Պարտատերերի ժողովն իրավասու չէր, բայց իր դիրքորոշումն արտահայտեց
Գյումրու ուղեւորատար ավտոտրանսպորտային ՓԲԸ-նՙ ավտոբուսային ձեռնարկությունը, արդեն 2,5 ամիս ոչ միայն չի գործում, այլեւ նրա հետագա ճակատագիրը մնում է անորոշ: Պատճառն այն է, որ տեղական ինքնակառավարման մարմինըՙ քաղաքապետարանը այս տարվա հունիսի 30-ին օրինական կարգով կայացած աճուրդով, 40 մլն դրամով գնել է մեկ տարի առաջ պարտքերի պատճառով սնանկ ճանաչված ընկերությունը եւ...փոշմանել: Ավելի ճիշտՙ վճարումները սկսելու փոխարեն գործարքից բավական ժամանակ հետո, անցած ամսին, պահանջել է հրավիրել ընկերության պարտատերերի (որոնցից մեկն ինքն է) ժողով եւ քննարկել իր առարկությունները վաճառքի գնի վերաբերյալՙ ՓԲԸ-ի գնման համար առաջարկելով ավելի փոքր գումարՙ 24 մլն դրամ: Թե դա պարտատերերի ժողովի ինչ վճռելու բանն էՙ այլ հարց է, այնուամենայնիվ ժողովը օգոստոսի 26-ին հրավիրվել էր եւ ի վերջո ընդհատվել ամենամեծ պարտատիրոջՙ հարկային պետական ծառայության ներկայացուցչի խնդրանքով, հարցի ուսումնասիրման համար:
Այս հինգշաբթի ՀՀ տնտեսական դատարանի Գյումրու նստավայրի դահլիճում նույն անսովոր օրակարգով շարունակված ժողովում հարկային ծառայության ներկայացուցիչը նշեց, որ կա 2005 թ. հուլիսի 6-ին կնքված եւ նույն ամսի 20-ին նոտարի կողմից վավերացված առուվաճառքի պայմանագիրը, որով օբյեկտի վաճառքի գինը ավելի քան 40 մլն դրամ է: Համաձայն սակարկությունների մասին օրենքի, պարտատերերի ժողովն ընդհանրապես իրավասու չէ քննարկելու աճուրդում ձեւավորված գինը: Իսկ եթե հարցը դրվում է քվեարկության, ծառայությունն իր դիրքորոշումը կարտահայտի քվեարկությամբ: Քաղաքապետարանի ներկայացուցչի ելույթից հետո, որը փորձագետների եզրակացությունը վկայակոչելով պնդեց, որ ձեռնարկության իրական արժեքը 24 մլն դրամ է եւ հորդորեց հարցը չթողնել նորից բավական ժամանակ պահանջող դատական քննարկման, օբյեկտի գնի փոփոխության վերաբերյալ առաջարկությունը դրվեց քվեարկության եւ 89 տոկոս դեմ ձայներով մերժվեց: Երեք քվեարկողներից կողմ քվեարկեց միայն քաղաքապետարանի ներկայացուցիչն իր 10,8 տոկոս ձայնով: Վերջինս նշեց, որ խնդրի լուծման համար իրենք նաեւ գրությամբ կդիմեն կառավարությանը:
Որ օրենքով աճուրդ-վաճառքը չեղյալ համարվել կամ դրա պայմանների հետ կապված վիճարկվող խնդիրը լուծվել կարող է միայն դատական կարգով, անշուշտ գիտեն նաեւ քաղաքապետարանում, նրա իրավաբանական բաժնում: Մինչ այստեղ փորձում էին դատարան մտնելուց առաջ գուցե ստանալ նաեւ պարտատերերի ժողովի պաշտոնական աջակցությունը, ժամանակն անցնում է, անորոշ պարապուրդի մատնված ձեռնարկության շուրջ հինգ տասնյակ աշխատողներն ու նրանց ընտանիքների անդամներըՙ անհանգիստ սպասում:
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ