«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#165, 2005-09-15 | #166, 2005-09-16 | #167, 2005-09-17


ՀԻՆԳ ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐ ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ԹՎՈՒՄ ԵՆ

Սերբիայի Հերցեգ Նովի քաղաքում ընթացող պատանիների եւ աղջիկների Եվրոպայի շախմատի առաջնության 2-րդ տուրը բավական հաջող էր հայ շախմատիստների համար: Հայաստանը ներկայացնող 23 շախմատիստներից 16-ը հաղթանակներ տոնեցին: Առանձնապես հաջող են մեկնարկել Կարեն Գրիգորյանը, Ռաֆայել Գաբրիելյանը (երկուսն էլՙ մինչեւ 10 տ.), Սամվել Տեր-Սահակյանը (մինչեւ 12 տ.), Ռոբերտ Հովհաննիսյանը (մինչեւ 14 տ.) եւ Զավեն Անդրեասյանը (մինչեւ 16 տ.), որոնք 2-րդ հաղթանակները տոնելով, առաջատարների թվում են:

Մինչեւ 10 տարեկան շախմատիստների մրցաշարում Ռաֆայել Գաբրիելյանը հաղթեց Սրբիսին, իսկ Կարեն Գրիգորյանը պարտության մատնեց Յուկսելին: Նրանք 10 շախմատիստի հետ 2-ական միավորով գլխավորում են մրցաշարի աղյուսակը: Մեր մյուս երկու մասնակիցներըՙ Հովհաննես Գաբուզյանն ունի 1,5, Արա Դիլոյանըՙ 1 միավոր: Ընդ որում, Արան մրցաշարում առաջին հաղթանակը տոնեց:

Մինչեւ 12 տարեկանների մրցաշարում հանդես եկող 4 հայ շախմատիստներից միայն Սամվել Տեր-Սահակյանին հաջողվեց 2-րդ անընդմեջ հաղթանակը տոնել: Նա սեւերով պարտության մատնեց Գալոպոուլոսին: Սամվելը 13 շախմատիստի հետ 2 միավորով առաջատարների թվում է: Ռոբերտ Աղասարյանը ոչ-ոքի խաղալով Պոպիլսկու հետ, վաստակեց 1,5 միավոր: 1-ական միավոր ունեն Հայկ Թամազյանն ու Հայկ Վարդանյանը, որոնք հաջող մեկնարկից հետո պարտություններ կրեցին:

2-րդ հաղթանակը տարավ Ռոբերտ Հովհաննիսյանը, որը 2-ական միավոր ունեցող 15 շախմատիստների թվում է: Առաջին հաղթանակը տոնեց մինչեւ 14 տարեկանների մրցաշարի մեր մյուս մասնակից Դավիթ Գեւորգյանը: Մինչեւ 16 տարեկանների մրցաշարին մասնակցող Զավեն Անդրեասյանն էլ հաղթելով Ֆիգուրային, այն 10 շախմատիստների թվում է, որոնք առայժմ միավոր չեն կորցրել:

Մինչեւ 18 տարեկանների մրցաշարում մեր չորս շախմատիստներից լավագույն արդյունք ունեն Արման Փաշիկյանն ու Վարդան Մովսիսյանը, որոնք վաստակել են 1,5-ական միավոր: Այստեղ առաջատարի դերը ստանձնել են 8 շախմատիստներ: Տիգրան Մամիկոնյանն ու Յուրի Համբարձումյանն ունեն 1-ական միավոր:

Հայ շախմատիստուհիներից առայժմ բոլորից հաջողը Լուսինե Թորոսյանի (մինչեւ 12 տ.) եւ Անի Դարբինյանի (մինչեւ 18 տ.) ելույթն է, որոնք 2 հնարավորից 1,5-ական միավոր են վաստակել: Լուսինեն սեւերով ոչ-ոքի խաղաց Հոնշի հետ, իսկ Դարբինյանը միավորը կիսեց Ռուդոլֆի հետ մրցախաղում: 2-րդ տուրում մեր շախմատիստուհիները բավական հաջող խաղացին: Պարտություն կրեց միայն Նունե Դարբինյանը (մինչեւ 16 տ.), որն ունի 1 միավոր: Հաղթանակներ տոնեցին Աստղիկ Խալիկյանը, Սուսաննա Գաբոյանը (մինչեւ 10 տ.), Դիանա Մնացականյանը, Լուսինե Կարապետյանը (մինչեւ 14 տ.) եւ Աննա Հայրապետյանը (մինչեւ 16 տ.): Հետաքրքրական է, որ նրանք բոլորն էլ մեկնարկային տուրում պարտվել էին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4