«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#165, 2005-09-15 | #166, 2005-09-16 | #167, 2005-09-17


ՖՐԱՆՑ ՎԵՐՖԵԼ (1890-1945)

Մեծ գրողի եւ հումանիստի մահվան 60-ամյակի առիթով

Անուններ կան, որոնց երբեք չի կարելի ջնջել հայ ժողովրդի հիշողությունից: Նրանք աշխատել եւ գործել են պատմության ճիշտ այն ահավոր պահին, երբ ամեն ինչ շուռ էր տրվել, եւ աշխարհը գնում էր մոռանալու Հայոց եղեռնը, ջարդերը եւ Արեւմտահայաստանի կորուստը: Ճակատագրական այդ պահին Ֆրանց Վերֆելն իր «Մուսա լեռան քառասուն օրը» զարմանահրաշ վեպով եկավ հոծ գիծ քաշելու ջարդարարների ամեն ինչ մոռացության մատնելու ուղղությամբ թափած ջանքերի վրա եւ ի լուր աշխարհի հայտարարեց, որ ոչ միայն կոտորվել ու իր բնօրրանից քշվել է մի ամբողջ ժողովուրդ, այլ այդ սխրագործ ժողովուրդը ամենահուսահատական վայրկյանին նույնիսկ մարտնչել է գոյատեւման համար եւ ապրում է դեռ:

Ֆրանց Վերֆելը ծնվել է 1890 թվականի սեպտեմբերի 10-ին ժամանակի ավստրո-հունգարական կայսրությանը պատկանող Բոհեմյա նահանգի Պրահայում: Հայրը մեծահարուստ վաճառական Ռուդոլֆ Վերֆելը պատկանում էր Պրահայի գերմանախոս հրեական համայնքին: Այստեղ հիշատակենք, որ նույն գերմանախոս համայնքում է ծնվել, ապրել ու ստեղծագործել նաեւ մեծանուն գրող Ֆրանց Կաֆկան, որն ի դեպ, մտերիմ է եղել Վերֆելին:

Ֆրանց Վերֆելը գլխավորապես հայտնի է դարձել իր «Բերնադետի երգը» (1941 թ.) վեպով, որն էլ ֆիլմի է վերածվել Հոլիվուդումՙ 1943 թվականին, երբ մեծ գրողը հիտլերական հետապնդումներից մազապուրծ ապրում էր ԱՄՆ-ում:

Վերֆելն իր առաջին բանաստեղծությունները տպագրել է 1910 թվականին: 1911 եւ 1912 թվականներին նա ծառայել է ավստրիական բանակում: Այնուհետեւ մեկնել է Լայպցիգ եւ աշխատել Քուրթ Վոլֆ հրատարակչության մեջ որպես խմբագիր: Այդ թվականներին նրա ղեկավարությամբ էլ հրատարակվել են ժամանակի expressionist նորարար գրողների աշխատությունները:

1915-1917 թվականներին նա ավստրիական բանակի շարքերում մասնակցում է առաջին համաշխարհային պատերազմի մարտերին: Պատերազմից հետո էլ մնում է Վիեննայում եւ աշխատում որպես ազատ գրող:

Չնայած գրել է նաեւ բանաստեղծություններ եւ դրամաներ, սակայն նրան հռչակ բերողը պատմվածքներն են եւ նորավեպերը (նովելները): Առաջին նովելըՙ «Ոչ թե մարդասպանն, այլ սպանվածն է մեղավորը» գրվել է 1920 թվականին: Այնուհետեւ լույս են տեսել այլ պատմվածքներ ու նորավեպեր:

Ֆրանց Վերֆելի ստեղծած գրականությունը հիմնված է խաղաղատենչության եւ եղբայրության սկզբունքների վրա:

Սակայն պետք է շեշտել, որ հայ ժողովրդի ջարդարարների թափած ջանքերը դժբախտաբար զուր չեն անցել եւ այդ պատճառով էլ «Մուսա լեռան քառասուն օրը» վեպը դեռ սպասում է իր հայտնագործությանը ( «Մուսա լեռան քառասուն օրը» գրքի էկրանավորումն արվել է դեռեւս 80-ական թվականներին - խմբ. ), ֆիլմի վերածմանը եւ ավելի մեծ ուշադրության արժանանալուն: Թուրքական պետական քարոզչական մարմինները ոչ մի ջանք չեն խնայել համաշխարհային հանրությունը հեռու պահելու այս գլուխգործոցի հետ ավելի շատ ծանոթանալուց: Եվ, իհարկե, արեւմտյան երկրների ռազմական դաշինքները Թուրքիայի հետ տվել են իրենց դառը պտուղները եւ ոչ միայն Ամերիկայի Միացյալ Նահանգներում, այլ Եվրոպայում, եւ նույնիսկ Գերմանիայում ու Ավստրիայում այս վեպը մնացել է թուրքական քաղաքականության ստվերի մեջ եւ չի ներկայացվել պատշաճորեն:

1932 թվականին, երբ մեծ գրողն ու հումանիստը ծանոթանում է Մուսա (Մովսես) լեռան հերոսամարտի պատմությանը, որոշում է գրել այդ մասին եւ երկար ուսումնասիրություններից ու ճամփորդություններից հետո (նաեւ Եգիպտոս, այնտեղ հաստատված մուսալեռցիների հետ մոտիկից հանդիպելու եւ զրուցելու համար) վերջապես 1934-ին լույս աշխարհ է գալիս մեր կարծիքով նրա «Երգ երգոցը», այն էՙ «Մուսա լեռան քառասուն օրը» վեպը, որն արժանանում է տարվա լավագույն վեպի միջազգային մրցանակին:

Ֆ. Վերֆելի գրչին են պատկանում բանաստեղծական մի շարք ժողովածուներ, պիեսներ եւ վեպեր:

Վերֆելը եթե չգրեր էլ «Մուսա լեռան քառասուն օրը» եւ իր բացառիկ ծառայությունը չմատուցեր հայ ժողովրդին, միայն եւ միայն իր գրական երկերի համար արժանի կլիներ հիշատակության եւ մեծարման: Բայց հայ ժողովրդի համար առավել եւս կարեւոր է նրա մեծարումն ու ծննդյան ու մահվան տարելիցների հիշատակությունը համազգային մակարդակով:

Իսկ այս տարի Մեծ եղեռնի 90-ամյակի առիթով հայ ժողովրդին մատուցած նրա մեծ ծառայության ամենափոքր հատուցումը կլինի Հայաստանում «Մուսա լեռան քառասուն օրը» վեպի հայերեն վերահրատարակությունըՙ սփյուռքահայության, ինչու չէ նաեւ հայաստանցիների ջանքերով, ինչպես նաեւ հնարավոր բոլոր լեզուներովՙ գրքի թարգմանությունը:

Վերջապես պետք է ցույց տալ, որ հայ ժողովուրդը երախտապարտ է եւ ուշադիր վերաբերմունք ունի իր բարեկամների նկատմամբՙ արժանի հարգանք ու խոնարհում մատուցելով նրանց:

Վերֆելը հանկարծամահ է եղել 1945 թվականի օգոստոսի 26-ինՙ ԱՄՆ-ի Բեւեռլի Հիլզում եւ թաղվել է հենց այդտեղ: Հետագայում աճյունը երախտագետ մի խումբ հայեր փոխադրել են Վիեննա եւ հանձնել հողին:

ԽԱՉԻԿ ԽԱՉԵՐ, Թեհրան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4