, չար խոսքերից էլ»:

ՄԱԿ-ը ներկայացնող Գրիգոր Ղոնջեյանը, նորից կետ առ կետ հիշեցնելով, թե ինչու առաջին ընթերցմանը սահմանադրության նախագծին դեմ քվեարկելուց հետո երկրորդին կողմ քվեարկեցին` գնահատեց, որ այս նախագիծը քայլ առաջ է գործողից: Իսկ քարոզչական շրջանի վերաբերյալ իրենց մոտեցումը ձեւակերպեց այսպես. «Մենք փորձելու ենք մինչեւ հանրաքվեն կոալիցիայի հետ առանձնակի հակասությունների դաշտ չմտնել, որպեսզի դա սահմանադրության հակաքարոզչություն չդիտվի: Մեզ համար իսկապես կարեւոր է, որպեսզի փոփոխությունները ստանան դրական գնահատական»: Քանի որ նախագծի առավելություններն ակնհայտ են` ՄԱԿ-ն ակտիվորեն «այո» է քարոզելու դրան:

Բնականաբար հակառակ մոտեցումներ ունեին «Արդարությունից» Վիկտոր Դալլաքյանն ու «Ազգային միաբանությունից» Արտաշես Գեղամյանը:

Ըստ Վ. Դալլաքյանի` իշխանությունները պատրաստ չեն ազատ-արդար հանրաքվե անցկացնելու եւ խուճապի մեջ են, քանի որ մեծամասնության ղեկավարը, պաշտպանության նախարարը, արտգործնախարարը կարծիքներ են հայտնել, թե սահմանադրական «ոչը» դեռեւս «ոչ» չէ իշխանություններին, իսկ Դաշնակցության երկու ներկայացուցիչ խոսել են հանրաքվեն հետաձգելու հնարավորության մասին:

Ա. Գեղամյանը, օրինակ բերելով համիդյան, ինչպես նաեւ ստալինյան սահմանադրությունները, որոնք ըստ նրա բավականին դեմոկրատական են եղել, բայց դրանց օրոք են մարդկության հանդեպ այդքան անիրավություններ արվել, նորից մատնանշեց. «Նշանակություն չունի, թե ինչ է գրված թղթի վրա, կարեւորն այն է, թե ո՞վ է իրագործում: Եթե այդ փոփոխություններն այդքան դրական են` վայր դրեք մանդատները եւ վերահաստատեք ձեր մեծամասնությունը (նոր ընտրություններով-Մ. Խ): Իսկ հանրաքվեն հետաձգելու մասին ՀՅԴ ներկայացուցիչների տեսակետներին (թեեւ դրանք այլ համատեքստում էին հնչել) արձագանքեց. «Ես ողջունում եմ Դաշնակցության հեռատեսությունը, նրանք զգում են, որ հանրաքվեն տապալվելու է, եւ հետաձգելով` ստորագրում են այն իրողության ներքո, որ այս իշխանությունները սպառել են իրենց եւ ոչ մի բարեփոխում իրականացնել չեն կարող»:

Մինչդեռ ՀՅԴ-ից Լեւոն Մկրտչյանը, վերահաստատելով նախագծին իրենց «կողմ» լինելը, նկատեց, որ այժմ այն ժամանակները չեն, որ թույլատրելի լինի ունենալ ոչ այնքան լեգիտիմ սահմանադրություն կամ կենտրոնացված իշխանության բեւեռ, քանի որ միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության համակարգերը կայացել էին, ինչը չէր կարելի ասել մեր առաջին սահմանադրության ընդունման ժամանակ: Այժմ խոսք է գնում մեր երկրի ապագա 15-20-25 տարվա մասին, եւ ոչ թե վաղվա ընտրությունների, ինչպես քաղաքական թոհուբոհի մեջ եզրակացնում է ընդդիմությունը. «Բոլոր քաղաքական կուսակցությունները պարտավոր են հիմնավորել` ի՞նչ է սպասում հասարակությանը, երկրին «ոչ»-ի եւ «այո»-ի դեպքում»: Առաջինի դեպքում միջազգային մեկուսացումը իր կտրուկ հետեւանքներով ներկայացնելը ոչ թե շանտաժ, այլ իրականությունն ասել անվանեց:

«Օրինաց երկրից» Մհեր Շահգելդյանը շեշտեց, որ նույնիսկ ընդդիմադիր շատ գործիչներ իրենց խորհրդարանական ելույթներում սահմանադրական բարեփոխումները քայլ առաջ են համարել:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4