«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#165, 2005-09-15 | #166, 2005-09-16 | #167, 2005-09-17


«ԼԵՌՆԱԳՈՐԾԸ» ՊԱՀՊԱՆԵՑ ՏԵՂԸ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՄԲՈՒՄ

«Լեռնագործն» ու «Շիրակը» բարձրագույն խմբի առաջնության մասնակիցներից առաջինն ավարտեցին մրցավեճը: Նրանք պետք է որոշեին 7-8-րդ տեղերը զբաղեցրած թիմերին: Ինչպես հայտնի է, Գյումրիում այդ թիմերի հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի (1-1): Աշտարակում, որտեղ դաշտի տեր էր համարվում «Լեռնագործը», հաջողությունն ուղեկցեց վերջինիս:

Խաղի 15-րդ րոպեին Բասդեն Ուզուհեռի 11 մ հարվածով խփած գոլը վճռեց հանդիպման ելքը հօգուտ «Լեռնագործի»: Այսպիսով, «Լեռնագործը» 2 միավորով գերազանցեց «Շիրակին» եւ, զբաղեցնելով 7-րդ հորիզոնականը, պահպանեց տեղը բարձրագույն խմբում: Իսկ ահա «Շիրակին» հարկ կլինի հաջորդ տարի եւս ուժեղագույնների խմբում հանդես գալու համար անցումային խաղում հաղթել առաջին խմբում 2-րդը ճանաչված ակումբին:

Իհարկե, ցավալի է «Շիրակին» տեսնել նման անմխիթար վիճակում: Արդեն մի քանի տարի թիմը հայտնվել է ֆինանսական ծանր կացության մեջ: Երբեմնի լավ ավանդույթներ ունեցող գյումրեցիներին այսօր օգնության ձեռք մեկնողներ չկան: Անցյալ տարի թիմը չափազանց անհաջող հանդես եկավ առաջնությունումՙ գրավելով վերջին տեղը: Ըստ մրցակարգի, շիրակցիները պետք է հրաժեշտ տային բարձրագույն խմբին, սակայն ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմը հաշվի առնելով «Շիրակի» մեծ ավանդը հայկական ֆուտբոլում, բացառության կարգով թույլատրել էր գյումրեցիներին այս տարի էլ մասնակցել ուժեղագույնների մրցավեճին: Բնական է, որ այս տարի դժվար թե կրկին «Շիրակի» նկատմամբ ներողամտություն դրսեւորվի: Ամեն դեպքում ցավալի կլինի, որ «Շիրակը» զրկվի բարձրագույն խմբում հանդես գալու իրավունքից:

Իսկ 1-6-րդ տեղերի համար պայքարող թիմերն այս կիրակի հերթական հանդիպումները կանցկացնեն: «Հանրապետական» մարզադաշտում կմրցեն «Փյունիկն» ու «Բանանցը»: Ոսկեհատում «Միկան» կհյուրընկալի «Դինամո-Զենիթին», իսկ «Հրազդանում» «Կիլիկիայի» հյուրը կլինի «Էսթեղլալ-Կոտայքը»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4