«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#165, 2005-09-15 | #166, 2005-09-16 | #167, 2005-09-17


ԱՐԴԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԽԵՑԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ԽՈՐՀՐԴԱՊԱՏԿԵՐԱՅԻՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐՈՎ

Ընդհանուր ակնարկ հայկական խեցեգործության պատմությանը

Մարդկության հնագույն արհեստներից խեցեգործությունը այսօր էլ շարունակում է պահպանել հետաքրքրությունը, հատկապես իբրեւ դեկորատիվ արվեստի ուշագրավ երեւույթ: Վաղ շրջանի խեցեգործական իրերը կիրառական նշանակություն ունեին, ավելի ուշ նրանք դարձան նշանների, զարդանախշերի, հիերոգլիֆների պատկերման միջոց: Հին Չինաստանում խեցեգործությունը հասավ արվեստի մակարդակի, հազարամյակներ առաջ այստեղ արդեն բարձրորակ, սպիտակ կավից պատրաստված սպասքը լայն ճանաչում ուներ: Այս արհեստը տարածված է եղել Մերձավոր Արեւելքի երկրներում, իսկ Բաբելոնում, Եգիպտոսում, Իրանում պատրաստում էին ջնարակված եւ հախճապատ սալիկներ: Ըստ հնագիտական պեղումների, Հայաստանի տարածքում հայտնաբերված ամենահին խեցեգործական իրերը վերագրվում են Ք. Ա. VII հազարամյակին, իսկ շատ ավելի ուշ (IV-IX դդ) Դվինի եւ Զվարթնոցի պեղումներից հայտնաբերված հնագիտական խեցեգործական նմուշներն աչքի են ընկնում բարձրարվեստ հատկանիշներով: Անին եւ Դվինը դառնում են խեցեգործական կենտրոններՙ իրենց արհեստանոցներով: Հայ խեցեգործ վարպետները միջնադարում պատրաստում էին նաեւ զարդապատկերներով դրվագված սալիկներ: Արեւմտյան Հայաստանի տարածքում, մասնավորապես Քյոթահիայում եւ Իզնիկում, որտեղ կային բրուտագործական թաղամասեր, խեցեգործական արհեստը կատարելագործման էր հասել: Հայ արհեստավորական ընտանիքների հմուտ վարպետների ջնարակված սալիկները էմիրների ու սուլթանների պատվերներով, զարդարում էին նրանց տաճարների գմբեթները, պալատների ինտերիերը եւ հաճախՙ արաբական, թուրքական զարդապատկերների եւ քրիստոնեական խորհրդապատկերների համադրումային լուծումներով:

Մերձավոր Արեւելքի երկրներում սալիկապատման մշակույթի լայն տարածումը պայմանավորված էր աշխարհագրական տարածքի կլիմայական պայմաններով. շատ տաք եղանակներին կառույցների ներսում օդը զով պահելու անհրաժեշտությունն էր թելադրում այս արվեստի նկատմամբ արաբական աշխարհի հետաքրքրությունն ու հակվածությունը: Իզնիկի, Քյոթահիայի հայ վարպետները շատ հաճախ են հրավիրվել այստեղ եւ կատարված աշխատանքների վրա մեր վարպետների ինքնության արձանագրությունները դրանց հայկականության վկայություններն են:

Իհարկե, հայ վարպետների աշխատանքները ենթարկվել են արաբական, թուրքական ազդեցությունների, եւ այդ մշակույթը կրել է օտար մտածողության կնիք, որովհետեւ պատվիրատուն օտար է եղել: Այնուամենայնիվ, զարդապատկերների, կենդանակերպերի վրա հստակ արտահայտված նշանների հայկականությունը առկա է:

Հայ վարպետները հաճախ հրավիրվել են աշխատելու նաեւ Եվրոպա, եւ այս արվեստի նկատմամբ գնալով աճում է հետաքրքրությունը եվրոպական երկրներում:

Հայկական խեցեգործության մասին ներկայացնենք Դետրոյթի «Ալեք Մանուկյան» թանգարանի հիմնադիր, ներկայումս Մայր աթոռ Ս. Էջմիածնի թանգարանների պատասխանատու Փառեն եպս. Ավետիքյանի մի քանի դիտարկումները: «Ծանոթ եմ Դվինի եւ Անիի խեցեգործական նմուշներուն: Կխորհիմ, որ Իզնիկի եւ Քյոթահիայի մեր խեցեգործական արվեստի արմատները կերկարին մինչեւ Ծայրագույն Արեւելք. մենք մեր հայկական կերպարներեն ոստում կատարեցինք եւ այդ արվեստը բերինք Իզնիկ եւ Քյոթահիա, ուր պայմանները նպաստավոր էինՙ կավի որակը եւ այլ հանգամանքներ: Սակայն Օսմանյան կայսրության մեջ մեզահատուկ մեծ շուկա չունեինք, բացի իսլամական մզկիթներեն ու պալատներեն, եւ մեր վարպետները բարձրագույն մակարդակով զարդարեցին զանոնք: Խեցեգործության արվեստի ամենեն փառավոր օրինակով հայտնի է Չինաստանը: Կխորհիմ, որ Չինաստանեն հետո, առանց չափազանցության, Իզնիկը 2-րդ տեղը կգրավե արվեստի կատարելության տեսակետեն: Իզնիկի գործերն աչքի կզարնեն իրենց մաքրությամբ: Երբ իրը թեթեւ է, բարակ, ողորկ եւ սահուն, զայն 2-րդ, 3-րդ անգամ թրծելով, ջնարակելով եթե կարենաս գեղեցիկ, անջնջելի պատկերներ ստանալ, արդեն հաջողություն է: Եվ այդ շրջանին չինական արվեստի արտահայտություններն են, որ կիրարկվեցան Իզնիկի եւ Քյոթահիայի մեջ:

Խեցեգործության արվեստի նմուշներ ունինք Երուսաղեմի Սբ. Հակոբյանց վանքին, Աթենքի, Լիզբոնի Գյուլբենկյան թանգարաններուն մեջ: Արձանագրություններն են, որ կրնան հաստատել, որ այդ գործերը հայկական են, սակայն հաճախ այդպիսի հատուկ տվյալներ կպակսին մեզի, սակայն, մյուս կողմե, թուրքերն ալ չեն կրնար ապացուցել, որ ատոնք հայկական չեն: Թուրքերը զանոնք կյուրացնեն, քանի որ իրենց երկրին մեջ արտադրված են: Այս պարագային մենք պարզապես պիտի հայտարարենքՙ ինչ որ Թուրքիո մեջ է արտադրված, անպայման թուրքական չէ:

Աշխարհի ամենեն հայտնի Սոթբիզի, Քրիստիզի սրահներուն մեջ աճուրդ չի կայանար առանց Իզնիկի եւ Քյոթահիայի նմուշներու, որոնք, սակայն, կներկայացվին իբրեւ islam art: Հույն հեղինակ մը 70-ականներուն 2 հատորով գիրք գրեց Իզնիկի եւ Քյոթահիայի խեցեգործության մասին: Իբրեւ հույն, հայկական կողմը բռնած է, մինչդեռ անգլիացի հեղինակներեն մեկը զանոնք թուրքական կհամարե: Արվեստը կծառայեցնեն քաղաքականության, եւ կամ ունին այն պարզամիտ մոտեցումը, որ եթե տվյալ երկրին մեջ ստեղծված է, ուրեմն այդ երկրին ազգային արժեքն է: Լուրջ հեղինակները նույնիսկ Թուրքիո մեջ չեն ուրանար Իզնիկի եւ Քյոթահիայի գործերուն հայկական ծագումը»:

Միջնադարյան հայ վարպետների արհեստավորական դպրոցի ավանդներն այսօր էլ շարունակվում են ինչպես Պոլսում, նաեւ Երուսաղեմումՙ Պալյան-Քարաքաշյան ընտանիքների կողմից: Երուսաղեմի Պալյան ընտանիքի արտադրանքը հայկական դպրոցի 300-ամյա ավանդների յուրացման եւ խեցեգործության տեխնոլոգիայի նուրբ գաղտնիքներին տիրապետելու շնորհիվ այսօր միջազգային շուկայում դասվում է աշխարհի խեցեգործական հայտնի ֆիրմաների կողքին:

Հայկական քաղաքակրթական կորսված մի շերտի վերականգնման փորձեր

Չնայած իր պատմական հարուստ անցյալին, այսօր Հայաստանում խեցեգործական արվեստի վերոնշյալ տեսակը լայն տարածում չունի: Ժամանակին Հայաստանի մի շարք բնակավայրերում, հատկապես Գյումրիում, զարգացած է եղել բրուտագործությունըՙ հմուտ վարպետների գործերի արտադրանքով: Սակայն 40-ականներին Երեւանում ստեղծված հախճապակու գործարանի մասսայական արտադրության պատճառով սկսեցին հալածել տոհմիկ բրուտագործներին, շատերին նույնիսկ ձերբակալեցին. այս մասին կան շատ վկայություններ: Խորհրդային տարիներին խեցեգործությունը դրսեւորվել է շատ ավելի դեկորատիվ արտահայտություններով, որին բնորոշ են եղել մոնումենտալ ճարտարապետական ձեւերըՙ հիմնականում առանց հայ միջնադարյան խեցեգործությանը բնորոշ տարրերի:

Այսօր Երեւանում նկարիչների, դիզայներների եւ վարպետների մի խումբ հայկական խեցեգործական արվեստը շարունակելու եւ հարստացնելու, կորսված հայկական մշակութային մի շերտ վերականգնելու փորձեր է անում: Երիտասարդ արվեստագետների խումբը ղեկավարում եւ ներկայացնում է գեղակադեմիայի շրջանավարտ, դիզայներ Նարինե Ավետիսյանը: Խմբի ստեղծագործական նախաձեռնությունը, գաղափարական, գեղագիտական արտահայտությունները տաղանդավոր գեղանկարիչ Գեւորգ Եղիազարյանին են, որը բարձրաճաշակ, հարուստ ներաշխարհով արվեստագետ է եւ երկար տարիներ արդեն զբաղվում է հայկական միջնադարյան խեցեգործական արվեստի տարբեր շերտերի ուսումնասիրությամբ.

- Մեր ազգային մշակույթն է մեզ համախմբում այստեղ եւ որպես անհատ չէ , որ ներկայանում ենք. ազգային գենոֆոնդն է ստեղծագործում մեր մեջ: Սա նշանակում է, որ մեր ենթագիտակցական շերտերում այդ պահանջարկը կա: Երբ դուրս ես գալիս անձնականից, մտածողության եզրերը լայնանում են, եւ այդ տարածքում մասնավոր, նեղ հարցերը շատ ավելի հեշտ են լուծվում: Անձնականից վեր կանգնելով է, որ մարդը կհաստատվի իբրեւ անհատ: Մարդը չի կարող չունենալ տեսակ: Ազգայինը բառ չէ օդի մեջ. դա քո տեսակի փաստումն է գոյության մեջ, լինելիության մեջ:

Ստեղծագործական խումբը ձգտում է հայկական ավանդական խեցեգործությանը գեղարվեստական նոր որակ հաղորդելՙ ազգային հոգեբանության, պատմության, ավանդությունների որոշակի երանգներով.

- Մարդու շփումը հողի հետ, պարզ բան չէ, մարդը դրա անհրաժեշտությունը ունի, եւ պատահական չէ, որ առաջին նյութը, որով աշխատել է, կավն է եղել, որ հետո դարձել է խեցեգործական արվեստի հումք, շարունակում է Գեւորգը:

Խեցեգործության անցյալի եւ ներկայի կապն իրականացվում է գեղարվեստական մակարդակներումՙ սալիկների վրա: Խումբը հայկական խեցեգործությունըՙ հեղինակավոր ցուցահանդեսներինՙ իր աշխատանքների մասնակցությամբ, միջազգայնացնելու ազնիվ մղումներ ունի եւ արդեն սկսված աշխատանքները հուսադրում են, որ աշխարհի խեցեգործական արվեստի տարածքում հայկականը կդառնա նույնքան հայտնի, որքան մյուսները: Այս նոր արվեստն իր առանձնահատկություններով շատ է տարբերվում Մերձավոր Արեւելքի երկրներում տարածված նույնի դրսեւորումներից: Արվեստի հայկական այս նոր արտահայտությունըՙ խեցեգործության նուրբ տեխնոլոգիայի գաղտնիքներով ստեղծվող, գեղանկարչական արժեք է ձեռք բերումՙ պատկերային եւ նշանային համակարգերով. դրանք ակնահաճո, արտաքին զարդարվեստային տարրերով հանդերձ, իմաստային ենթատեքստ են կրումՙ որոշակի հոգեբանական ներազդեցություններով: Ընդհանրացված գաղափարները նախագծային աշխատանքներում ուրվագծվել են սիմվոլների մի ողջ համապատկերով: Դրանք ժամանակին կիրառված եւ մոռացության մատնված մեր ազգային մտածողական տարբեր շերտերից են գալիս: Անցյալի ու ներկայի միջեւ կապը միջնորդավորվում է հայ միջնադարի ձեռագիր մատյանների ու մանրանկարչության միջոցով: Նոր ստեղծված այս սիմվոլիկայի հիմքը թվային փակ համակարգերի, նշանային պատկերների, հայերեն լեզվի, բոլորագիր հայերեն գրերի գաղտնալեզուն է, որ հանգեցրել է որոշակի ընդհանրացումների.

- Գաղափարը նյութականացվում է, գծի, պատկերի տեսքով դառնում է սիմվոլ, եւ իր հիմքում գիտական-ճանաչողական խնդիրներ ունի: Օրինակ, սվաստիկան, որ հավերժության նշանի մեկնաբանությունն է, այսուայնկողմյան աշխարհները միջնորդավորող կապի սիմվոլն է: Ճշմարիտ սիմվոլիկան հավերժության հետ կազմակերպված համակարգ է, որն իր ետեւում ունի հստակ գաղափարներ եւ ընդգրկում է որոշակի գիտելիքներ, կենսական էներգիա: Կան տիեզերաճանաչողական, հեթանոսական, քրիստոնեական սիմվոլներ, տարբերՙ երկրաչափական եւ այլ պատկերների ձեւով: Ամեն ժողովուրդ փորձել է ըստ իր ազգային կոդի, իր ներքին ենթագիտակցության, հոգեւոր նախասիրությունների դրանք ճանաչել: Այսօր մենք ստեղծում ենք նոր սիմվոլներ, զարդապատկերներ, որոնց առանձնահատկությունները բխում են մեր սովորույթների, հոգեբանության, անգամ լեզվական հատկանիշներից: Այս սիմվոլները ճանաչողական նշանակությունից բացի ընկալվել են նաեւ իրենց բնորոշ պաշտպանողական հատկություններով: Ժամանակին դրանք ստեղծվել են քարերի վրաՙ դառնալով խաչքարեր, գորգերի, կերամիկայի վրա, քանդակվել են տան պատերին: Տիեզերական օրենսդրությամբ կառուցված այս նշաններով մարդը պահպանել է իր ենթագիտակցական շերտերը, սիմվոլը օգնել է իրենՙ կարգավորելու ներքին հոգեբանական վիճակները: Այս նշանակությունն ունեցող խորհրդապատկերները ժամանակի ընթացքում վերածվել են ազգային մշակույթիՙ տարբեր ժողովուրդների մեջ տարբեր դրսեւորումներ ստանալով: Մենք վերադառնում ենք մեր այդ շրջանին, եւ կարող ենք ասել, որ մեր ստեղծածը հայկական զարդապատկերների նոր տեսակ էՙ գեղանկարչության տարրերի համադրումով, եւ մեկ ուրիշը չի կարող ասելՙ իմն է: Մենք այստեղ, այս հողի վրա ենք ստեղծում դաՙ մեր մանրանկարչության, ձեռագիր մատյանների, անցյալի մշակույթի հիման վրա:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4