Այսօր գերմանացիները կկանգնեն քվեատուփի առջեւ
Կնո՞ջը, թե տղամարդուն, Արեւելքի՞ց, թե՞ Արեւմուտքից եկածին: Angie-ի՞ն, թե՞ Gerd-ին: Անգելա Մերկելի՞ն, թե՞ Գերհարդ Շրյոդերին: Գերմանիայում ահա ամիսներ շահարկվող այս հարցի պատասխանը դեռ պարզորոշ չի ուրվագծվել կիրակիՙ սեպտեմբերի 18-ին կայանալիք ընտրություններից նույնիսկ երկու օր առաջ: Երկար ճանապարհի 2005 թ.-ի այս անկյունադարձում դարձյալ երթեւեկության նույնՙ կարմիր-կանաչ կոալիցիոն լուսակրին հետեւե՞լ, թե՞ սեւ-դեղին նոր սկիզբն ընտրել, ո՞ր նշանն է առավել անվտանգ ու շարունակելի, դեռեւս չգիտի ընտրողների 20 տոկոսը: Ամեն տարի 5-րդ ընտրողը չի կողմնորոշվում, ասել է, թե չգիտի ում վստահել Գերմանիայի Դաշնության ճակատագիրը:
«Եթե ընտրությունն առաջիկա կիրակի օրը լիներ, ո՞ւմ կընտրեիք» հարցին սեպտեմբերի 8-ին ՔԴՄ-ՔՍՄ-ի համակիրներն ընտրողների 41 տոկոսն էին կազմել, ՍԴԿ-ինըՙ 34 տոկոսը, այս շաբաթասկզբին կայացած վերջին հարցման արդյունքը համապատասխանաբարՙ 48 եւ 42 տոկոս պատկերն էր ուրվագծել: Ասել, թե թեժ մրցապայքարը Գերմանիայի երկնակամարից հետզհետե առատացող անձրեւի ուժգնությանը համահունչ է դառնում, ճիշտ կլինի, քանի որ կուսակցություններին առիթ է ներկայացել պայքարելու յուրաքանչյուր ձայնի համար: Սեպտեմբերի 15-ի երեկոյան եթերում ARD-ի հաղորդավարը հայտարարեց, թե կան նաեւ չգրված օրենքներ, որոնց համաձայն կուսակցություններին թույլատրվում է շարունակել իրենց քարոզարշավը նաեւ կիրակիՙ ընտրությունների օրը:
Եթե մարդը փոփոխությունների ունակ չլինի, սարսափելի է, քաղաքական գործչի համարՙ աղետ է, ասում է նախկինում ֆուտբոլի մարզիչ դառնալ երազող ներկայիս կանցլեր Գերհարդ Շրյոդերըՙ քաղաքական դաշտում նոր խաղ սկսելու վճռականությամբ: «Մենք խտրականությունը մերժող հասարակություն ստեղծեցինք: Գերմանիան լավ կանցլեր ունի եւ նա կմնա», վստահեցնում է սոցիալ-դեմոկրատների նախագահ Ֆրանց Մյունթեֆերինգը:
«Ուզում եմ ծառայել Գերմանիային», լուրջ հայտարարում է կանցլերության թեկնածու Անգելա Մերկելը:
«Կարողացել ենք դաշնակիցների թիվն ավելացնել: Օգնել ենք, երբ բարեկամները կարիքի մեջ են եղել, բայց ճիշտ ժամանակին ոչ ենք ասել, երբ խոսքը պատերազմին է վերաբերել», հիշեցնում է պրն Շրյոդերը Բունդեսթագում վերջին նիստի ժամանակ: «7 տարի սխալ քաղաքականության արդյունքում բաց թողեցինք հնարավորությունը: Մարդկանց հետ խաղում եք, եւ նրանք ձեզ չեն հավատում, իսկ մենք լուրջ ենք վերաբերվելու նրանց: Բյուրոկրատիայի կրճատում, լավ վարձատրվող աշխատանք, թարմ գաղափարներ, նորամուծություններ, քաջալերում գիտական հետազոտություններով զբաղվողներին: Սոցիալ-տնտեսական շուկայի բարելավում ոչ թղթի վրա, իրականում», հնչեցնում է տկն Մերկելը:
«Աշխարհի ոչ մի երկրում աշխատանք կորցնելու այնպիսի վախ չկա, որքան այստեղ: Ամենաթանկ էլեկտրաէներգիան, ամենաթանկ բենզինը... Հույս ունեմ, որ կիրակի օրը ձեր երկարած դեմքերն ու մեր ուրախ ժպիտը կտեսնեմ», հայտարարեց ՔՍՄ նախագահ Էդմունդ Շտոյբերը:
«Բավարիայի վարչապետ, ՔՍՄ նախագահ Էդմունդ Շտոյբերը պատրաստ է հենց այսօր շամպայն բացել, թողեք ժողովուրդն ազատ իր ընտրությունը կատարի, խորհրդարանում դիտողություն արեց կանաչ արտգործնախարարըՙ Յոշկա Ֆիշերըՙ հավելելով, որ ապագայի մասին ենք խոսում, այլընտրանքային էներգետիկ քաղաքականությունը մենք ենք իրականացնում, եւ սա է մարդկության ապագան»:
«Եվրոպական մյուս երկրներն ավելի մեծ տնտեսական աճ ունեն, ավելի քիչ գործազուրկներ, քան մենք, եւ սա պիտի փոխենք: Լիբերալ մթնոլորտը Գերմանիայում պիտի բարելավվի», ասում է Քրիստոնեա-դեմոկրատական-Քրիստոնեա-սոցիալիստական միության կոալիցիոն դաշնակից, Ազատ դեմոկրատական կուսակցության նախագահ պրն Վեսթվելլեն:
Բառերի այս ակրոբատիկան, ինչպես դիպուկ նկատեց գերմանացի լրագրողներից մեկը, իրականում ընտրողներին ոչ կողմնորոշում, ոչ էլ ապակողմնորոշում է: Կանցլեր Շրյոդերն ավելի շատ խոսում է անցյալիցՙ ինչ է արել, Մերկելըՙ ինչ է անելու: Վերջինս ավելի շահեկան է յուրաքանչյուր թեկնածուի համար: Բայց սրանով հանդերձ, շատ վերլուծաբաններ հակված են նկատելու, որ Մերկելի խոստումների լուսանցքներում ոչ մի նշում չկաՙ ինչպիսի հասարակություն է կերտելու, գերմանական ինքնության հետագա ընթացքն ինչպես է տեսնում, ինչ տեղ է վերապահված Եվրոպայում Գերմանիային: Այս անորոշությունն ընտրողների մի մասին իրավունք է տալիս հայտարարելուՙ Շրյոդե՞րը, թե՞ Մերկելըՙ ի՞նչ տարբերություն:
Շատերն ասում են, թե Շրյոդերի գլխավոր սխալը գործազրկությունը 2 անգամ կրճատելու խոստումն էր: Խոստում, որը նա երկու անգամ է հնչեցրել, չի կատարել, ինչի հետեւանքով երկրամասում աստիճանաբար սոցիալ-դեմոկրատների նկատմամբ համակրանքը պակասեց: Աշխատաշուկայի բարեփոխման ծրագրից դժգոհ հազարավոր արեւելագերմանացիներ փողոց դուրս եկանՙ «Շրյոդերը պիտի հեռանա» կարգախոսով: 2005 թ.-ին կուսակցությունը պարտություն կրեց Շլեզվիգ-Հոլշտայնի երկրամասային ընտրություններում, այնուհետեւ նույնը կրկնվեց Հյուսիս Հռենոս Վեստֆալիա երկրամասում, եւ կանցլերը հայտարարեց արտահերթ ընտրությունների մասին:
«Դժվար բան է, երբ ընտրության ես գնալու ոչ թե ուղիղ ընտրելուՙ ով է երկրիդ վաղվա վարչապետը, այլ ձայն ես տալու կուսակցության: (4 տարին մեկ ընտրվող Բունդեսթագից ընտրվում են դաշնային վարչապետը եւ նախարարները, ում նշանակում է 1,5 տարին մեկ դաշնային ժողովի ընտրած դաշնային նախագահը): 2002 թ.-ին էլ համակրանքս Շրյոդերի կողմն էրՙ հումորը լավն է, քաղաքական գործչի զսպաշապիկը նրան չի խեղդել, խոսք է ասում, հավատում ես, նույնն էլ Յոշկան (խոսքն արտգործնախարար Յոշկա Ֆիշերի մասին է-Ան. Հ.), բայց երբ վերանում եմ անհատներից, ու տեսնում, որ նրանց 2002 թ.-ի գլխավոր խոստումըՙ գործազրկության կրճատումը չիրականացավ, երկմտում եմ: Կարմիր-կանաչ կոալիցիան չհաջողեց, խոստումնազանց եղավ, պիտի հեռանա, կասեք, բայց ախր դժվար թե մեկ ուրիշն ավելի պատվախնդիր լինիՙ տրված խոստումը կատարի: Նրանցՙ սեւ-դեղին դաշինքն էլ ենք տեսել (նկատի ունի Քրիստոնեա-դեմոկրատական-Քրիստոնեա-սոցիալիստական միությանՙ սեւ եւ Ազատ դեմոկրատական միությանՙ դեղին խորհրդանշական գույները-Ան. Հ.), մեր փողոցային հարցմանն ի պատասխան ասում է 50-ն անց մի տղամարդ, որը Գերմանիան աղքատ ու դրսից կառավարվող երկիր է համարում»: «Իմ ընտրությունն արդեն արել եմՙ փակ ծրարով քվեարկել եմ, քանի որ կիրակի օրը Գերմանիայում չեմ լինելու, ասում է մեկ ուրիշ ընտրողՙ 40-ամյա տկն Շեեքն: 7 տարի իշխանության եկած կոալիցիան ոչ մի փոփոխություն չիրականացրեց: Կրթական համակարգն օրեցօր վատթարացավ, գերմաներենը մեր երկրում աստիճանաբար դառնում է երկրորդական, թուրքերը շարունակում են իրենց գետտոյական կյանքը, ու ոչ ոք չի հանդգնում ասելՙ այսքան տարի Եվրոպայում եք, չինտեգրվեցիք, Եվրոմիություն մտնում եք, որ ի՞նչ: Պրն Շրյոդերը լավ դերասան դուրս եկավ, իսկ կանաչներից կենդանիների պաշտպանությամբ լրջորեն զբաղվող շատերն են հիասթափվածՙ փոխադրվող կենդանիները դեռ տեղ չհասած սատկում են ճանապարհին: Իմ երեխաների ապագան վտանգված եմ տեսնում Գերմանիայում», ասում է տկն Շեեքեն, որը 3 երեխաների մայր է եւ ում կարծիքով գերմանացի որակյալ աշխատուժը շտապում է դրսումՙ սկանդինավյան երկրներում, Նոր Զելանդիայում կամ Ավստրալիայում կյանքն ապահովել: «Այդուհանդերձ, սրանից մի դրական բան հիշեցի իրաքյան պատերազմին մեր չմասնակցելը», ասում է զրուցակիցս:
Ասում են, կանցլեր Շրյոդերի քաղաքական բնազդն ուժեղ է: Նույնն են շեշտում բնական գիտությունները սիրող, 1989 թ.-ից քաղաքականության բանուկ ճանապարհ դուրս եկած Անգելա Մերկելի անկախ դիտորդները:
Իսկ ընտրողների բնազդի մասինՙ ավելի ուշ մեր առաջիկա հրապարակման մեջ:
Ի դեպ, Գերմանիայի հայ քաղաքացիների մեծ մասը պատրաստվում է ձայն տալ Անգելա Մերկելին: Վերջինս դեմ է Թուրքիայի անդամակցությանը Եվրոմիությանը:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա