«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#165, 2005-09-15 | #166, 2005-09-16 | #167, 2005-09-17


ՄԻ ԲՈՑԱՎԱՌԵՔ ՀՈԳԵՎԱՐՔԻ ԽԱՐՈՒՅԿԸ

Պրահայում հայ նկարիչների շատ հետաքրքրական ու շնորհալի մի բույլ է ապրում: Նորանկախ Հայաստանից արտագաղթել են Խորհրդային Միության փլուզումից, Արցախյան պատերազմից հետո, երբ նորանկախ երկրի տոնելի մակընթացության մեջ անլուրջ զբաղմունք համարվեց մշակույթը: Պրահան փարատեց ցրտի ու անպետքության տագնապները, տանիք ու ապահովություն շնորհեց եւ փռելով տարփալից հմայքներըՙ հեշտ կյանքի պատրանք խոստացավ:

Ընդամենը: Աշխարհի հեգ ճամփեքին մի ոտնաչափ հանգրվան գտնելը դեռ կայուն կյանքի նշան չէ: Որքան էլ փրկության դուռ նկատվի Եվրոպան կամ հեռվի բախտ, երկինքն այստեղ ոսկի անձրեւներ չի բերում բնավ: Եվրոպայի դուռը վեհանձնորեն բաց, բայց սիրտը փակ է օտարի առաջ: Որքան էլ ճակատագրի անդարձ ուղիները հմայեն ու հեքիաթ խոստանան, միեւնույն է, Եվրոպան երջանիկ դրախտ է միայն բնիկների համար:

Նկարիչներին, սակայն, հացի խնդիրը չէ միայն, որ բերել է Պրահա: Այլՙ մշակութային անկումից փրկվելու, իրենց կոչումին ծառայելու սրբազան առաքելությունը: Արժեքների ներդաշնակության մեջ գնահատվելու, ինքնաբացահայտման կենսատու միջավայր գտնելու փնտրտուքը: Եվ ինչու չէ, անգաղափար աղքատությունը մերժելու միանգամայն վայել մղումը: Պրահա գաղթած հայ նկարիչները բացառիկ տաղանդավոր մարդիկ ենՙ յուրաքանչյուրը տարբեր ու առանձին, բազմաշերտ ու բազմաշխարհ, կարող մտքով ու ձեռքի շնորհքով օժտված: Նույն սերնդի մարդիկ են, Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտի շրջանավարտներ, մասամբՙ համակուրսեցիներ: Շատերն աշակերտել են նույն ուսուցչին: Սկզբում իրենք են եկել, հետո բերել են ընտանիքները: Ցուցադրվում են, վաճառվում, Հայաստանի իրենց կարոտ հարազատներին են օգնում, ինչն ամեն գաղթականի չգրված քաշելիքն է, հոգու պարտքՙ եկեղեցի գնալու պես հարատեւ, հաղորդության պես ընդունելի: Պրահան հայ նկարիչներին համոզեց, որ հոգու, ստեղծարար մտքի ու սիրո այն ահռելի պաշարը, որի վրա թքել են մեր երկրում, բնավ էլ մշակութային ավելցուկ չէ: Նրբամիտ Եվրոպան իր ցավն ու իդեալները նորոգելու հավիտենական ընթացքին անճակատագիր պանդխտության քաոս նետած այդ մարգարիտներով է հունցում առաջադիմության շաղախը, որով եւ կերտում է ապագայի քաղաքակրթության իր տաճարները:

Հայ նկարիչների լիքը, ազնիվ, պինդ ու ջահել եռանդն այդ պարարտ հողում ծիլ տվեց: Անկշռելի ու անտես, հունձքը բերքի հասունացավ ու հիմա, տասը տարվա հեռվից Եվրոպան լուռ համբերությամբ իրենով է անում մեր երկրի դառը դատած ներդրումը: Փոխարե՞նը: Փոխարենը Պրահա գաղթած հայ նկարիչների արվեստանոցներն ու ցուցասրահ-վաճառատներն այժմ հին քաղաքի ամենաթանկ հատվածներում ենՙ Չեխիա ձգվող միլիոնավոր զբոսաշրջիկների ոտքի տակ: Նրանց կտավները Եվրոպայի լավագույն պատկերասրահներում ու անհատ հավաքողների սեփականությունն են: Պրահայից ամեն մեկն իր պատուհանն է բացել դեպի արեւմուտքՙ Բելգիա, Գերմանիա, Ֆրանսիա, Իտալիա: Անհատական ցուցահանդեսներ, համատեղ ձեռնարկներ, բազմաթիվ մեդալներ ու դիպլոմներ:

«Ես սա անվանում եմ չեխական սինդրոմ: Այսպիսի ազատություն ուրիշ որեւէ երկրում նկարչին տրված չէ: Երբ ասում եմ, որ Պրահայում մենք սեփական պատկերասրահ ունենք, Երեւանում շատերը չեն հավատում»,-ասում է Գոռ Ավետիսյանը:

Իսկապես, աշխարհում անդուռ փակուղի չկա: 90-ականների մութուհամր Երեւանից, մեռած քաղաքի լռության միջով, մի օր սահեցին, գնացին խորհող ու պայքարող ուղեղները: Երկրի նորընծա տերերըՙ բովանդակ մտավորականներ, թքել էին այդ սիրո վրա ու հայոց պետականության պալատներում, միմյանց չարամահ անելովՙ նավթ, գինի, ցեմենտ էին բաժանում: Երկրից երկրի ոգին էր վտարվում, մինչդեռ երկրի մտավորական իշխանությունը, տոհմական տիրոջ դադրած խոհեմությամբ, փարիզներում հայտարարեցՙ երկիրը կարող է կերակրել այնքան մարդ, որքան կարող է: Երկրի մնացյալ բնիկներին գոյադուլ էր հայտարարված: Երկրի սեփականաշնորհումից նրանց բաժինը գաղթականի ցուպն էր ու անդառնալի ուղեւորությունը: Չէ, նոր տերերը Ալեքսանդր Մյասնիկյան վսեմագույն մտավորականը չէին, որն աչքերում երկինք, պատերազմներով ու գաղթականներով լեցուն, բզկտված ու օտարախոս, անտերունչ այս արոտավայրը, իր կարճ կյանքի ընդամենը չորս տարում, դարձրեց համայն հայության հոգեւոր Հայրենիք: Որ նամակներով, հորդորներով, իր անբասիր վարքով, հոր ու զավակի ազնիվ մտահոգությամբ, աշխարհասփյուռ ողջ հայ մտավորականությանը տուն բերեց ու ՏԵ՜Ր կարգեց իր պապենական հողին: Կարդացեք այդ նամակները, եթե հայերեն կարդալ գոնե արդեն սովորել եք: Ու ոչ թե դղյակ, նույնիսկ մի թիզ գերեզմանի տեղ էլ չունեցավ իրենով վերածնված, իր կապույտ հույսերի երազամանուկ Հայաստանում: Մինչդեռՙ «...արտագաղթը փրկեց Հայաստանը, ապահովեց ներքին անվտանգությունը...», աբսուրդի պես հնչեց նորերի բերանով: Միգուցե: Արոտավայրն ավելի հեշտ է կառավարել, քան Հայրենիքը: Մինչեւ քաշվեցին, գնացին մեր սերմնացանները: Հեռացանՙ երկրի վաղվա հունձքը տանելով իրենց հետ: Գերադասեցին հեռու եւ անկախ լինել, քան մնալ ու ոռնալ հուսահատ շան պես: Մինչեւ նոր տերերն իրենք էլ գաղթական դարձան: Սեփական Հայրենիքում ու Հայրենիքից դուրս: Աղմկող այդ անունների փառքը գերեզման իջավ մեր հոգու մեջ, եկան նորերը: Բայց ամբարտավան հիացմունքի, երազով հուսացած փառքը լիասպառ վատնելու, մեր պատմական, ավանդական, զուտ հայկական ինքնասպան որոմը շարունակեց ծլարձակել, բոյ քաշել ու փարթամորեն ծառակալում է մահվան ցավով հիվանդ, կորուսյալ մեր երկրի պղտոր գիտակցության մեջ:

Դրանք անցյալ են: Հիմա մտածենք, թե ինչ ունենք մեր երկրին տալու:

Տասը տարի առաջ Պրահա գաղթած հայ նկարիչ Գոռ Ավետիսյանն է: Հուսավա-7, Պրահայի պերճաշուք կենտրոնումՙ վենետիկյան հեքիաթ հիշեցնող նեղլիկ փողոցի այս հասցեում է նրա պատկերասրահը: Բաց դռնից ուղղակի դուրս է հորդում շռայլ գույների կայտառ հորձանքն ու քեզ մագնիսի պես ձգում ներս: Ձյունաճերմակ պատերին խոշոր կտավներ ենՙ կրքոտ ու բոսոր բռնկումներով: Ես արվեստաբան չեմ ու Գոռ Ավետիսյանի մտածողության ներքին այրումն ու գունային դրաման վերլուծելու խնդիր չունեմ: Ես պարզ մի այցելու եմ, ինչպես, ահա, այս ֆրանսուհին, եւ արվեստաբանի խելացի խոսքն անզարդ է թվում կտավներից հոսող բանաստեղծական հրճվանքի առաջ: Ավելի ուշ կլինեմ Գոռի ընդարձակ արվեստանոցում, երբ նա Գինտի ամենամյա անհատական ցուցահանդեսի կտավներն էր ընտրում, կհյուրընկալվեմ նրա հարկի տակ ու կհամոզվեմ, որ նկարչին թռիչքի թեւեր պարգեւող հոգու անդորրն ընտանեկան խաղաղությունից է ծնվում: Կխոսենք Երեւանից, մեր ընդհանուր ընկերներից, Գոռը ցույց կտա Պրահայից ոչ հեռու կառուցվող իր առանձնատան նախագիծն ու տխուր կավելացնի. «Մեր գերդաստանում բոլորը նկարիչներ են ու բոլորս էլ դրսում ենք: Միայն փոքր հորեղբայրս է մնացել Երեւանում, բոլորիս բանալիները նրա մոտ են: Անցյալ տարի գնացի, հերթով անցա բոլորիս տներով: Ի՜նչ արվեստանոց էի սարքել: Կարբիի մեր այգին մութ տարիներին փրկեց մեզ սովից: Հիմա խեղճացել է, ավերվել... Չէ, օտարությունն ապագա չէ, տեսնեմՙ երեխեքս ինչ են անում, ես վերադառնալու եմ»:

Գնում եմ Հավելակՙ մեր նկարիչ տղերքին տեսնելու: Չենք պայմանավորվել, բայց օրը շաբաթ է, նկարները շուկա բերած կլինեն: Այսպես, առանց պայմանավորվելու, ժամանակին գնում էի «Առագաստ» իմ ջահելության խելառ պոետներին տեսնելու: Ու չէի սխալվում: «Առագաստը» մեր սերնդի մտավորականության համար ոգու ճեմարան էր, որի ըմբոստ ու պայծառ շունչը տեղափոխվեց Ազատության հրապարակ, դարձավ գաղափար ու ետ բերեց Արցախը:

Պրահայում ինձ համար «Առագաստ» չկա, Հավելակն է, ուր գալիս են նկարիչ տղերքը, իրենց նկարները վաճառելու: Հավելակը, սակայն, երեւանյան վերնիսաժը չէ, որտեղից կոպեկներով դուրս են տանում մեր երկրի մշակութային հարստությունը:Հավելակում չարչի արհեստավորի, միրգ ու բանջարեղենի կողքին նկարիչներ են ծնվում ու հաստատվում: Հավելակից են Պրահա գաղթած հայ նկարիչները պտտվել աշխարհեաշխարհ, բացել պատկերասրահներ Եվրոպայի կենտրոնում: Մի պտույտ տանք, ուրեմն, այդ պատկերասրահներով. բոլորն էլ հին քաղաքի սրտում են, իրար բավական մոտ, ոտքի ճանապարհ է: Հետո կմտնենք Հավելակ:

Հուսովա-12: Գոռ Ավետիսյանի պատկերասրահի դիմաց Արթուր անունով հայ տղայի պատկերասրահն է, ուր տարբեր նկարիչների կողքին վաճառվում են նաեւ Պրահա գաղթած հայ նկարիչներ Սարգիս Զաքարյանի, Հրայր Ղարիբյանի նկարները: Հրայրի ընդարձակ ու լուսավոր արվեստանոցում շատ եմ եղել: Նրբագույն արվեստագետ է, մի նկարի վրա ամիսներով է աշխատում: Ցուցադրվում է Դուբլինում, Մյունխենում ու Պրահայում: Ամուսնացած է չեխ դերասանուհի Կատկայի հետ, ունի աղջիկՙ Ամալյա Գլորեա անունով:

Բեթլենսկա-5: Հին քաղաքի շքեղ հրապարակի այս հասցեում էլ գյումրեցի նկարիչ Էդվարդ Եդիգարյանի պատկերասրահն էՙ ամառային սրճարանների կողքին, անհամար զբոսաշրջիկների ոտքի տակ, ուր գիշեր-ցերեկ եռում է կյանքը: «Նոր ենք բացել, պիտի որ լավ լինի, ամուսնու ոսկեղենիկ աշխատանքները ցույց տալով, ասում է նկարչի կինըՙ Անահիտը, հազիվ պրծանք էդ շուկաներից»:

Մալա Ստուպարսկա-7: Հին քաղաքի արեւելյան մուտքն ազդարարող հաղթակամարից ոչ հեռու Պրահա գաղթած հայ նկարիչ Գագիկ Մանուկյանի ընդարձակ պատկերասրահն էՙ անսովոր բարձր առաստաղով, պատերին մեր արեւոտ ու տաք գույներն ենՙ մեր կարոտի անուշ բույրերով: Տղան է այստեղ աշխատումՙ Էդմոնդը, եռագույնը մեջքին տպած: Էդմոնդը Հայաստանում ավարտել է բանակային ծառայությունն ու եկել Պրահա, օգնում է հորը: Երեւանում մնացել են մայրն ու եղբայրը, աշնանը նրանք էլ կփակեն իրենց տան դուռը, կգան Պրահա, ու ընտանիքը կմիավորվի: 1994-1998 թթ. Չեխիայում հայտնի "Gallery Miro"-ն չորս անհատական ցուցահանդես է կազմակերպել Գագիկ Մանուկյանի աշխատանքներովՙ Եվրոպայի տարբեր քաղաքներում: Ցուցահանդեսներ Ամերիկայում, Արգենտինայում, Վիեննայում, Փարիզում, Մոսկվայում եւ այլուր: Բազմաթիվ մրցանակներ: Ամբողջը թվարկել հնարավոր չէ ու դրա կարիքը չկա էլ: Նկարիչն արդեն գնահատված է: Այս պատկերասրահը Եվրոպայի սրտում դրա վկայությունն է:

Մարտինսկա-5: Պրահա գաղթած հայ նկարիչ Գագիկ Տոնյանի պատկերասրահն է: Մանուկյան Գագիկի մոտից Տոնյան Գագիկի մոտ գնալու համար պետք է կտրել, անցնել ողջ Ստարոմեստսկանՙ հին քաղաքի չքնաղ հրապարակը: Հենց այդ հրապարակում էլ տասը տարի առաջ հանդիպել եմ Գագիկ Տոնյանինՙ զբոսաշրջիկների աշխույժ հոսքի մեջ պորտրետներ էր նկարում: Մենակ չէր, երկու ընկերով էին: Երկուսն էլՙ Թերլեմեզյանի շրջանավարտներ: Գագիկ Տոնյանի ողջ ընտանիքը այստեղ է: Փակել են Երեւանի իրենց բնակարանի դուռն ու տեղափոխվել:

Պատկերասրահում աշխատում է քույրըՙ ջութակի դասատու Սիրանույշը, մի պայծառ աղջիկ, որն իր կենսախինդ հոգու աշխույժով է լցնում նաեւ Պրահայի կիրակնօրյա հայկական դպրոցի իր փոքրիկ սաների ուսումնական առօրյան:

Հավելակի նշանավոր շուկան նույն Ստարոմեստսկայում էՙ հին քաղաքի սրտում, ուր գոթական հանճարի բեղուն միտքը սահման չունի: Օրը շաբաթ է, տուրիստների մեծ հոսքն այստեղով է անցնում ու նույնիսկ պատկերասրահ ունեցող նկարիչներն են բերում իրենց նկարներն այստեղ վաճառելու: Քայլենք դեպի Հավելակ, հիանանք այս նրբակերտ քաղաքի քիվ ու քանդակով, զգաստ դեմքերով այս արձաններով, որ դարերով պահպանվել ու հասել են քաղաքի այսօրվա տերերին: Ջրհեղեղի օրերին ազգովին, մեր ու մանուկ դրսում էին:

Գիշերը ցերեկ դարձրին ու փրկեցին քաղաքը ջրակործան աղետից: Ոչ ոք չփորձեց հերոսանալ. ժողովուրդը չէր ների: Նախագահը հայրաբար շնորհակալություն հայտնեցՙ առանց անուններ տալու, եւ արեւմուտքի փողերը հոսեց երկիր: Չեխերն իրենց մշակութային փառքը հին մատյաններում կամ բահ ու քլունգ առած, հողե բլուրներին չեն որոնում: Նրանց ունեցվածքն աչքի առաջ է. իրենց խոհեմ ու քանքարապաշտ առաջնորդների, ավստրոհունգարիայի հզոր իշխանների թողած քաղաք-թանգարաններն են երկրի տարածքով մեկ: Գեղեցկության, մշակույթի հանդեպ պաշտամունքի հասնող սերը անթիվ, անհամար մշակութային օջախներն են, որոնք նախ կառուցողական արվեստի գլուխգործոցներ են: Եվ դրանցից գեթ մեկն ունենալու դեպքում, մեր սնապարծ հոգին, վստահ եմ, չէր դիմանա: Մինչեւ Հավելակ, այս մի քանի քայլի վրա ապրող ու ստեղծագործող քանի նկարչի պատկերասրահ կաՙ կողք կողքի, դուռ դռան, տարբեր ազգերի պատկանող, մեկը մեկից շնորհքով, մեկը մեկից վաճառվող: Չեխերը չեն օգնում, չեն էլ խանգարում նրանց: Ու դա էլ մեծ օգնություն է:

Հետաքրքրական է, ապրող ու ստեղծագործող քանի՞ նկարչի պատկերասրահ կա Երեւանում, որ պատկանի գործող, ապրող նկարչի եւ ոչ թե որեւէ գործարարի կամ սփյուռքից բարերարի: Չգիտեմ: Գուցե կա, բայց Երեւանի փողոցներով քայլելիսՙ մի բան շատ պարզ է երեւում. մենք լա՜վ հաց տվող ժողովուրդ ենք: Ու մեր փորապաշտ անցյալի խորշակյալ փառքերը հին մատյաններում կամ հողե բլուրներին մի փնտրեք: Դրանք մեր աչքի առաջ ենՙ ողջ երկրի իրական տարածքով: Մեր փորապաշտ անցյալի խորշակյալ փառքը անվաստակ հացին, արդեն, ցավոք, սովորած մեր ժողովրդի թշվառության մեջ է, հաց ու անցյալ չունեցած մեր անժողովուրդ արքաների շվայտ ցոփության, երկրի հիմքերը խարխլող ու գորշ խխունջի կյանքով ապրող քանքարազուրկ մտավորականների հաճոյակատար տեսլականի մեջ: Այլեւս քանի՞ սերունդ, ի՞նչ խոհ ու գաղափար, ո՞ր անձնազոհ ոգին է ի զորու փակել մեր անասնական ախորժակն ու փրկել քաղաքը քաղցկեղի պես խժռող սուփրա¬սեղանի վայրագ շրջափակումից: Լսե՞լ եք օպերան խեղդամահ անող սրճարան-ռեստորանից հնչող դհոլ¬նաղարայի դեղին շախն ու չե՞ք փոխել ձեր ազգանունը: Կեցցե՛ք: Բայց հավատա, իմ քաղաք: Մի օր դուրս կգա ջրհորից դոֆինը նաիրական, իբրեւ աստղային մի ջահ ու կլուսավորի քո մշտահոլով ընթացքի Ոգեղեն ճանապարհը: Այդպես եղել է: Այլ ճանապարհ դու չունես: Մենք էլ քեզ հետ:

Պրահայում կազմակերպված հայկական համայնք չկա: Տարիներ առաջ այդ փորձը ձախողվեց ու կառույցը չկայացավ: Մնաց միայն կիրակնօրյա դպրոցը, որ շարունակում է գործել բացառապես ուսուցչական կազմի անանձնական նվիրումի շնորհիվ: Ու չկան դիպուկ բառեր, քան անկեղծ խոնարհումը նրանց վաստակի առաջ: Այս տարվա Եղեռնի 90-ամյակի ոգեկոչության արարողությունը, որ միավորել էր Չեխիայի ողջ հայությանը, կազմակերպվեց ու անցկացվեց Պրահա գաղթած հայ նկարիչ Տիգրան Աբրահամյանի ջանքերով: Տիգրանը չեխական մշակութային շրջանակներում էլ բարձր համարում ունեցող արվեստագետ է: Ու չէր խանգարի, որ մեր երկիրը այսպիսի մտավորականի վստահեր համայնք առաջնորդելու չարքաշ ու բնավ ոչ երբեք նյութական շահ ակնկալող գործը:

Չեմ սխալվել: Մեր նկարիչները Հավելակում են: Հովիկ Մուրադյանն ու Սարգիս Զաքարյանն են այստեղ: Երեխաներին տարել են հայկական դպրոց, նկարները բերել շուկա: Հովիկը նոր է վերադարձել Բելգիայում բացված իր անհատական ցուցահանդեսից: Մշտական գնորդներ ունիՙ հավաքածուների տերեր Անգլիայից ու Ամերիկայից: Մի քանի տարի առաջ Տիգրան Սուքիասյանի ու Արմեն Կարապետյանի հետ պատկերասրահ բացեցին: Հիմա ամեն մեկը մտադիր է առանձնանալ: Արմենի մոտ չեմ եղել, բայց նրա, Մուրազի ու Հարութի հրաշալի աշխատանքները տեսել եմ «Ազատություն» ռադիոկայանի ընդարձակ սրահումՙ ռադիոյի հիմնադրման 50-ամյակին նվիրված ցուցահանդեսում: Երեքն էլ տունուտեղով, ապահով, իրենց ջինջ ու մաքրամաքուր արվեստի պարզությամբ Պրահայի հզոր առօրյայի մի մասնիկն են դարձել:

Հավելակը շարունակվում է Ֆանտաններով: Բառը չի թարգմանվում, ինչպես մեզ մոտՙ Կազիրյոկը: Այստեղ են հիմնականում հավաքվում նկարիչները: Այստեղ էլ հանդիպում եմ Պրահա գաղթած հայ նկարիչ Տիգրան Սուքիասյանի կնոջըՙ Սեդային: Ամուսնու նկարներն է բերել շուկա: Տիգրանի գործերի մասին Սեդան ավելի շատ գիտի, քան Տիգրանն ինքը: Առհասարակ Պրահա գաղթած հայ նկարիչների կանայք ինքնամոռաց նվիրյալներ ենՙ իրենց ամուսիններին օգնում են նկարելիս, ցուցադրվելիս, վաճառքի, պատկերասրահներ պահելու հարցում: Տիգրանն ու Սեդան տունուտեղ, ամեն ինչ ունեն: Անցյալ տարի կրտսեր աղջկան են կորցրել ու Չեխիայի հողը սրբացել է նրանց համար: Համբուրգի վերականգնողական կենտրոնի տնօրենությունը, որպես հոգեկան թերապիայի միջոց, իր հիվանդների մի մասին, երաժշտության հետ զուգահեռ, առաջարկել է Տիգրան Սուքիասյանի նկարները: Այդ կենտրոնն է 1992թ. բացել նկարչի անհատական առաջին ցուցահանդեսը Բեռլինում, այս տարի աշնանը հաջորդ ցուցահանդեսը կբացվի Համբուրգում:

Հունիսյան կապույտ, ճախրուն շաբաթ օր է: Ֆանտանների մոտ արդեն հավաքվել են տասը տարի առաջ Հայաստանից Պրահա գաղթած մեր նկարիչները: Բոլորն են այստեղ. մի մասը բերել է նկարներ վաճառելու, մի մասն էլՙ հենց էնպես, իրար տեսնելու, երկու բառ փոխանակելու: Ահա Մուրազ Մարտիրոսյանըՙ նկարիչների շրջանում առանձնակի հարգանք վայելող մի արվեստագետ. անցյալ տարի արու զավակ ունեցավ: Գոռ Ավետիսյանըՙ անխախտ կենտրոնի իր կայուն պարտականությամբ: Կողքին Հարություն Հովհաննիսյանըՙ միշտ խաղաղ ու սրտաբաց ժպիտով: Մարիամ ու Հրայր Ղարիբյանները. Մարիամը նկարելուց բացի հայկական ասեղնագործության հազվագյուտ տեսակներին է տիրապետում:

Նայում եմ նրանց քրոջական լռիկ ափսոսանքով. հետին մի ցավ, մարած մի հուշ, սանձել է օրերիս նահանջը, դեմ առել կոկորդիս, սեղմում է: Ինչու ենք մենք այսքան անփույթ մեր տաղանդավոր զավակների հանդեպ: Ստեղծարար գերության դատապարտված, տաղանդավոր այս մարդիկ, ավաղ, այսպես մանրակրկիտ ու սիրով պիտի ապրեին մեր երկրում, առաջ պիտի մղեին մեր երկրի ընթացքն ու կասեցնեին ավանդակորույս փորձությունների հողմին հանձնված մեր փոքրիկ Հայրենիքի այսօրվա հոգեվարքը: Քանի՜ քանի՜սն են այսպես դեգերում, բախտ փնտրում դրսերում, ոչ ոք չգիտի: Հայրենիքում էլ ստույգ չգիտեն: Տասը տարի է անցել: Հայրենիքը երբեւէ չի մտահոգվել իր անտունիների ճակատագրով: Պրահա այցելող մեր պետական պաշտոնյաները հանդիպում են մութ գործարքներով ապրող հայ հեղինակություններին: Չեխիա գաղթած հայ նկարիչներն անտեսված են. եվրոպահայերի ամենամյա աղմուկներին չեն հրավիրվում, համաշխարհային հայերի ֆորումի շրջանակներին չեն սազում, հայաստանյան մշակութային տարփողված միջոցառումներից դուրս են: Մինչդեռ նրանք հոգու հազար թելերով դեռ կապված են հայրենի հողին. նրանց զավակները եվրոպաներում կրթված ու մեծացած, մեր երկրի վաղվա հունձքն են, չվտանգենք մեր ցեղային ապագան: Տե՛ր կանգնենք մեր նշխարներին, փրկե՛նք մեր բերրի հունդերն օտար դաշտերից, լինե՛նք սերմնահավաքը մեր արժեքների: Ուշքի գանք: Այս մարդիկ այստեղ արդեն գերեզմաններ ունեն, տուն են կառուցում, սրանք էլ մի օր կհոգնեն ու Հայրենիքին պիտանի լինելու ցանկությունը կմարի:

Տարածությունն ու ժամանակը բուժում են վերքը. դա գոնե ես լավ գիտեմ: Ետ բերենք մեր զավակներին, քանի դեռ ուշ չէ, վերադարձնենք սեփական երկրում արժանապատիվ ու ապահով ապրելու նրանց բնիկ ու բնական իրավունքը: Ղարաբաղը ետ բերեց Ոգին, Գաղափարը, այլ ոչ երբեք թնդանոթը: Ոգին, Գաղափարն է երկիր-պետության գոյության, առաջընթացի ու անանջատ միասնականության անբեկանելի շարժիչը: Չկա հոգեւոր Հայրենիքՙ չկա Հայաստան ու Արցախ: Հնչեցնենք, ուրեմն, զանգերն ահազանգի զանգով ու տաղանդների զորակոչ հայտարարենք դեպի Հայրենիքՙ քանի դեռ ուշ չէ: Ինչպես արեց Ալեքսանդր Մյասնիկյանը ժամանակին: Չմարենք հույսի վերջին կանթեղը մեր հոգու մեջ ու չբոցավառենք մեր հոգեվարքի խարույկը: n

ՇՈՒՇԱՆ ՂԱԶԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4