Օսկանյանը եւ Մամեդյարովը ելույթ են ունեցել ՄԱԿ-ի ամբիոնից
Ադրբեջանի արտգործնախարարը ՄԱԿ-ի ԳԱ 60-րդ նստաշրջանի իր ելույթում ասել է, որ պետք է հնարավորություն ստեղծվի, որպեսզի «Ղարաբաղի հայերը հաղորդակցվեն Հայաստանի, իսկ Նախիջեւանի ադրբեջանցիներըՙ Ադրբեջանի հետ»: «Լաչինի միջանցքը պետք է վերածվի խաղաղության ճանապարհի, որը պետք է օգտագործվի երկու ուղղությամբ եւ նախնական փուլում վերահսկվի միջազգային խաղաղապահ ուժերի կողմից», ասել է Էլմար Մամեդյարովը: Բացի այդ, ըստ Մամեդյարովի, հայերը պետք է դուրս գան գրավյալ տարածքներիցՙ ձերբազատվելով «օկուպանտի պիտակից»: «Տեղահանվածները պետք է վերադառնան իրենց տները, Ղարաբաղում ստեղծվի տեղական ոստիկանությունՙ հայերի եւ ադրբեջանցիների անվտանգությունն ապահովելու համար:
Ղարաբաղի մասին իր ելույթում խոսել է նաեւ Հայաստանի արտգործնախարարը: «Ինքնորոշումը մարդու իրավունք է: ԼՂ ժողովուրդը պայքարել եւ նվաճել է դա: Նրանք դիմակայել են իրենց ընտրությունը չվայելող մի կառավարության քաղաքական եւ ռազմական ագրեսիան, որը փորձում էր բռնությամբ, կատաղաբար, կոպտորեն ճնշել: Իրենց իրավունքի համար պայքարել նրանց ընտրությունը չէր: Նրանց իրավունքները ոչ վերացական էին, ոչ էլ չափազանցված, ցանկանում էին այն, ինչը մեզանից շատերն ունեն, այն էՙ իրենց հողի վրա, իրենց տանը բռնությունից զերծ խաղաղ ապրելու իրավունք: Հակառակ ամենին, նրանց դա հաջողվեց: Նրանք դրսեւորել են կառավարելու, ժողովրդական հաստատություններ զարգացնելու եւ իրենց անկախությունը պահպանելու կարողությունը», ասել է Վարդան Օսկանյանը: