«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#165, 2005-09-15 | #166, 2005-09-16 | #167, 2005-09-17


ՔԱՐԱՄՇԱԿՄԱՆ ՆՈՐ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ, ՃԱՆԱՊԱՐՀԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԴՊՐՈՑԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ

Պառավաքար-Վազաշեն-Այգեհովիտ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 21,2 կմ հատվածի հիմնանորոգումը սկսվել է այս տարի եւ արդեն 14 կմ-ն ավարտվել է: Այս մասին երեկ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Տավուշի մարզ կատարած այցելության ժամանակ տեղեկացրին ճանապարհաշինարարները, ավելացնելով, որ ճանապարհի մնացած մասի շինարարությունը նախատեսված է ավարտել մինչեւ դեկտեմբերի 15-ը: Սակայն համոզմունք հայտնեցին, որ դա տեղի կունենա ավելի շուտ: Ճանապարհը նորոգելու համար պետական բյուջեից հատկացվել է 872 մլն դրամ:

Լրագրողների հետ կարճատեւ հանդիպման ժամանակ Ռոբերտ Քոչարյանը կարեւորեց մարզում իրականացվող Ճանապարհաշինությունը, նշելով, որ մինչեւ Բերդ ճանապարհի կառուցումից հետո առաջիկա երկու-երեք տարվա ընթացքում կառուցվելու են Բերդ-Ճամբարակ, Ճամբարակ-Դիլիջան, Դիլիջան-Շորժա ճանապարհները: Նախագահը նշեց, որ նման ենթակառուցվածքներ Տավուշի մարզը չի ունեցել երբեւէ:

Երեւանից ժամանած պատվիրակության հաջորդ կանգառը Կայան-Ավան գյուղն էր, որտեղ շահագործման հանձնվեց նոր դպրոցի շենքը: Այն կառուցվել է Համաշխարհային բանկի սոցիալական ներդրումների հիմնադրամի միջոցներով: 58 մլն դրամ արժողությամբ նորակառույց դպրոցում կսովորեն 75 աշակերտներ, բայց նախատեսված է 100 աշակերտի համար:

Դպրոցաշինության մասին խոսելով, Ռոբերտ Քոչարյանը հայտնեց, որ եւս երկու տարի եւ այս մարզում այլեւս խնդրահարույց դպրոց չի լինի: Իսկ դպրոցաշինության համար ընդհանրապես եկող տարի բյուջեից նախատեսված է հատկացնել 9 մլրդ դրամ:

Սակայն նախագահի Տավուշի մարզ կատարած այցելության մեխը, կարելի է ասել, Իջեւանի «Քարարտ» քարի վերամշակման գործարանն էր, որը հիմնադրվել է երկու տարի առաջ: Հիմնադիրը մոսկվաբնակ մեր հայրենակից Արթուր Բաղրյանն է: Ինչպես հայտնեց ընկերության հիմնադիրը, ձեռնարկությունում մշակվում են ֆելզիտ եւ տրավերտին քարատեսակները եւ նոր քարատեսակ, որն իրենք անվանել են «Բլյու Սեւան»: Արտադրանքի արտահանման հիմնական ուղղությունը Ռուսաստանն է, իսկ ավելի կոնկրետՙ նրա մայրաքաղաք Մոսկվան: Սակայն արտահանման շուկաներ են դիտարկվում նաեւ Եվրոպան եւ ԱՄՆ-ն: Ընդ որում, Արթուր Բաղրյանը արտահանման հիմնական խոչընդոտը համարեց ոչ թե ճանապարհների բացակայությունը, այլ կադրերի եւ նրանց պատրաստման դպրոցի բացակայությունը:

Արթուր Բաղրյանից նաեւ տեղեկացանք, որ գործարանում մշտական աշխատանք ունեն մոտ 60 մարդ, իսկ անհրաժեշտության դեպքում այդ թիվը կարող է հասնել մինչեւ 100-ի: Միջին աշխատավարձի չափ նա դժվարացավ նշել, ասելով, որ աշակերտները ստանում են մոտ 200 դոլարի չափ աշխատավարձ: Իսկ ամենաբարձր աշխատավարձը հասնում է մինչեւ 1000 դոլարի: Գործարանում, ինչպես տեղեկացանք Տավուշի մարզի լրատվության կապերի բաժնից, ներդրվել է 5 մլն դոլար:

Ելույթ ունենալով գործարանի մասնաշենքի մոտՙ Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ Տավուշի մարզ կատարած իր այցելությունների ժամանակ հիմնականում քննարկվում էին խոշոր պետական ծրագրերի կատարման ընթացքը: «Քարարտը» առաջին խոշոր մասնավոր ներդրումն էր, ինչը, ըստ երկրի նախագահի, նշանակում է, որ երբ պետությունը ստեղծում է ենթակառուցվածքները, դրան անպայման հետեւում են մասնավորի հետաքրքրությունը եւ ներդրումները: Ռոբերտ Քոչարյանը հատկապես կարեւորեց այս ընկերության արտահանման ուղղվածությունը եւ նշեց այս ընկերության կողմից նոր հանքերի շահագործման հեռանկարների առկայությունը:

Նախագահի այցելության վերջին հանգրվանը Դիլիջան քաղաքն էր: Այստեղ բացվեց քաղաքի կենտրոնական հրապարակը: Այդ կապակցությամբ քաղաքապետարանը կազմակերպել էր համերգային ծրագիր:

Դիլիջանի վերաբերյալ կարճատեւ մամուլի ասուլիսի ժամանակ Ռոբերտ Քոչարյանն այն համոզմունքը հայտնեց, որ քաղաքը պետք է վերականգնի առողջարանային քաղաքի իր անունը: Ճանապարհների կառուցումից հետո Դիլիջանի նկատմամբ հետաքրքրություն է առաջացելՙ սկսել են աճել անշարժ գույքի գները, առաջին ներդրումներն են կատարվում առողջարանային ոլորտում: «Առաջիկայում Դիլիջանը պետք է դառնա Ծաղկաձորի կարգի քաղաք», ընդգծեց նախագահը:

Մարզի կարեւոր խնդիրների թվում Ռոբերտ Քոչարյանը հիշատակեց վերամշակող ձեռնարկությունների ստեղծումը: Նա նշեց, որ պետությունը կաջակցի, որպեսզի այստեղ մասնավորապես ստեղծվեն կաթի ընդունման կետեր:

Բջջային կապի խնդրի վերջնական լուծումը մարզի բնակիչները կարող են ակնկալել, որ տեղի կունենա մինչեւ տարեվերջ: «Նոր ներդնողը խոստացել է այդ հարցը լուծել», եզրափակեց նախագահը:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, Տավուշի մարզ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4