«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#165, 2005-09-15 | #166, 2005-09-16 | #167, 2005-09-17


ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՒՆԵՆԱ՞ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՆԱԵՎ ԳՐԵՐԻ ԳՅՈՒՏԻՑ 1600 ՏԱՐԻ ԱՆՑ

Գերմանացիները փակում են Բեռլինի ազատ համալսարանի հայագիտության բաժինը

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ

Մաշտոցյան գրերի 1600-ամյակին նվիրված 4-օրյա գիտաժողովը երեկ փակվեց նույն առաջարկներով, ինչ 2 տարի առաջՙ սեպտեմբերի 18-23-ը տեղի ունեցած հայագիտական միջազգային գիտաժողովըՙ ստեղծել հայագիտական միջազգային կենտրոն, հիմնադրել հայագետների համաշխարհային ընկերակցություն եւ հայագիտության զարգացման հիմնադրամ, ունենալ ինտերնետային հայագիտական պարբերական եւ այլն: Դրանք իրականացնելու համար այն ժամանակ կազմվեց հանձնախումբ ու կազմկոմիտե, որի մեջ ընդգրկվեցին ԳԱ ակադեմիայի նախագահ Ֆադեյ Սարգսյանը, Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանը, կրթության եւ գիտության նախարար Սերգո Երիցյանը եւ ուրիշներ: Վերջինս նույնիսկ հանդես եկավ կարճ ելույթով, խոստանալով ուշադրության կենտրոնում պահել հայապահպանության խնդիրները: Այս գիտաժողովի փակմանը նա ներկա չէր, իսկ աշխատանքային նոր խումբ կազմելու Ազատ Եղիազարյանի առաջարկը մնաց օդից կախված: Ակադեմիայի փոխնախագահ Վլադիմիր Բարխուդարյանը փորձեց հույս ներշնչել, որ մասնակիցներին մտահոգող հարցերը կարճ ժամանակ անց ընթացք կստանան: Թե ե՞րբ, իրականում հայտնի չէ, քանի որ գրեթե բոլոր հարցերը կախված են վարչապետ Անդրանիկ Մարգարյանից, որի հետ հանդիպելու գիտաժողովի մասնակիցներից շատերի փափագը մնաց անկատար, վերջինիս Հայաստանում չլինելու պատճառով:

Ու մինչ մեր պետական այրերը հայագիտությանը կիրառական նշանակություն տալու որոշում կայացնեն, Բեռլինի պետական ազատ համալսարանում փակվում է 1920 թվականից գործող հայագիտության բաժինը, որը հիմնադրել էր անվանի հայագետ Ժոզեֆ Մակվարտը: «Մենք այսօր հայտնվել ենք մուրճի հարվածի տակ, որովհետեւ Գերմանիայի կառավարությանն այլեւս ձեռնտու չէ մեծ ծախսեր անել այդ բաժինը պահելու համար: Մի քանի այլ բաժիններ փակելով նա կամենում է խնայողություններ անել եւ այդ գումարը հատկացնել սեփական խնդիրների լուծմանը: Համալսարանի ղեկավարներն ասում են, որ Հունաստանն ու Չինաստանը համաձայնել են ֆինանսավորել իրենց լեզուների բաժինների աշխատանքը, եւ եթե Հայաստանը կամենում է պահել իր լեզուն, պետք է դիմի նույն քայլին: Ես այդ խնդրի մասին այստեղ քանիցս խոսել եմ, բայց որեւէ արձագանք չեմ ստացել: Այս պահին ինձ անհանգստացնում է այն, որ այնտեղ շուտով կցրեն մեր գրադարանն ու տարիների հավաքած արխիվը: Եթե այդ հեղինակավոր համալսարանում հայագիտության բաժինը փակվի, այլեւս դժվար թե վերաբացվի», «Ազգի» հետ զրույցում ասաց բաժնի վարիչ Ժիրայր Քոչարյանը: Արդեն 10 տարուց ավելի գերմանացի եւ այլազգի ուսանողներին հայերեն դասավանդող Քոչարյանն իր աշխատանքն ընդհատված է համարում, քանի որ անկարող է բաժինը պահել իր անձնական միջոցներով: Ի դեպ, գիտաժողովում նա հանդես եկավ «Հայոց գրերի քաղաքական նշանակությունը» զեկուցմամբ:

Գիտաժողովի մասին մասնակիցների կարծիքներն ընդհանուր առմամբ դրական էին:

Ժիրայր Դեդերյան (Ֆրանսիա)- Փառավոր գիտաժողով էր կազմակերպվել, որը շարունակությունն էր 2 տարի առաջ կայացած հայագիտական միջազգային համաժողովի: Վերջինս հայագիտության վերածննդի հիմքերը դրեց, իսկ այս գիտաժողովը հայագիտության բուն հիմքերը, քանի որ նվիրված էր մեսրոպյան այբուբենին, այսինքնՙ հայոց լեզվին, որը մեզ համար ամենակարեւորն է:

Աշոտ Մելքոնյան - Անկեղծ ասած, նախապես կարծում էի, թե գիտաժողովն իր նպատակին չի ծառայի, եւ զեկուցողները կվերապատմեն իրենց ասելիքը Մաշտոցի գործունեության եւ հայոց գրերի պատմական նշանակության մասին, բայց գոհունակությամբ պիտի նշեմ, որ նրանց մեծ մասը հանդես բերեց նորովի մոտեցում: Փաստելով հայոց գրերի գյուտի քաղաքական նշանակությունը մեր ժողովրդի գոյատեւման համար, զեկուցողները խոսեցին նաեւ գրերի բերած ահռելի մշակութային ժառանգության մասին: Պատահական չէր, որ գիտաժողովը բաժանված էր 3 մասնաճյուղերի, որոնցից յուրաքանչյուրն ուներ իր առանձնակի կարեւորությունըՙ գրերը որպես քաղաքական զենք, թարգմանական գրականության եւ պատմագրության ստեղծում, հայերեն Ավետարան եւ աղանդավորական շարժման դեմ պայքար: V դարում դրված ավանդույթները, որ ժամանակի ընթացքում կերպարանափոխվել են, պետք է վերադառնան ազգային ակունքներին, որովհետեւ ամենագեղեցիկ ու տպավորիչ նորն անկասկած հինն է:

Լավրենտի Հովհաննիսյան - Այսպիսի գիտաժողովներ անցկացնելն անհրաժեշտություն է, քանի որ հավաքվում են նշանավոր գիտնականներ, առաջանում են տարբեր հարցեր ու գիտական վեճեր: Լինում են նաեւ խոստումներ, որոնք, ցավոք սրտի, չեն իրականանում:

Ցավով պիտի արձանագրեմ, որ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի 1970-ականներին կազմակերպած միջազգային գիտաժողովների համեմատ մակարդակը իջել է, չնայած այս գիտաժողովում կային հետաքրքրական զեկուցումներ, խորքային ուսումնասիրություններ:

Վերջին տարիներին հայաստանյան լեզվաբանությունը մի տեսակ մեկուսացել է աշխարհից, իսկ ակադեմիկոս Գեւորգ Ջահուկյանի մահից հետո մեր ինստիտուտը ստվերում է մնացել: Նոր շփումները հնարավորություն կտան գիտական կապեր հաստատելու, նոր ծրագրեր մշակելու, մանավանդ որ կառավարությունը կարծես սկսում է ընդառաջել հայագիտության զարգացմանը, այս գիտաժողովին ցուցաբերած աջակցությունը դրա վկայությունն է:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4