67 տարիներ ձգվող իմ կյանքում ես կարծես ինչ-որ բաների հասել եմ, բողոքելու տեղ ունեմ թեեւ (ո՞վ չունի), բայց, փառք Աստծո, ոչ այնքան շատ: Կամ հիմա է թվում ինձ, որ դրանք այնքան էլ շատ չեն: Բայց...
Գիտե՞ք ինչ ծանր բան է մեծանալ առանց պապիկների, տատիկների, մորեղբայրների, հորեղբայրների, հորաքույրների, զարմիկների, զարմուհիների... Չէ՞ որ ես այդ բոլորն ունեցել եմ, հիմա էլ մասամբ ունեմ: Այս «որբությունը» համարյա զրոյի է հասցնում այն «ինչ-որ բաները», որոնց իբր հասել եմ ես իմ կյանքում: 48-ին մեզ հետ Խորհրդային երկիր հայրենադարձվեցին միայն հորաքրոջս եւ հորեղբորս ընտանիքները: Սոսո Ջուղաշվիլին ինձ հորեղբորից էլ զրկեցՙ նրան իր ընտանիքի հետ միասին աքսորելով Ալթայի երկրամաս: Սուրբ մարդիկ էին Կարապետ հորեղբայրս ու նրա աննման կինըՙ Էժենին: Երբ հայ չեկիստները եկել են նրանց թուրքավարի քշելու, միամիտ Էժենի թանթս ուզեցել է նրանց սուրճ հյուրասիրել: «Սուրճը շաքարո՞վ կխմեք, թե՞ առանց շաքարի...» Այս սուրբ միամտության ֆոնի վրա, պատկերացնում եք, չէ՞, որքան է ընդգծվում բոլշեւիկների մարդակեր էությունը, որը հետագայում այսպես նրբակիրթ ձեւակերպվեց ՙ անհատի պաշտամունք: Ընդամենը: Այո, ես մեծացել եմ համարյա առանց ազգականների, միայն հորաքրոջս ընտանիքի հետ: Հայրենադարձի տիպիկ ճակատագիր: Աքսորյալները վերադարձան ու, բնականաբար, արտագաղթեցին: Մերոնքՙ նույնպես: Հետագայում, տարբեր տարիներին իմ մեծ գերադաստանի բոլոր անդամներին էլ տեսել եմ, բայց զբոսաշրջիկի կարգավիճակով, մի քանի օրով: Կարոտը խեղդել է բոլորիս, բարդույթներ է ծնել մեր մեջ, չէր կարող չծնել: Ոչ մի հայաստանցի չի հասկանա մեզ: Այս դեպքումՙ բարեբախտաբար:
Իմիջիայլոց, մինչեւ հիմա չեմ հասկանում, թե ինչու աքսորեցին հորեղբորս բազմանդամ ընտանիքին: Հորեղբայրս նպարեղենի խանութ ուներ Ալեքսանդրիայում, իրենց բնակելի շենքի առաջին հարկում: Հիմնական երթուղին էր տնից-խանութ, խանութից-տուն, այսինքնՙ առաջին հարկից երրորդ հարկ, երրորդիցՙ առաջին: Այդ հարկերի միջեւ քաղաքականություն չկար: Իսկ հայրս ռամկավար կուսակցության ակտիվիստ էր, խորհրդային կարգերի ջերմ պաշտպան, ի՞նչ պակաս պատճառ էր նրան ձերբակալելու համար, չէ՞ որ հենց այդպիսի հավատարիմ մարդկանց էին ձերբակալում եւ լա՛վ էին անում, ճիշտ էին անում, այսինքն ուզում էին ասելՙ բա մեզ նման տականքներին կարելի՞ է հավատալ, թե որ այդքան միամիտ եք, որ հավատացել եք, գնացեք փտեք սիբիրներումՙ որպես դյուրահավատության պատիժ:
Սոսոն, որը ըստ դպրոցում սովորած իմ երգի, «մեծացավ, Ստալին դարձավ, փրկություն բե-րե՜-ե՜ց ամբողջ աշխարհին», բարեբախտաբար, ի վերջո մեռավ (մեղա քեզ, Տեր, մեղա, կյանքումս առաջին անգամ եմ նման բան գրում, «մահ» եւ «բարեբախտություն» բառերը միասին օգտագործում), եւ աքսորյալները վերադարձան: Ասացին, որ անտառ էինք կտրում, տաշեղներ թռան: Բա էլ անտառը ոնց են կտրում: Առանց տաշեղներ թռչելու կլինի՞:
Ասացի, որ հայաստանցին հայրենադարձերից շատերի «որբությունը» չի հասկանա: Շատ լավ էլ կհասկանա: Բայց ոչ երեկ, այլ այսօր, երբ երեք ընտանիքներից մեկի երեխաները կամ ամուսինները Հայաստանում չեն, գնացել են բախտ որոնելու, չեն լքել հայրենիքը, չէ՛, հայրենիքն է դուրս մղել նրանց, ազատ-անկախը...
Սխա՛լ ես, Զեյթունցյան, խորապես սխալ: Դու չե՞ս ասել ու գրել, որ անկախությունը բացարձակ արժեք է, քննարկման ոչ ենթակա, մանավանդՙ անսակարկելի, անկախությունը մեծագույն երջանկություն է մարդու եւ ազգի համար: Դու չե՞ս ասել, որ կա անձնական երջանկություն եւ համազգային երջանկություն, եւ որ անձնական երջանկությունը մեզ նման փոքրաթիվ ժողովրդի համար ոչինչ է համազգայինի կողքին: Ուրեմն, անկախությունը մեղավոր չէ, մեղավոր են այն մարդիկ, որոնց ձեռքն ընկավ մեր դարավոր երազանքը, ապիկար մարդկանց մի ստվար խումբ ստորաբար խաբեց ժողովրդին, այնպես վարպետորեն նրա մեջքը ծռեց, որ կարոտախտ ծնվեց, պատկերացնո՞ւմ եք, ոչ անկախ Հայաստանի համար: Չէ՛, չէ՛, պատկերացնո՞ւմ եք, անկախ երկրում ապրես եւ կարոտես քո ոչ անկախ տարիները: Մի՞թե սա ներելու բան է: Աններելի է ոչ թե կարոտողի համար, այլ կարոտեցնողի՛:
Հայաստանում բուն դրեց բարոյականության դեֆիցիտը, հայ մարդը դարձավ անպաշտպան, մինչեւ այսօր էլ մնում է այդպիսին, որովհետեւ օրենքը, ինչպես սովետի օրոք, մնաց սոսկ թղթի վրա: Իսկ մի երկրում, որտեղ չի գործում օրենքը, բարոյականություն չի կարող գոյություն ունենալ: Ծվատեցին Հայաստանը, ատամներով, եղունգներով, ով ինչ կարողացավՙ փախցրեց, անխղճորեն կոխկրտելով իր հայրենակցին: Բարոյականության դեֆիցիտը ծնեց, չէր կարող չծնել հայրենասիրության դեֆիցիտ: Երկիրն այսպես եւ այսքան կողոպտել կարող են միայն ազգություն չունեցող մարդիկ:
Իմացա, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը խաչակրաց արշավանքների մասին գիրք է գրում, կամ գրել է արդեն: Այսինքնՙ զբաղված է պատմությամբ, այսինքնՙ զբաղված է կեղծ գիտությամբ: Չեմ հասկանում, ի՞նչ հաճույք է ստանում, զբաղվելով մի գործով, որ նա միշտ կեղծ է համարել: Ես չեմ բացառում, որ ազատ մարդը, ազատ մտավորականը կարող է ասել, որ պատմությունը կեղծ գիտություն է, որ ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա է, եւ նույնիսկ, ոչ ավելի, ոչ պակասՙ ֆաշիզմ, ի՞նչ կա որ, կարող է նման էքսցենտրիկ բաներ ասել, դրա համար էլ ազատ մտավորական է կոչվում... Բայց երկրի ղեկավարը, երկրի առաջին դեմքը, որի ուրբաթախոս բերանից ելած ամեն բառին քաղցի ու ցրտի մատնված ժողովուրդն սպասում էր անհամբերությամբ (իսկ նա ամեն Նոր տարուն ասում էրՙ այս տարի ավելի վատ կլինի), ինչպե՞ս կարող էր չհասկանալ, որ այն, ինչ «ինքնատիպ» է (օրիգինալ) ազատ մտավորականի համար, տարվա բոլոր եղանակներին հակացուցական է երկրի ղեկավարին: (Հարկ եմ համարում ավելացնել, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը, առավել, քան վստահ եմ, արժեքավոր գիրք է գրել եւ դրանով իսկ ժխտել իր էքսցենտրիկ «տեսությունը»):
Երկրի ղեկավարը կամ «թագավորը» ինչպե՞ս կարող էր սառը-սառը ասել իր ժողովրդինՙ եթե վատ եք ապրում, պարտք վերցրեք իրարից... Ինչպե՞ս կարող էր հայտարարել, որ եթե ժողովուրդը շատ խնդրի, ես կհամաձայնեմ նորից իշխանության գալ. ի՞նչ էՙ չգիտե՞ր, թե ժողովուրդն ինչ է մտածում իր մասին: Ի՞նչ խղճով, ինչպե՞ս կարողացավ սեպ խրել Հայաստանի եւ «նարինջ ուտող» սփյուռքի միջեւ, դասական կուսակցությունը հայտարարել օրենքից դուրս... Ինչո՞ւ, ինչո՞ւ ոչ պրիմիտիվ գիտաշխատողն այսքան պրիմիտիվ սխալներ թույլ տվեց: Որովհետեւ մատենադարանի գիտաշխատողի խելքը եւ երկրի գերագույն ղեկավարի խելքը, ինչպե՞ս ասեմ, շատ տարբեր են իրարից: Հարցը լավի ու վատի մասին չէ, այլ տեսակի տարբերության: Մեխանիկական «տեղափոխումը» մի գլխից մյուսը, իսկ դա տեղի ունեցավ մեր աչքերի առաջ, լավ բանի չի հասցնի երբեք: Դրա համար էլ մատենադարան լինի, գրողների միություն, թե գիտությունների ակադեմիա, հետեւանքը նույնն է:
Ուռա՜, այս մի քանի օրը ես իմացա, որ չքավոր եմ: Ռադիոընդունիչից իմ ականջին ասացին, որ չքավորության սահմանը 12 հազար դրամն է: Իմ թոշակն էլ հենց այդքան է: Եթե հաշվենք, որ կինս թոշակ չի ստանում դեռ, ուրեմն իմ 12-ը կիսվում է վեց-վեցի: Բոլոր նրանց, ովքեր համակրում կամ սիրում են ինձ, ուզում եմ անմիջապես հանգստացնել, որ ես պետության տված ողորմությամբ չեմ ապրում: Խելքս, փառք Աստծո, դեռ գործում է, դեռ կարողանում եմ վաստակել հանապազօրյա հացս: Բայց դա պետության գործը չէ, գուցե ես ստեղծագործական խոր ճգնաժամի մեջ եմ, գուցե առողջությունս թույլ չի տալիս: Պետությունը պարտավոր է ապահովել իր քաղաքացու բարեկեցիկ ծերությունը: Չի՞ կարողանում: Բայց եթե կարողանում է հանդուրժել գանձագողերի, զանազան-զարմանազան ավազակների, մաֆիոզների, կոռումպացվածների, կաշառակերների գոյությունը, թող սա էլ կարողանա: Ինչո՞ւ մեկը կարողանում է, մյուսըՙ ոչ: Ո՞ւմ է պետք այն պետությունը, որ չի կերակրում իր քաղաքացիներին (ծիծաղելի աշխատավարձեր, ողբալի թոշակներ), ձմռանը չի տաքացնում իր ժողովրդին (էլեկտրականության կատաղի գները, բնակարանները գազաֆիկացնելու ահռելի գումարները), չի բուժում իր հիվանդներին (բուժման վայրենի ծախսերը)... Էլ ի՞նչ չի անում: Իսկ ի՞նչ է անում ընդհանրապես: Ապահովում է երկրի տնտեսական աճը, որը մեր տները երբեք չի մտնում:
Ազգային ժողովի անդամների աշխատավարձը կարծեմ 400 դոլար է: Իմ թոշակըՙ 20: Ընդունում եմ, որ Ազգային ժողովի 131 անդամներից 31-ը արժանի մարդիկ են, թեեւ ո՞վ է այդ 31-ըՙ չգիտեմ... Խոսքս մնացած 100-ի մասին է: Որ այդ 100-ը ինձնից ու քեզնից քսան անգամ արժանի մարդիկ են, անգամ խելացի, քսան անգամ օգտակար մեր երկրի համար, այսինքնՙ 400 դոլարանոց, մի րոպե անգամ չեմ կասկածում: Բայց որ ինձանից ու քեզանից լավ են 15 անգամ, մի փոքր կասկած է ծնում իմ մեջ: Արդյո՞ք: Բայց լավ, եթե համարում են, որ տասնհինգ անգամ լավ են մեզանից, այսինքն 300 դոլարանոց են, մի կերպ ընդունում եմ եւ համաձայնում, ի՞նչ իմանաս, գուցե այդպես է: Բայց որ ինձանից ու քեզանից լավ են 20 անգամ (քսա՜ն), չէ, թույլ տվեք կտրականապես չհամաձայնել, ոչ էլ փորձեք ինձ հակառակը համոզել: Ինձանից ու քեզանից 20 անգամ արժանի մարդ այդ հարյուրի մեջ չկա, 10 անգամ կա, 15 անգամ չկա, 20, չկա ու չկա: Ամոթ է, այս ի՞նչ եք անում: Ստեղծել եք մեծ գլխով եւ փոքր մարմնով մի երկիր, կամ հսկա մարմնով եւ փոքր գլխով աննորմալ մի տարածք, որին վայել չէ երկիր կոչելը: Այսինքն, ի՞նչ երկիր, ասել եմ ու նորից կասեմ, որ երկիրը վաղուց խլել են մեզնից եւ մեզ թողել հոգեւոր Հայաստանի տեսլականը:
Մտավորականներից ոմանք ասում են, որ Ամերիկայում երկու հարյուր տարի առաջ նույն երեւույթներն են եղել, ի՞նչ է, կաշառք չի՞ եղել, կողոպուտ չի՞ եղել, սպանությո՞ւն, անարդարություննե՞ր ու... այսպես շարում են իրար ետեւից: Եթե Ամերիկայում եղել են ու չենք զարմանում, հապա ինչո՞ւ ենք զարմանում Հայաստանի դեպքում: Կատարյալ անհեթեթություն, անշնորհք փորձ «բացատրելու» եւ որ ավելի վատ էՙ արդարացնելու այսօրվա մեր ցավերը:
Ամերիկայում այդ բոլոր հանցագործներից ո՞ր մեկն էր գիտակցում, որ իր արածը բարոյական ու քրեական հանցանք է, նրանք համարել են, որ այդ վիճակը իրենց կյանքի նորմալ բնույթն է, որ այդպես էլ պետք է լիներ, հապա ինչպե՞ս լիներ այլ կերպ, մարդիկ եկել էին բախտ որոնելու, մեծ մասամբՙ բախտախնդիրներ, եւ ուզում եք, որ բարոյական նորմե՞ր գոյություն ունենային այնտեղ: Գուցե նաեւ կարծում եք, թե նրանք գտե՞լ էին բանաձեւը, որ իրենք ապրում են կապիտալի կուտակման նախնական շրջանում:
Ուրեմն, նրանք անում էին, նրանք չգիտեին: Իսկ մե՞նք: Մենք անում ենք, մենք գիտենք: Գիտենք, իհարկե, գիտենք, եթե Ամերիկայի օրինակին ենք դիմում որպես արդարացում: Ուրեմն մենք անում ենքՙ հասկանալով: Սա է այս խեղճուկրակ համեմատության «փոքրիկ» տարբերությունը:
Թե ինչո՞ւ Գինեսի գիրքը հազվադեպ է Հայաստանին անդրադառնում, ինձ համար մնում է անհասկանալի: Ի՞նչ պակաս ռեկորդ է մեր շրջաններից մեկի ջրմուղի կառավարչի կարծիքը իր պետի հասցեինՙ «Աստվածների մասին չեն խոսում»: Լսե՞լ եք «Իրավունք» թերթում բերված այս «կարծիքին» հավասար քծնանք, քծնանքի նման փայլատակում: Չէ, սա իրոք ռեկորդային քծնություն է, որ կյանքումս չեմ լսել եւ հույս ունեմ այլեւս չլսել:
Ինձ ոմանք հանդիմանանքով հարցնում են, թե ինչո՞ւ չեմ կարդացել մեր սահմանադրությունը եւ ինչո՞ւ տեղյակ չեմ, թե ինչ փոփոխություններ կան վերամշակված տարբերակում:
Նախ, եթե Վենետիկի ուսմասվարի դիտողություններից ու պահանջներից հետո վերափոխված սահմանադրության նախագծով այսքան ոգեւորված է իշխանությունը, ակամա հարց է ծագում. ի՞նչ է, ձեր խելքը չի՞ կտրում, պիտի անպայման ուսմասվա՞րն ասեր, ինչո՞ւ ինքներդ նախօրոք չարեցիք, ստիպեցին, եւ դուք նո՞ր գլխի ընկաք, թե ինչն է լավ եւ ինչն է վատ: Օրինակ, չգիտեի՞ք, որ դատավորը պետք է անկախ լինի, հիմա՞ իմացաք: Չգիտեի՞ք, որ ընտրությունները պետք է ազնիվ անցնեն, առանց հայկական «մենթալիտետի»...
Եթե սահմանադրության առաջին իսկ էջում գրված է, որ ՀՀ-ն սոցիալական պետություն է, եթե քիչ հետո էլ ամրագրված է, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, էլ ինչո՞ւ կարդամ, ինչո՞ւ շարունակեմ: Եթե ինձ այս աստիճան չեն հարգում եւ ստում են օրը ցերեկով, ե՞ս ինչու կորցնեմ տարրական հարգանքն իմ նկատմամբ:
Անցյալ տարի Ապարանում տեղի ունեցան ընտրություններՙ Ազգային ժողովի թափուր տեղի համար: Մի թեկնածուին պաշտպանում էր հանրապետության դատախազը, մյուսինՙ Ազգային ժողովի նախագահը: Այդ հակասությունը կարող էր մեծ ձնեգունդ դառնալ, եթե չմիջամտեր երկրի ղեկավարը: Չեմ հիշումՙ ո՞ւմ օգտին, եւ դա էական էլ չէ: Այդպես էր, չէ՞, հիշողությունս հո չի՞ դավաճանում: Այդպե՛ս էր, այդպե՛ս: Ի՞նչ է ստացվում, ընտրության գործող անձինք էին երկրի դատախազը, երկրի խոսնակը եւ, մեղա քեզ, Տեր, մեղա, երկրի նախագահը: Ինչպե՞ս չհիշես խեղճ Պաղտասար աղբարի միամիտ եւ անմեղ հարցը դատաստանական խորհրդումՙ հապա Կիպա՞րը ինչ մարմին է: Հապա ընտրո՞ղը ինչ մարմին է: Թե՞ ընտրողներ այլեւս չկան: Իհարկե չկան, իհարկե չկան: Մտքովս գիտե՞ք ինչ անցավ: Մի հիմար առաջարկ: Իսկ ի՞նչ կլինի, եթե գեթ մի անգամ հնարավորություն տրվի ազնիվ ընտրություններ անցկացնել: Հենց այնպես, փորձի համար: Մեն մի անգամ, մի վախեցեք, ես հո չեմ ասում միշտ: Տեսնենք դա ի՞նչ բան է: Հը՞, ի՞նչ եք կարծում, մի անգամ, մի՛:
Բայց ծուռ նստենք, շիտակ խոսենք: Ազգային ժողովի բոլոր անդամները հո խարդախությամբ չե՞ն ընտրվել: Մի մասին էլ մենք ենք ընտրել, մենք, ինչպես ասում ենՙ մեր կոտրած ձեռքով, որովհետեւ ընտրակաշառք ենք վերցրել նախօրոք, ասենքՙ 5000 դրամ, այսինքնՙ մոտ 10 դոլար: Եթե մեր ձայնը այդքան էժան ծախել ենք, իրավունք ունե՞նք այսօր ձայն հանելու, բողոքելու Ազգային ժողովի գործունեության դեմ: Հասկանում եմ, սիրելի հայրենակիցներ, ծանր է ձեր վիճակը, անասելի ծանր, բայց գոնե ձեր ձայնն ավելի թանկ ծախեք, թե չէ ամոթ է 10 դոլարի համար գետնով տալ մարդկային պատիվը:
Հաճախ ասում ենՙ ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, ես հեռու եմ քաղաքականությունից, եւ այլն, եւ այլն: Անհեթեթություն է, որովհետեւ քո զբաղվել-չզբաղվելը մի գրոշ իսկ չարժե, քաղաքականությունն ինքն է քեզանով զբաղվում: Եթե ոչ արտաքին քաղաքականությունը, ապա ներքինըՙ անկասկած: Այդպես կարող էր արտահայտվել ֆրանսիացին, շվեդը, դուք ձեր մտքում էլի կարող եք թվարկել երկրներ, որտեղ իրոք կարելի է հեռու լինել քաղաքականությունից եւ հանգիստ, բարեկեցիկ կյանք վայելել: Բայց ո՛չ Հայաստանի նման երկրում: Ինչպե՞ս կարող ես հեռու լինել քաղաքականությունից, եթե վերջինս ինքն է մտնում քո տունը, ինքն է բռնում քո օձիքից: Դու հա ասա, որ գործ չունես իր հետ: Ինչպե՞ս կարող ես այս քաղաքականացված մթնոլորտում քաղաքականությունից հեռու մնալ: Երանի հնարավոր լիներ: Երանի՜:
Ամեն տեղ էլ պատանիները շենքերի պատերի վրա ինչ-որ բան են գրում, «արտահայտում» են իրենց, կամ իրենց «ներկայությունն» են հաստատում: Դրանք մեծ մասամբ կամ սիրո խոստովանություն են (այսինչին գումարած այսինչ հավասար է սիրո), կամ պարզապես հայհոյանք: Բայց ահա Մոսկվայի Միր պողոտայի շենքերից մեկի պատին տեսա ընդամենը մի բառ, որի կողքից երկու տարի է, ինչ չեմ կարողանում անտարբեր անցնել: Գրված էՙ «իմա՞ստը», իհարկեՙ հարցականով: Այսքան բան, ուրիշ ոչինչ: Եթե կողքին էլի մի բառ լիներ, ենթադրենքՙ կյանքի իմա՞ստը, տպավորություն չէր թողնի, ու ես կանցնեի կողքով: Մինչդեռ իր անորոշությամբ դա շատ տարողունակ հարց է, որն անպայման մտածելու առիթ է տալիս: Հենց մի բառըՙ հարցականով: Իսկապես, ո՞րն է իմաստը...
Ինձ մեծ հրճվանք է պատճառում, չտեսնված մեծ, երբ մեր հարեւանները (թեեւ, ափսոս, լավ բառ է հարեւանը) մեզ կոչում են օկուպանտներ եւ ագրեսորներ: Ականջս շոյում են այդ բառերը: Թեեւ գիտեմ, անշուշտ, գիտեմ, որ դա հերթական զրպարտություն է: Երանի այդպես լիներ: Այո, երանի մենք էլ օկուպանտ եւ ագրեսոր լինեինք: Չենք եղել ու չենք լինի, բայց գոնե մխիթարվենք, որ թշնամին մեզ այդ անուններով է կոչում, թող մի անգամ էլ մենք «օկուպանտ» ու «ագրեսոր» կոչվենք:
Իսկ երբ բուն թուրքերըՙ դեմագոգիայի, ստի ու կեղծիքի վարպետները, պնդում են անընդհատ, թե ցեղասպանության հարցը պատմաբանների լուծելիք խնդիրն է, այստեղ արդեն իմ զայրույթին չափ ու սահման չկա: Սա ավելի կեղտոտ խաղ է, քան թուրքի այն ստոր սուտը, թե Դեր Զորի ճամփան բռնած աքսորյալ հայերին կառավարությունն օրապահիկ էր տալիս եւ օրվա ծախսերը հոգալու որոշ գումար:
Եթե չհաշվենք վերջին տարիների ողբալի արտագաղթը, մեր ժողովրդի կեսից ավելին հայրենիքում չի ապրում, ցրված է աշխարհով մեկ: Սա տեսական կամ «գիտական» հարց չէ, սա անառարկելի, կենդանի փաստ է, տվյալ դեպքում, օրինակ, կապված թեկուզ ինձ հետ: Իմ ողջ գերդաստանը ապրում է սփյուռքում: Ի՞նչ է, սա պատմաբանների՞ հարցն է, թե՞ իմ եւ այդ սուտը հնարող թուրքի: Դա մեր երկուսի հարցն է: Դու ինձ պիտի պատասխանես, թե ես ինչու եմ ծնվել Եգիպտոսում: Դո՛ւ, այո, դո՛ւ, ոչ թե պատմաբանը ինձ պիտի պատասխան տա, թե ինչու իմ մեծ գերդաստանի գերակշռող մասն ինձ հետ չի ապրում, այլ Եգիպտոսում, Կանադայում, Միացյալ Նահանգներում, Ավստրալիայում, Լիբանանում... Ասա, ասա, ի՞նչ ես բերանդ ջուր առել, ի՞նչ ես պատմաբանների կողմը նայում, կարծես օգնություն հայցելով: Զարկերակող իրականության հետ ի՞նչ կապ ունի պատմաբանը: Նա ինձ կարո՞ղ է բացատրել, թե ես ինչո՞ւ ներկա չեմ եղել իմ պապիկի ու տատիկի թաղումներին, պապիկ ու տատիկ, որոնց պաշտում էի ես: Կարո՞ղ է նա ինձ բացատրել, թե ինչու երբ Կանադա գնացի պաշտոնական պատվիրակության հետ, ինձ դիմավորելու եկած Պերճ մորեղբայրս եւ Լիլի զարմուհիս չէին ճանաչում ինձ եւ գլուխ էին կոտրում, թե տասնյակ ու տասնյակ ուղեւորներից ո՛ր մեկն է իրենց հարազատը: Գուցե պատմաբա՞նն է նրանց բացատրել, որ մորեղբորս եւ իմ դեմքերի նմանությունից կարելի էր ինձ զանազանել ուղեւորների մեջ: «Պապա, նայե, նայե, աս մարդը քեզի շատ կնմանի»: Այս ճակատագրի, այս եւ հազարավոր այլ ճակատագրերի բացատրությունն ինչպե՞ս պիտի պատմաբանը տա, եթե ոչ մենք, կենդանի մարդիկ, առանց «գիտության» օգնությանը, մեր կենսագրությունների, մեր ճակատագրերի, մեր չմարող հիշողության, մեր ոչ հեռու անցյալի օգնությամբ:
Ռուսաստա՞ն, թե՞ Արեւմուտք: Եթե ասեմ, որ այս հարցի ստույգ պատասխանը գիտեմՙ սուտ կլինի: Բայց եւ այնպես, ուզում եմ մի հարց տալ. այդ ի՞նչ դաշինք է Ռուսաստանի հետ, այդ ի՞նչ բարեկամություն է, եթե այդ մասին գիտե ողջ հայ ժողովուրդը, իսկ Ռուսիո ժողովուրդը հիմնականում անտեղյակ է, ղեկավարությունը գիտե միայն: Այդպիսի բարեկամությո՞ւն կլինի, եթե մենք էլ կովկասյան ազգության դեմքեր ենք (բառացի թարգմանությամբ), այսինքնՙ թուրքը, չեչենը, չերքեզը եւ մենք նույնն ենք նրանց համար, էլ ի՞նչ բարեկամություն: Երեւի մենք էլ ենք մեղավոր: Թույլ չպետք է տանք ռուսին մտածելու, թե հայը ուրիշ ելք չունի, պիտի ռուսի պոչից բռնած ապրի: Պետք է անընդհատ հիշեցնել նրանց, թե որքան են դավաճանել մեզ, սկսածՙ 15 թվականից, Արեւմտյան Հայաստանը, Ղարաբաղն ու Նախիջեւանը թուրքին նվիրելուց մինչեւ «կոլցո» տխրահռչակ օպերացիան: Պիտի նրանք համոզվեն, որ մենք ընտրություն ունենք, եւ եթե այդ ընտրությունը հիմնականում կանգ է առնում Ռուսիո վրա, ապա ռուսները պետք է գնահատեն դա եւ ոչ թե ընդունեն որպես ճակատագրական անխուսափելիություն մեր կողմից: Գիտեք, չէ՞, որ բնության մեջ խոշոր կենդանիներ կան, որոնք փոքրերի օգնության կարիքն ունեն: Այնպես որ, ոչինչ միակողմանի չէ: Թող հիշեն, որ մենք նրանց Այվազովսկի ենք նվիրել, Սուվորով (Մանուկովայի որդին), Վախթանգով, Նեմիրովիչ-Դանչենկո-հայուհու զավակ), կարելի է էլի անուններ հիշատակել: Քի՞չ է փոքրաթիվ մի ժողովրդի համար: Ձրիակեր չենք եղել: Մեր պարտքը վճարել ենք ոչ միայն գույքի դիմաց:
Դոստոեւսկին մի առիթով ասել է, որ երբ գա Ահեղ Դատաստանի ժամը եւ հանդերձյալ աշխարհում իրեն հարցնեն, թե ի՞նչ հասկացար այն մյուս աշխարհից, որտեղ ապրում էիր մինչեւ հիմա, ինքը հարց տվողին կմեկնի Սերվանտեսի «Դոն Քիշոտ» վեպը: Ուշադրություն դարձրեք, հենց վե՛պ եւ ոչ թե փիլիսոփայական թեկուզ փայլուն մի աշխատություն: Ես մեր հայրենակիցներին երկար կյանք եմ մաղթում, բայց երբ ժամանակը գա, խորհուրդ կտայի իրենց հետ վերցնել մեր գրականության երեք անմահ ու դրա համար էլՙ խիստ արդիական գործեր. Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկանները», Երվանդ Օտյանի «Փանջունին» եւ Դերենիկ Դեմիրճյանի «Քաջ Նազարը»:
Անչափ հետաքրքրական է, որ Դոստոեւսկուց շատ ու շատ տարիներ անց, 2004 թվականին, աշխարհի 50 երկրներից հավաքվել են հարյուր ամենաերեւելի գրողներըՙ որոշելու համար, թե որն է բոլոր ժամանակների լավագույն վեպը: Զարմանալի զուգադիպությամբ նրանք էլ քվեարկել են «Դոն Քիշոտի» օգտին: Մնացած մեծերին դասակարգել են հետեւյալ հերթականությամբ. Մարսել Պրուստ, Հոմերոս, Տոլստոյ, Դոստոեւսկի, Կաֆկա, Ֆոլկներ:
Եթե հրաշքով իմ կարծիքը հարցնեին, ես կավելացնեի գիտե՞ք ում եւ որ գործըՙ Հովհաննես Թումանյանի հանճարեղ մի քառյակը, ոչ թե 400 էջանոց վեպ, այլ ընդամենը չորս տող.
- Երազումս մի մաքի
Եկավ մոտս հարցմունքի.
Աստված օրհնի քո որդուն,
Ո՞նց էր համը իմ ձագի:
Այսպիսի անհատակ ցավ, այսպիսի ողբ, տիեզերական ողբ, այն էլՙ արտահայտված նման «հանգիստ», փափուկ տոներով, նույնիսկՙ մի քիչ «ամոթխած», նույնիսկ այսքան «քաղաքավարի», դրա համար էլՙ ցնցող, իր վշտի մեջ խենթացնող, ես ոչ լսել եմ, ոչ կարդացել: Աստված օրհնի քո որդուն, ոնց էր համը իմ ձագի...
Նույն Դոստոեւսկին ասել է, որ ճշմարտությունը բարձր է Նեկրասովից, բարձր է նունիսկ Պուշկինից (իսկ Պուշկինից մեծ սրբություն չկա ռուսների համար), բարձր է ժողովրդից, ամեն ինչից, դրա համար էլ պետք է անընդհատ փնտրել այն: Ուրեմն, ըստ ձեւական տրամաբանության, քանի որ մեր երկրում ճշմարտությունը հարգի չէ, Նեկրասովից, Պուշկինից եւ ժողովրդից բարձր ոչինչ չկա: Ճիշտ է, սեւ հումոր ստացվեց, բայց ես ի՞նչ մեղք ունեմ:
P.S. Միացյալ Նահանգների 16-րդ նախագահ Աբրահամ Լինկոլնը, ի տարբերություն մերոնց, ուղիղ թիրախին է խփելՙ «եթե դուք ճշմարտությունն եք ասում, իմացեք, որ հանրապետությունը փրկված է»: Ի՞նչ անենք, մենք էլ չփրկե՞նք մեր հանրապետությունը:
Եթե ասեմ, որ հրապարակախոսական հոդված չեմ սիրում գրել, գուցե կոկետություն համարեք: Բացատրեմ: Գրում եմ այն ժամանակ, երբ մեջս կուտակվում-կուտակվում են մտահոգություներն ու դժգոհությունները եւ պոռթկալու անհրաժեշտություն է ծագում: Իսկ ի՞նչ հաճելի բան կա դրանում: Երանի չէ՞, որ այդպիսի առիթներ չլինեն: Անցյալ տարինՙ 2004 թվականը, ինձ եւ շատերի համար սկսվեց ոչ թե հունվարի մեկից, այլ ապրիլի 12-ից, ամոթալի մի տարեթիվ մեր նորօրյա պատմության մեջ: Այո, շատ բան կա գրելու մեր ներքին կյանքի մասին, մայիսի 12-ի, հունիսի 12-ի, հոկտեմբերի 12-ի, բոլոր տասներկուսների մասին, շատ ու շատ բան, բայց ես ուզում եմ օգնության կանչել հրաշալի բանաստեղծ եւ իմաստուն մի մարդուՙ Համո Սահյանին, որն իմ փոխարեն կասի այն ամենը, ինչ ես չկարողացա կամ պարզապես հոգնեցի: Թեեւ հոգնելու իրավունք մեզնից ոչ ոք չունի: «Թագավորը զոհ եղավՙ երկիր, ժողովուրդ, կունենա, չեղավՙ ունեցածը աթոռ է»:
ՊԵՐՃ ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆ