«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#165, 2005-09-15 | #166, 2005-09-16 | #167, 2005-09-17


ՇԵՔՍՊԻՐՅԱՆ ՎԱՎԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՐՈՆՈՒՄՆԵՐՈՒՄ

Կոդավորվա՞ծ է գրել Շեքսպիրը: Ի՞նքն է իր գրածների հեղինակը, թե՞...: Ո՞վ է դը Վերը

Անառարկելի է, որ յուրաքանչյուր գրող ունի իր ուրույն ոճը: Մեծ, հանճարեղ գրողներըՙ առավել եւս: Բայց գուցե հենց այդ հանճարեղության պատճառով էլ վերջիններս թիրախ են դառնում ամենատարբեր «հարձակումների»: Նրանց ստեղծագործությունների վավերականությունը հարցականի տակ է դրվում զանազան պատճառաբանություններով եւ ենթադրական եզրակացություններով:

Այս կարգի գրողների թվում ամենամեծ զոհը հավանաբար Շեքսպիրն է, որի ստեղծագործությունների վավերականության մասին (նրա գրչի՞ն են պատկանում գրածները, թե՞ ոչ) քննարկումները եղել են ու դեռ երկար ժամանակ կլինեն գրասերների ուշադրության կենտրոնում:

«Նյու Յորք թայմս» հեղինակավոր թերթի օգոստոսի 30-ի «Շեքսպիրյան կոդը եւ այլ երեւակայական գաղափարներ ավանդական ճամբարից» խորագրով ծավալուն հրապարակման մեջ նշվում է, որ մեկ ամիս առաջ Օքսֆորդ համալսարանի հրատարակչատան լույս ընծայած Վիլյամ Շեքսպիրի ամբողջական գործերում ընդգրկվել է «Սըր Թոմաս Մուր» վերնագրով մի պիես, որը վերցվել է ցարդ չհրատարակված էլիզաբեթյան շրջանի մի ձեռագրից: Պիեսի ընդգրկումը շեքսպիրյան մյուս ստեղծագործությունների շարքում պատճառաբանվել է նրանով, որ որոշ հատվածների (6-րդ տեսարանի մի մասը) ձեռագիրը համընկնում է Շեքսպիրի իսկական համարվող ձեռագրին: Հոդվածում այնուհետեւ առաջ է քաշվել Շեքսպիրի օգտագործած աղբյուրների հարցը: Նա պետք է որ շատ կարդացած լիներ, իսկ գրքերը բավական թանկ էին այդ ժամանակ: Եվ իր կտակում, որտեղ նա բծախնդրորեն նկարագրել է, թե ով պետք է ստանա զանազան մատանիներն ու թրերը, ոչ մի տող չկա գրքերի մասին: «Ֆաբեր էնդ ֆաբեր» հրատարակչատան այս տարի լույս ընծայած «1599: Մեկ տարի Վիլյամ Շեքսպիրի կյանքից» խորագրով գրքում հեղինակըՙ անգլերեն լեզվի պրոֆեսոր Ջեյմս Շապիրոն, այն տեսակետն է հայտնել, որ հնարավոր չէր, որ Շեքսպիրը գնած կամ պարտքով վերցրած լիներ իր կարդացած բոլոր գրքերը, որոնք ծառայել են իր պիեսները գրելուն: Նա եզրակացնում է, որ «Լոնդոնյան գրախանութները նրա համար անհրաժեշտ աշխատանքային վայրեր պետք է եղած լինեին եւ Շեքսպիրը պետք է որ երկար ժամեր անցկացրած լիներ դրանցումՙ գնալով մի գրախանութից մյուսը (քանի որ ի տարբերություն ներկա ժամանակների, այդ ժամանակ յուրաքանչյուր գրախանութ ուներ միայն որոշակի տեսակի գրքեր) եւ գրի առնելով կամ դերասանի իր պայծառ մտքում մտապահելով իրեն անհրաժեշտ գաղափարները»:

Իսկ անցյալ տարի «Վ. Վ. Նորտոն» հրատարակչատան լույս ընծայած Հարվարդ համալսարանի հումանիտար առարկաների պրոֆեսոր Սթիվն Գրինբլատի «Վիլը աշխարհում: Ինչպե՞ս Շեքսպիրը դարձավ Շեքսպիր» գրքում, հեղինակը քննարկում է Շեքսպիրի պրպտող-գիտնական դառնալու հարցը: Ավանդաբար փոխանցվել է այն տեսակետը, որ նա ուսուցիչ է եղել: Բայց ոչ մի տեղ հիշատակում չկա այն մասին, թե ինչ էր անում նա 1580-81 տարեշրջանում: Փոխարենը կա հիշատակում ոմն Վիլյամ Շեյքշաֆթի մասին, որը դասավանդել է Լենկշիրում գործող կաթոլիկական դպրոցում: Ապացույցներ կան, որ Շեքսպիրի ընտանիքը կաթոլիկ է եղել: Կարո՞ղ էր Շեյքշաֆթը դառնալ Շեքսպիր: Ընդունելով հանդերձ սկեպտիկների այն պնդումը, որ այդ ժամանակ Շեյքշաֆթ ազգանունը կրողների թիվը բավական մեծ է եղել, հեղինակը, այնուամենայնիվ, կարողանում է, ըստ հոդվածագրի, գրքում իր թեզը առաջ տանել եւ կապ հաստատել «Լորդ Սթրեյնջի մարդկանց» հետ, որոնք գործել են նախքան Շեքսպիրի թատերական խումբը: «Վիլի այնտեղ հայտնվելը պետք է համընկնի Քեմպիոնի թատերախումբ մուտք գործելուն», գրում է Գրինբլատըՙ ակնարկելով բողոքական իշխանությունների կամայականություններին 1581 թվին զոհ դարձած Էդմոնդ Քեմպիոնին, որին 1970-ին Հռոմի Պողոս VI պապը սրբերի շարքին դասեց: Սա էլ բացատրում է, թե ինչու Շեքսպիրն այդքան գաղտնապահ է եղել: Քեմպիոնի նման ուսուցիչ ունենալով եւ լոնդոնյան կամրջի երկայնքով ցցերի վրա զոհված կաթոլիկներին տեսնելովՙ նա պետք է, որ զգույշ լիներ: Դրանով է բացատրվում նաեւ իր ձեռագրով նամակների չգոյությունը: «Լոնդոն մտնելիս, նա պետք է որ կարեւորություն տված լիներ այդ նախազգուշացումներին», գրում է Գրինբլատը: Շեքսպիրի կաթոլիկ լինելու հանգամանքը երկար ժամանակ (մոտ մեկուկես դար) լուրջ չէր ընդունվում եւ նույնիսկ ծիծաղի առարկա էր դառնում, բայց ներկայիս այդ վարկածը պաշտպանողների թիվը օրեցօր ավելանում է: Որոշ ուսումնասիրողներ նույնիսկ իր գործերում կոդավորված բառեր են փորձում գտնել: Այսպես, «Ստվերային պիես: Վիլյամ Շեքսպիրի թաքնված հավատամքն ու կոդավորված քաղաքականությունը» գրքում (2005 թ.) Քլեր Ասքուիթն օրինակներով հաստատում է, որ հանճարը իր պիեսներում եւ ոտանավորներում կոդավորված կաթոլիկական քարոզարշավ է տարել: Ամեն անգամ, որ օգտագործել է «high» եւ «fair» («բարձր, «բաց գույն» կամ «արդար») բառերը, ի նկատի է ունեցել կաթոլիկներին, իսկ «low» եւ «dark» («ցածր, «մութ» կամ «խավար») բառերովՙ բողոքականներին: «Tempest»-ը («Փոթորիկը») ակնարկություն է բողոքական ռեֆորմացիայի, որին կաթոլիկները սարսափով էին հետեւում: Խորհրդածելու տեղիք տվող այս բոլոր գրքերը, որոնցում հեղինակները պնդում են, որ Շեքսպիրն իրոք Շեքսպիրն է եղել, ընդհանուր առմամբ լավ են ընդունվել հասարակության կողմից: Բայց կան նաեւ անկախ գիտնականներ, գրողներ, դերասաններ եւ մտավորականներ, որոնք պնդում են, որ Շեքսպիրի գործերը գրել է մեկ ուրիշ անձնավորություն: Այսպես մտածողների թիվը նույնպես օրեցօր ավելանում է: Նրանք իրենց կազմակերպությունները, հրատարակչությունները եւ կայքէջերն են հիմնում, համագումարներ անցկացնումՙ ամրապնդելու համար իրենց դիրքերը:

«Գոթամ բուքս» հրատարակչատան 2005 թվին թողարկած «Շեքսպիրն ուրիշ անունով: Օքսֆորդի դուքս Էդուարդ դը Վերի կյանքըՙ մարդը որ Շեքսպիրն էր» խորագրով գրքում հեղինակ Մարկ Անդերսոնը հազարավոր փաստարկներով (հիմնավորված եւ չհիմնավորված) փորձում է ապացուցել, որ դը Վերը հետագայում դարձել է Շեքսպիր: Դը Վերի երեք դուստրերից ամենափոքրըՙ Սյուզանը, որին Անդերսոնը Կորդելիայի նախատիպն է համարում, ամուսնացել է Մոնտգոմերիի դուքս Ֆիլիպ Հերբերտի հետ այն բանից հետո, երբ նրա ավագ քրոջՙ Բրիջետի ամուսնությունը Փեմբրոքի դուքս Ուիլյամ Հերբերտի հետ ձախողվել է: Անդերսոնը հիշեցնում է, որ շեքսպիրյան պիեսների սկզբնաղբյուր համարվող «առաջին ֆոլիոն» կազմողների կողմից ձոնվել է հենց այդ երկու դուքսերին: Նա գտնում է, որ «Սըր Թոմաս Մուր» պիեսը ամբողջովին պատկանում է դը Վերի գրչին, սակայն ձեռագիրը գրված է նրա քարտուղար, գրող Էնթոնի Մանդեյի կողմից: Պիեսի հերոսի բանտարկության տեսարանները, Անդերսոնի կարծիքով, դը Վերի փորձառության արդյունքն են, քանի որ որոշ ժամանակ նա լոնդոնյան Թաուերում բանտարկված է եղել եւ այնտեղ էլ հավանաբար գրել է այդ պիեսը:

Շեքսպիրի ստեղծագործությունների վավերականության դեմ մարտնչողները նաեւ նշում են, որ ոչ մի հիշատակություն չկա այն մասին, որ նա իր ապրուստն է վաստակել գրելով: Շեքսպիրի հետնորդներից ոչ մեկը չի նշել նրա գրական ձեռքբերումների մասին, նրա գործերից շատերը տպագրվել են մահից յոթ տարի հետո միայն եւ այն էլ ուրիշների կողմից եւ գրքերի հասույթները վճարվել են ոչ Շեքսպիրի ժառանգներին:

Ըստ «Նյու Յորք թայմս»-ի հոդվածի հեղինակ, դրամատուրգ, երաժշտագետ եւ թերթի մշակույթի բաժնի խմբագիր Վիլյամ Նիդերքորնի, երկուՙ թեր ու դեմ կողմերի վիճարկումները հիմնված են գլխավորապես ենթադրությունների վրա եւ, հավանաբար, այդպես էլ շարունակվեն դեռ երկար ժամանակ: Ավանդապահների համար «Շեքսպիրը Շեքսպիր չէ իրականում» կարգախոսը սրբապղծություն է: Մյուսների համար հեղինակություն ձեռք բերելու միջոց, գուցե: Համենայն դեպս, առաջարկվող թեզերը հետաքրքրական են եւ ուսանելի: Այդ պատճառով էլ երեւի Նիդերքորն առաջարկում է հեղինակի վավերականության հարցը ընդգրկել շեքսպիրյան կրթական ծրագրերում: Դա երեւի բացահայտումների նոր դռներ կբացի եւ կխթանի ձեւակերպելու ուսանողների ինքնուրույն մտածողությունը:

Պատրաստեցՙ ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4